2019.07.14,

Ստուգված է

Շտապել մահացած հռչակել

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Հուլիսի 14-ի առավոտյան մի շարք լրատվականներ գրեցին, որ մահացել է դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը։ Լուրը կեղծ էր, և բոլորովին առաջինը չէր հայտնիների մահվան մասին հայկական մեդիայում հրապարակված ապատեղեկատվության շարքում։ 

Ռուդոլֆ Ղևոնդյանը դեռ պայքարում է կյանքի համար

Ղևոնդյանի մահվան մասին լուրը տարածեցին Aysor.am, Tert.am, Yerkir Media, Asekose.am և մի շարք այլ կայքեր։ Լուրը ուղեկցվում էր Ղևոնդյանի կենսագրական տվյալներով, իսկ Ֆեյսբուքում օգտատերերը ցավակցական գրառումներ էին անում։ 

Շուտով պարզ դարձավ, որ լուրը կեղծ է։ Այն հերքեցին Ղևոնդյանի ընտանիքի անդամները, ինչպես նաև Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անի Ներսիսյանը: 

Լրատվականները իրար ետևից սկսեցին հեռանցնել տեղեկությունը կամ հերքում հրապարակեցին, մեջբերելով Ղևոնդյանի որդու գրառումը․ «Իմ հայրը դեռ ողջ է։ Խնդրում եմ մի տարածեք սխալ ինֆորմացիա։ Նա ծանր հիվանդ է , կոմայի մեջ և դեռ պայքարում է կյանքի համար»։ 

Aravot.am-ն էլ իր հրապարակած լուրի սկզբնական «Մահացել է դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանը» վերնագիրը փոխեց ու դարձրեց «Դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանը կոմայի մեջ է»։

Հերքումը տարածվեց նաև ֆեյսբուքյան խմբերում ու էջերում։ Օրինակ՝ ԻՄ ՔԱՅԼԸ էջում (որը թեև օգտագործում է «Իմ քայլը» դաշինքի տարբերանշանը և անվանումը, չի հանդիսանում դրա ֆեյսբուքյան հարթակը)։ 

Մահվան մասին ապատեղեկատվություն առաջին անգամ չէ տարածվում

Հայկական մեդիան առաջին անգամ չէ մահվան չստուգված լուր հայտնում։ Օրինակ, 2013 թվականի հունիսին հայկական լրատվամիջոցները՝ հղում տալով The Guardian թերթին, հայտնեցին Նոբելյան մրցանակի դափնեկիր Նելսոն Մանդելայի մահվան մասին։ 

Ենթադրաբար, Tert.am-ը, Gala TV-ն, ILur.am-ը և այլ կայքեր շփոթել էին բրիտանական հեղինակավոր The Guardian լրատվականը The Guardian Express կայքի հետ։ Տեղեկության տարածման ժամանակ Մանդելան կենդանի էր։ Կեղծ լուրի պատճառով նրա դուստրը լրագրողներին անվանել էր «գիշակեր»։ 

Այս դեմքից ընդամենը մեկ ամիս անց՝ հուլիսի 30-ին, լրատվամիջոցները հայտնեցին հաղորդավար Մարկ Սաղաթելյանի մահվան մասին։ Սաղաթելյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց, բայց լուրի տարածման օրը կենդանի էր։ 

Այն ժամանակ «Նաիրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Սիրանուշ Մարտիրոսյանը ստիպված էր հորդորել մեդիային զերծ մնալ մահվան մասին ապատեղեկատվություն տարածելուց․ «Խնդրում եմ հաշվի առեք, որ այդ լուրերը կարդում են նաև Մարկի հարազատները: Մենք սիրով պատասխանում ենք բոլոր զանգերին, զանգեք ճշտեք, նոր տեղեկություն հրապարակեք»,- մեջբերում էր Yerkir.am-ը:

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *