2018.05.05,

Տեսակետ

«Շարժմանը հաջողություն բերեց նաև որակյալ ինֆորմացիան»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Հեռուստառեժիսոր և վավերագրող Արա Շիրինյանը Հայաստանում տեղի ունեցող թավշյա (կամ բաց ձեռքերի) հեղափոխության մասին ամփոփ կարծիք արտահայտելը վաղաժամ է համարում, քանի որ հիմա կարելի է խոսել միայն առաջին տպավորությունների մասին:

Նա համոզված է, որ հաջողության այս ֆենոմենը ամենայն լրջությամբ դեռ կուսումնասիրվի՝ այլ տեղերում կիրառելու նպատակով: Պարզապես ցանկալի է, որ հեղափոխության մասին տեղեկություն հավաքողը ֆիզիկապես ներկա գտնվի Հայաստանում:

«Նա, ով մեկնաբանում է հեղափոխությունը դրսից, որպես կանոն սխալ շեշտադրումներ է անում: Հայաստանում գտնվող օտարերկրացին՝ զգալով մթնոլորտը, ավելի լավ է մեկնաբանում կատարվածը, քան նույնիսկ հայաստանցին, որը վերջերս է հեռացել Հայաստանից»,- ասում է նա:

Ի՞նչ դեր ունեցան սոցիալական ցանցերը հեղափոխության հաջողության մեջ:

Կարծում եմ՝ սոցցանցերը մոբիլիզացվեցին ոչ մեկ օրում, դրանց մոբիլիզացիան վաղուց էր եղել: Ընդ որում՝ նաև մեր ավանդական հեռուստատեսության պատճառով, որը բացարձակապես չէր հասկանում, թե ինչ գործառույթներ ունի և ինչ պետք է անի արագ զարգացող իրադարձությունների ժամանակ:

Հայաստանի հասարակությունը (համենայնդեպս, ակտիվ հատվածը) հայտնվել էր սոցիալական ցանցերում 2009-10թթ, իսկ Ֆեյսբուքը դարձել էր թերևս հիմնական քաղաքացիական ամբիոնը, որտեղ մարդիկ տարածում էին ոչ այնքան սելֆիներ ու իրենց երեխաների նկարներ, որքան քաղաքացիական-հասարակական տեքստեր:  

Դա առաջին հանգամանքն էր:

Իսկ երկրորդը առաջնորդի հանրային ընկալումն էր, վստահությունը:

Եթե նկատել եք, Նիկոլ Փաշինյանը՝ քայլելով Հայաստանով ու անցկացնելով Երևանի առաջին հավաքները, գրեթե չէր ասում քաղաքական տեքստեր, որովհետև դրա կարիքը չուներ: Առաջին օրերին նա միայն կառավարում էր բողոքի գործողությունները։ Ինչու՞…

Կարծում եմ՝ դա կարևոր հարց է: Նիկոլ Փաշինյանը անհայտ մարդ չէր, արդեն վեց տարի խոսում էր հասարակության հետ, շատերը ծանոթ էին նրա քաղաքական ծրագրերին: Խոսում էր խորհրդարանում, և հասարակությունը ինտերնետով հետևում էր նրա ելույթներին առցանց մեդիայում և սոցցանցերում: Այսօր արդեն դա հսկայական լսարան է Հայաստանում…

Միայն ֆեյսբուքում, կարծեմ, գրանցված է մոտ 1 միլիոն մարդ, այսինքն ընտրողների կեսից ավելին: Իսկ իշխանությունները վերահսկում էին միայն հեռուստաալիքները, բայց ոչ ինտերնետը:

Այսինքն, դեր կատարեց այն փաստը, որ իշխանական հովանու տակ գործող մեդիան ուշանում է կամ պարզապես լռում:

Այո։ Մեծ դեր կատարեց որակյալ ինֆորմացիան: Ապատեղեկատվությունից զատ իշխանամետ մեդիան տարածում էր անորակ ինֆորմացիա: Ես համարում եմ սա նաև պրոֆեսիոնալների միջև պայքար, որտեղ ռեսուրսներով հարուստ հեռուստատեսությունը պարտվեց առցանց մեդիային: Որովհետև պրոֆեսիոնալիզմը չի կարող հիմնավորել սուտը:

Պարզվեց նաև, որ մենք Հայաստանում չունեինք մեդիագրագիտության մեծ խնդիր, քանի որ տարիներ շարունակ մեզ հասնող ինֆորմացիան համատարած կերպով իշխանամետ էր, և մարդիկ շատ լավ հասկանում էին, թե ինչ են իրենց ասում տարբեր հարթակներից: Առավելևս այն օրերին, երբ սկսվեց շարժումը:

Կոլեկտիվ հարթակներում, ինչպիսին օրինակ Ֆեյսբուքն է, կեղծիքն ու սուտը բացահայտվում էին մի քանի րոպեում: Շարքային օգտատերը, առանց թրեյնինգների սովորեց, օրինակ, փաստերի ստուգման (fact checking) հմտությունները:

Հետաքրքիր է, որ շատերը մտահոգված են, որ նոր տեխնոլոգիաները թույլ են տալիս պետությանը վերահսկել մեզ, գրանցել մեր տեղաշարժը, բանկային գործարքները,  ճանաչել մեր նախասիրություններն ու կապերը սոցցանցային տվյալներից:

Այդ պատճառով ոմանք, օրինակ, չեն գրանցվում Ֆեյսբուքում՝ չցանկանալով հանրայնացնել իրենց մասին տվայլները:

Իհարկե, պետությունը հնարավարություն է ստանում վերահսկել մեզ, բայց չմոռանանք, որ միևնույն ժամանակ կա նաև հակառակ պրոցեսը՝ հասարակությունն է վերահսկում պետությանը:

Ավելի ճիշտ կլինի ասել՝ բացահայտում է իշխանությունների իրական դեմքը:

Ինչպե՞ս է բացահայտում՝  արտահոսքո՞վ, ակամա ինքնախոստովանությա՞մբ:

Որոշ փաստեր ի հայտ են գալիս ավտոմատ գրանցման եղանակով, օրինակ, Հերմինե Նաղդալյանի հեռախոսահաշիվների փաստը: Կամ տեսախցիկների ամենաանսպասելի տեղերում հայտնվելու հանգամանքով: Երբեմն ինֆորմացիոն դիպվածներն ավելի մեծ դեր են կատարում, քան վերլուծական հոդվածները:

Օրինակ, երբ տեսնում ես, թե որոշ պատգամավորներ ինչպես են իրենց դրսևորում հարցազրույցի ժամանակ, կամ ինչպես են արձագանքում ուղիղ հարցին, քեզ այլևս որևէ վերլուծություն պետք չի, միանգամից հասկանում ես, թե ինչպես են այդ մարդիկ հայտնվել կուսակցության շարքերում ու իշխանական բուրգում:

Այս դեպքում հավաստիությունը գոյանում է այն բանի շնորհիվ, որ փաստը գրանցել է սարքը, կամ՝ եթե դու ինքդ ես մասնակցել ինֆորմացիայի պեղման գործին:

Քանի որ բոլոր ժամանակներում էլ միակ մարդը, որին ամենաշատն ես հավատում, հենց դու ես, քեզ պետք է բացահայտման համամասնակիցը դառնալ: Տեսնել, համոզվել ու եզրակացնել:

Որքան էլ հավատաս այս կամ այն լրատվամիջոցին կամ լրագրողին, միևնույն է կա տարբերակ (թեկուզ չնչին տոկոսով), որ կարող ես վերջնականապես չկողմնորոշվել: Այսինքն, կասկածել, որ հնարավոր է կա այլ տեսակետ ու ցանկալի է հակառակ կողմին էլ լսել: Սակայն «հակառակ կողմը» հաճախ ստեղծվում է մանիպուլյացիայի նպատակով:

Եվ մեդիայի այն կանոնը, որ պետք է նաև հակադիր կարծիք ներկայացնել, շատ հաճախ չի աշխատում, որովհետև կարծիքը չի հակադրվում տեխնոլոգիային, դրանք տարբեր նյութեր են, և բառերով հնարավոր չէ հերքել տեսագրությունը, որտեղ նախագահը խոստացել էր չդառնալ վարչապետ:

Հեռուստատեսությունը կարծես լիովին պարտվեց այս օրերին:

Կարծում եմ՝ մեր հեռուստաընկերությունները պետք է վերանայեն իրենց գոյության կոնցեպցիան: Այս շարժման օրերին նրանք փոխվելու ու միջազգային հեռուստատեսության ստանդարտներին համապատասխանելու շանս ստացան, օրինակ, աշխատել շուրջօրյա տեղակատվության ռեժիմով, ինչպես CNN կամ Ալ Ջազիրան:

Ես իրոք մտահոգ եմ հեռուստատեսության ճակատագրով, քանի որ, տպավորություն է, որ այն մահացել է։

Հեռուստատեսությունը կարծես թե կորցրել է իր հմտությունը: Դեգրադացիա է ապրել, քանի որ նրան ընտելացրել են հրատապ չարձագանքել, սպասել մինչև վերևից հրահանգեն ու գրաքննեն:

Դա պրոֆեսիոնալիզմի՞ պակաս է:

Չեմ կարծում: Վստահ եմ, որ եթե, օրինակ, Հանրային հեռուստատեսության առջև նոր խնդիր դրվի, աշխատակազմը կաշխատի այլ ռեժիմով: Ի վերջո, անել այն, ինչը այս օրերին արեցին «Ազատություն» ռադիոկայանը, Սիվիլնեթը և Ֆակտոր TV-ն դժվար չէ, մանավանդ պետական ռեսուրսներով:

Արագ արձագանքելը դժվար էր հենց օնլայն մեդիայի համար, երբ լրագրողները առավոտից երեկո վազում էին՝ մի քանի կետից հեռարձակումներ ապահովելու համար:

Տեխնիկական միջոցներով հագեցած հեռուստատեսությունն ունի բոլոր հնարավորությունները աշխատելու շարժական կայանների միջոցով: Բայց նրանց փոխարեն դա անում էին այն մեդիա հարթակները, որոնք դրան տեխնիկապես պատրաստ չէին։

Ի վերջո, դասական հեռուստատեսությունն ունի իր պրոֆեսիանալ զինանոցը՝ թղթակիցների ցանց տարբեր քաղաքներում, ուղիղ միացումներ տաղավարից, որտեղ իրադարձությունները մեկնաբանում են նաև փորձագետները:  

Առցանց մեդիան, որն այս օրերին արեց գրեթե անհնարին գործ, դեռևս չունի այսպիսի գործիքներ և հմտություններ:

Այս ընթացքում շատ մեդիա հարթակներ պարզապես շարժման տեսախցիկ էին, իսկ «Ազատությունը» կարողանում էր ներկայանալ փոքր-ինչ ավելի պրոֆեսիոնալ: Եվ դա լիովին բավարար էր, որպեսզի դիտողները լինեն այսպես ասած՝ բարի ուժերի կողմում:

 

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *