2019.05.08,

Նյուսրում

Նիկոլ Փաշինյանի երազած ասուլիսը առջևում է

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան

Լրագրող, արվեստի քննադատ

Մայիսի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրել էր մամուլի ասուլիս, իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում արդեն հինգերորդը:

Այդ մասին հենց Փաշինյանը հիշատակեց մի քանի անգամ, որպես խոսքի ազատության ու նոր իշխանությունների թափանցիկ ու հաշվետու աշխատանքի ապացույցներից մեկը:

«Ես հինգ ընդարձակ մամուլի ասուլիս եմ արել, բազմաթիվ առիթներով պատասխանել լրատվամիջոցների բազմաթիվ հարցերին… Յուրաքանչյուր լրագրող կարող է ցանկացած հարց տալ Հայաստանի Հանրապետության վարչապետին»:

Ընդ որում՝ այդ հնարավորությունն ունեն ոչ միայն լրագրողները, այլև ՀՀ յուրաքանչյուր քաղացի, որը կարող է դա անել անմիջական շփումների, հանդիպումների կամ Ֆեյսբուքի միջոցով:

Նիկոլ Փաշինյանն առանձնացրել էր 100 փաստ նոր Հայաստանի մասին, որոնց շարքում էր նաև Համաշխարհային մամուլի ազատության ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավումը:

2018 թվականի արդյունքներով՝ Հայաստանը առաջընթաց է գրանցել 19 կետով և հայտնվել 61-րդ հորիզոնականում։

«Մամուլը Հայաստանում ազատ է, քան երբևէ»,- նորից կրկնեց նա: 

100 կետերից մյուսը վերաբերում էր երջանկության ինդեքսին: 2018 թվականի հոկտեմբերի 31-ին հրապարակված վարկանշային զեկույցի տվյալներով՝ Հայաստանը 190 երկրների շարքում 47-րդ տեղից բարձրացել է 41-րդ տեղը։

Ասուլիսի ժամանակ վարչապետին տված հարցերի զգալի մասը սուպերավարչապետության մասին էր:

Փաշինյանը պատասխանեց, որ սուպերվարչապետություն չկա, քանի որ չկա սուպերվարչապետ լինելու մտադրություն: Հիմնավորումներից մեկը նաև այն էր, որ «չկա հարց, որն իրեն ուղղել չի կարելի»:

Եղավ հարց հակաքարոզչության ու այն ֆինանսավորողների մասին՝ չեք պատրաստվու՞մ հակաքարոզչության դեմն առնել:

Փաշինյանը պատասխանեց. «Ոչ: Իհարկե, ոչ, որովհետև ժողովրդավարության ամենակարևոր կոմպոնենտը այն է, որ ՀՀ քաղաքացիները կարող են ազատորեն արտահայտել իրենց կարծիքը: Եվ ես բացարձակ չեմ պատրաստվում պաշտպանվել (բառիս ձեզ հայտնի իմաստով) քննադատությունից: Հայաստանի Հանրապետության քաղաքացին թող լսի բոլոր այդ քննադատությունները… Ընդհակառակը, լավ է, որ այդ բոլոր քննադատները կան»:

Վարչապետի կարծիքով՝ դատավորի դերը պետք է ստանձնի ժողովուրդը: Թող դատի…

«Իսկ ֆինանսական միջոցները ծախսում են, թող ծախսեն»,- ավելացրեց նա:

Փաշինյանն ունի վստահություն, որ պետք է լինել առաջատար այնտեղ, որտեղ կարող ենք: Օրինակ, խոսքի ազատության ոլորտում.

«Խոսքի ազատության, մամուլի ազատության առումով պետք է լինենք աշխարհի առաջատար երկիրը: Բոլոր առումներով՝ օրենքի գերակայության, թափանցիկության, կոռուպցիայից զերծ լինելու առումով… Բայց նրբություն կա: Ես երբեք թույլ չեմ տա, որ հրապարակայնության միջոցով ինձ կամ իմ ընտանիքի հետ սուտ լուրեր կապեն…

Եթե նկատել եք, ես շատ բաների արձագանքում եմ, ստանում արձագանքների արձագանքներ: Ասում են՝ ինչու՞ եք այդ բաներին արձագանքում: Շատ պարզ պատճառով. որովհետև ինձ համար կարևոր է ճշմարտությունը: Կարևոր է, որ ՀՀ քաղաքացին իմանա ճշմարտությունը: Իմ սկզբունքը միշտ եղել է դա: Ոչ մի լուր, նույնիսկ ոչ մի բամբասանք անարձագանք չի մնալու: Կարող է, հնարովոր է, որ թողնենք կուտակվի, այլ ոչ թե ամեն օր, ամեն պահի արձագանքենք, այլ x պահի»:

Իշխանությունների սխալների մասին հարցին նա պատասխանեց, որ կարևորը ոչ թե սխալներից ապահովագրված լինելն է (դա հնարավոր չէ), այլ միտումնավոր ու նենգ դրդապատճառներից զերծ լինելը.

«Քանի դեռ չարամիտ ու նենգ մտադրություններ չկան, անշրջելի ռազմավարական սխալներ թույլ չենք տվել»:

Ավելի քան հինգ ժամ տևած ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ժպիտով ասաց.

«Ես ոչ մի տեղ չեմ շտապում: Ճիշտն ասած, այսօր էլ իմ երազած ասուլիսը չի ստացվում: Իմ երազանքների ասուլիսը այն է, որ վերջին լրագրողը այստեղից դուրս գա, էլ մարդ չլինի, ես ամենավերջինը դուրս գամ»:

Նա հայտարարեց, որ կա ցանկություն հաջորդ ասուլիսները կազմակերպել մարզերում: Օրինակ, Շիրակի մարզում:

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *