2019.01.14,

Քննադատ

Ներքաղաքական տեղեկատվական պատերազմ․ ի՞նչ վտանգներ է այն բերում

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Հայաստանում գնալով սաստկանում է ներքին տեղեկատվական հակամարտությունը։ Արժե՞ պատերազմ անվանել այն, ինչը կատարվում է լրատվական դաշտում և սոցիալական ցանցերում՝ ավելի շուտ փիլիսոփայական հարց է։

Փաստ է, որ ցանցը մեգատոննաներով լցված է ապատեղեկատվական, քարոզչական նյութերով։ Այս ամենը, բացի իր բուն տխրեցնող հետևանքներից, ունենում է և դեռ կունենա տարբեր այլ վնասակար ազդեցություններ ինչպես տեղեկատվական դաշտի, այնպես էլ՝ ողջ հասարակության վրա։

Բերենք մի քանի բացասական հետևանքներ։ Հաշվի առնենք, որ մի շարք հետևանքներ բացարձակ նոր չեն, սակայն ներքաղաքական իրավիճակը դարձնում է դրանք շատ ավելի ցայտուն և կայուն իրենց նեգատիվության մեջ։

ա․ Կառավարության դեմ գրոհելու ամենահարմար տարբերակը անընդհատ ինչ֊որ մի բացասական երևույթ առաջ քաշելն, այն ուռճացնելն ու դրա շուրջ համազգային ողբ սարքելն է։ Այդ պատճառով տեղեկատվական դաշտում անընդհատ առաջին պլանում են միայն բացասական նորությունները։

Հարկ չէ բերել բազմաթիվ գիտական ուսումնասիրություններ այն մասին, որ բացասական նորությունների անընդհատ ընթերցումը առաջացնում է դեպրեսիվ տրամադրություններ, տագնապի զգացում և այլ ոչ դուրեկան ախտանիշներ։

Այսինքն, հանրությունը անընդհատ գտնվում է նեգատիվ տրամադրվածության մեջ։ Անկախ իրական վիճակից։

բ․ Տեղեկատվական դաշտը դառնում է գերհեղհեղուկ և մածուցիկ, թեմաները փոփոխվում են մոտավորապես մեկ֊երկու օր պարբերականությամբ։ Ամեն անգամ, երբ մեկ բացասական, քննադատական կամ դեպրեսիվ թեմա նետվում է դաշտ, այն դառնում է հիմնականը՝ ստվերելով բոլոր այլ քննարկումները։ Դա և՛ կախված է ժամանակակից սոցցանցային հասարակության յուրահատկություններից, և՛ կապ ունի տեղեկատվական հակամարտության ներքին տրամաբանության հետ։

Երբ մի թեմա դառնում է ամենակարևորը, այն ալիք է ստեղծում՝ թելադրելով բոլոր ներգրավված լրատվականների և ակտիվ օգտատերերի վարքը։

Որպես հետևանք, հասարակությունը դառնում է ոչ ունակ հետևողական լինել այս կամ այն կարևոր խնդրի լուծման հարցում։ Բացի այդ, քանի որ միայն մեկ թեմա է դառնում հիմնական, բազմաթիվ կարևոր խնդիրներ մնում են ստվերում։

գ․ Բարձրաստիճան պաշտոնյաները անընդհատ ներգրավված են տեղեկատվական գրոհներին հակադարձելու լրջագույն գործի մեջ։ Եվ մի կողմ թողած բազմաթիվ կարևոր խնդիրներ, վարչապետը կարող է քննարկել խաշի թեման։

Երկրորդ, երրորդ պլան են մղվում երկրի զարգացման համար կարևորագույն ռազմավարական թեմաներ, որոնք կարող էին քննարկվել, առաջ են քաշվում մանր կամ շատ նեղ թեմաներ, կամ կարևոր խնդիրներում առաջնային են դարձվում ամենաերկրորդական պահերը։

դ․  Քանի որ տեղեկատվական պատերազմը պահանջում է մեծ ռեսուրսներ, լրատվական և սոցցանցային դիրքեր են նետվում մեծ ֆինանսներ։ Որպես հետևանք, մեդիադաշտում հայտնվում են բազմաթիվ «փինաչիներ», անբարեխիղճ երևույթներ, անգրագետներ։

Կարևորը դառնում են զորբայությունը և հայհոյանքների տարափին ու սեփական խղճի թույլ նվնվոցին դիմադրելու ունակությունը։

Մեդիայում «փինաչիների» քանակի աճին զուգահեռ ընկնում է լրագրողի սոցիալական ստատուսը։ Սա էլ  հարվածում է իսկական պրոֆեսիոնալներին, քանի որ իրենք գնալով դառնում են ճնշվող փոքրամասնություն։

ե․  Գրեթե լրիվ անտեսված են մնում արտաքին տեղեկատվական մարտահրավերները։ Կառավարությունը չունի հստակ մոտեցումներ արտաքին վտանգների վերաբերյալ։ Ողջ ուշադրությունը ուղղված է ներքին խնդիրներին։ Քանի որ հենց այստեղ են ճնշում գործադրում ընդդիմախոսները։ Արտաքին վտանգները իրենք իրենց կյանքով են ապրում։

Ադրբեջանն իրականացնում է միակողմանի տեղեկատվական ճնշում Հայաստանի, Արցախի դեմ։ Այս կողմից բացարձակ լռություն է։ Կարագանդայում հակահայկական ալիքը մի կողմից ուղղորդվում էր նաև Ադրբեջանի քարոզիչների կողմից։ Հայաստանում այս թեման ընդհանրապես սկսեց շրջանառվել դեպքերի սկզբից մի քանի օր անց, չնայած, որ ռեալ վտանգ կար համայնքի համար։ Հունվարի 13-ին  Բաքվում հայերի ջարդերի 29 տարին է։ Մեր կողմից գրեթե լուռ ենք այս թեմայով։ Ավելին, baku.am կայքը, որը մի քանի լեզուներով բացում էր համ ջարդերի, համ ընդհանուր պատմական թեման, այսօր անջատված է․ ինձ անհայտ պատճառներով։

Այս ամենից հետո միայն մի հարց է առաջանում․ արդյո՞ք մեր հասարակությունը բավարար առողջություն ունի այսքան երկար նման մթնոլորտում գտնվելու համար։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

One Response to “Ներքաղաքական տեղեկատվական պատերազմ․ ի՞նչ վտանգներ է այն բերում”
  1. Ռուբեն says:

    Facebook…
    Տպավորություն կա, որ եթե Facebook կայքը մի օր անջատվի, Հայաստանն ու հայությունը կվերանան))) Բոլորն այնտեղ են, չէ՞…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *