2019.03.04,

Քննադատ

Նախկինում ապօրինության, հիմա օրենքի հովանու տակ

author_posts/vahram-martirosyan
Վահրամ Մարտիրոսյան

Գրող, կինոդրամատուրգ

Մեկ է՝ լավատես էի։ Մտածում էի, որ ստեղծվել է հրաշալի վիճակ. իշխանության գլուխ հեղափոխականներն են, իսկ նախկին համակարգի ձեռքին՝ ԲՈԼՈՐ հեռուստատեսությունները, առցանց մեդիայի ու մամուլի մեծ մասը։

Մեդիան մանրադիտակի տակ կպահի նոր կառավարությանը, Ազգային ժողովին, ու քննադատությունից կշահեն բոլորը՝ նոր իշխանությունը, որ միշտ զգոն կլինի, նախկինները, որ կապացուցեն՝ իրենց մեջ էլ կան արհեստավարժ ու երկրի համար ցավող մարդիկ։

Բայց հհկական մեդիան, որին անցյալ աշնանը գումարվեցին քոչարյանական ԶԼՄ-ները, որոշեց գնալ պրոպագանդայի հին ճանապարհով՝ բոլոր միջոցներով սևացնել հակառակորդին, հասցնելով anxna taratseq մակնիշի հեղափոխության առաջին ամիսների խուճապային լուրերի մակարդակին։

Լուրջ մեդիայի համբավ ունեցող թերթերը «դեղնեցին» օրերի ընթացքում ու տպագրում են կեղծ լուրեր, զրպարտություններ, որոնք հերքվում են նույն շաբաթվա ընթացքում։

Սույն մեդիան քոչարյանական ու սարգսյանական վարչակարգի ժամանակներից պահպանել է (թույլ տամ ինձ Նիկոլ Փաշինյանին մեջբերել (0:25-0:45) «օտար գործակալների» վճարովի պաթոսը, բայց ավելացել են ուղղորդված վիրավորանքներն ու հայհոյանքները։

Քսան տարի քոչարյանական ու սարգսյանական վարչակարգի ԶԼՄ-ները ծլել-ծաղկել էին, իսկ անկախ մեդիայի հանդեպ ֆիզիկական, ֆինանսական ու դատական հաշվեհարդար էր իրականացվել։

Հիմա էլ նույն քոչարյանական ու սարգսյանական ԶԼՄ-ները, վարչակարգի հլու-հնազանդ կամակատարները առյուծ են կտրել մեդիայում, սոցցանցերում՝ ոտնատակ տալով լրագրության ու բարեկրթության տարրական կանոնները, երևի զգալով, որ իրենց ֆիզիկական ու դատական հաշվեհարդար չի սպառնում, իսկ օրինական պատժի մեխանիզմները անկատար են ու ժամանակատար։

Նախկինում ապօրինության պտուղների վայելողները հիմա չարաշահում են անհստակ կամ չգործող օրենքների հովանին։

Քսամյա պրոպագանդան, իմ կարծիքով, մի արդյունք է տվել՝ հասարակության բավական զգալի մասը սկսեց մտածել, որ Քոչարյանն ու Սարգսյանը վատն են, բայց առաջվաններն էլ մի բան չէին (թեև, բոլոր վարչական լծակների առկայության պայմաններում, նույնիսկ որևէ լուրջ դատական գործ հարուցելու հիմքեր չհայթայթվեցին)։

Թեզ, որ տարիներ շարունակ իր խմբագրականներում զարգացրել է հանրահայտ «լիբերալ» խմբագիրը։

Ինչպես նաև՝ 1992-94 թթ. դաժան գոյատևման, նոր պետական հաստատությունների, բանակի ու տնտեսության ստեղծման, ոչ թե քառօրյա, այլ քառամյա ծանր, կիսակամավորական-կիսապաշտոնական պատերազմի պատմությունը, ամեն մեկիս անձնական ու բոլորիս ընդհանուր պատմությունն է վերածվել «սև ու մութ տարիներ» քարոզչական կաղապարի…

Ես հույս ունեի, որ Քոչարյանն ու Սարգսյանը հասկացել են՝ ուրիշի հանդեպ սերմանած ատելությունը մազաչափ չի ավելացնում իրենց հանդեպ սերը կամ հարգանքը։

Ապացույցը 2018-ի դեկտեմբերի իսկապես ազատ ընտրություններում Ազգային ժողով չանցնելու փաստն է։ Բայց իրենց վերահսկողության տակ մնացած մեդիան շարունակում է կեղծ լուրեր ու քարոզչական պիտակներ արտադրել։

Ավելորդ չի երևի ընդգծել, որ դրանք չեղյալ չեն անի «Մարտի 1-ը», անաստված թալանը, ոստիկանական բռնությունների ու խոշտանգումների բազմաթիվ դեպքերը, որ դատարաններում լսվելու են երկար տարիներ, բայց նրանց վարձկանների հանդեպ սուր հակազդեցություն կհարուցի, ինչի օրինակներն արդեն իսկ կան։

Ուրեմն, դադարեք, պարոնայք, ծանրացնել մթնոլորտը մարդկանց համար, որոնք Հայաստանում կամավոր են ապրում, բայց նաև՝ ձեզ համար, որ իրավունք չունեք երկրից հեռանալու՝ ստորագրությամբ չբացակայելու, նախնական կալանքի կամ ավելի հիմնավոր սահմանափակումների պատճառով։  

Վահրամ Մարտիրոսյան  

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *