2019.06.03,

Քննադատ

«Մտահոգություն» կոչվող կեղծ լրագրողական ժանր

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան

Լրագրող, արվեստի քննադատ

Մայիսի 31-ին լույս տեսած «Հրապարակի» այս հոդվածը այն զարմանալի լրագրողական ժանրից է, երբ լրագրողը մենախոսությունից սարքում է լուր՝ լավ հասկանալով, որ լուրի արժեքը հենց էմոցիոնալ մենախոսությունն է:

Երեխային Երևանի դպրոցներից մեկում գրանցել չկարողացած մայրը սրտնեղած խոսում է լրագրողի հետ՝ ասելով, որ ԿԳ նախարարն իրեն կոպտորեն վիրավորել է ու չի ցանկացել օգնել լուծել իր երեխայի դպրոցի ընդունելության հարցը:

«Ոնց հասկացա, մեր նախարարն ամբիցիոզ և խղճից զուրկ մարդ է, որովհետև անգամ իր դեմ արտասվեցի, ու իրա հեչ պետքը չէր»,- լրագրողը սղագրում է մոր խոսքերը, իսկ լրատվամիջոցը հրապարակում դրանք՝ թերևս վստահ լինելով, որ քաղաքացիների շարքում եղած (արդարացի) մտահոգությունը պետք է անպայման հենց այսպիսի բառերով ներկայացվի:

Կարևորը բառերն են, որոնք քլիքեր են բերում ու օգնում լրատվամիջոցին մնալ լրահոսի մակերեսին: Հետո վերահրապարակվում են ու օգնում են մյուս լրատվամիջոցներին:

Դրանք այն բառերն են, որոնք հանգիստ խղճով կարող էին անտեսվել, դուրս մնալ ավարտուն տեքստից՝ օգնելով, որ ընթերցողը ոչ թե տարվի կնոջ բառերով, այլ հասկանա դպրոցների օնլայն գրանցման բուն խնդիրը, նոր համակարգի թերություններն ու դրանց բողոքարկելու ուղիները:

Այս ամենը չկա հոդվածում, փոխարենը լիքը հույզեր են՝ ուղղված անձամբ նախարարին: Ու նաև մենախոսող մոր առողջական վիճակի մասին:

Օրինակ, լրագրողը կարևոր է համարում հայտնել ընթերցողին. «Կինն ասել է, որ վատառողջ է, շնչարգելում ունի, ոտքի վրա չի կարողանում կանգնել, մի՞թե Արայիկ Հարությունյանի խիղճը չի տանջում, ասել է՝ մայր եմ, եկել եմ իմ բալիկի իրավունքները պաշտպանեմ»: 

Մոր, իր երեխայի, նախարարի, լրագրողի ու լրատվամիջոցի փոխհարաբերությունները իսկական սերիալ են՝ դուկումենտալ դրամա, որը, օրինակ, կարելի էր բեմադրել թատրոններից մեկում որպես շարունակական գործողություն, որն անընդհատ նորանոր գործող անձանց է ներգրավում և, ի վերջո, խաղում լսարանի դիմադրողականության հետ:

Այդ հոդվածին պատասխանեց նախարարը, հարցազրույց տված մայրը հերքեց իր խոսքերը՝ ասելով, որ նման բան չի ասել (հատկապես շեշտեց, որ նախարարն իրեն չի ասել՝ «Տիկին, դուք ինձ ձանձրացնում եք»), հետո արդեն այս զրույցի մեջ մտավ նաև Առողջապահության նախարարը, որը հորդորեց կարդալ լրագրողի մյուս հոդվածները ու տեսնել, թե ով է նա:

Նյութի հեղինակը զայրացավ, որ իր ազգանունը օգտագործվել է երկու նախարարների կողմից որպես թիրախ ու հրապարակեց ձայնագրությունը, զգուշացնելով, որ փորձ չանեն վախեցնել իր նյութի հերոսին: ԿԳ նախարարը հայտնեց, որ խնդիրը լուծվել է, երեխան դպրոց կգնա, իսկ մայրը հրաժարվում է իր խոսքերից:

«Հրապարակը» շարունակեց այս սյուժեն: «Զարմանալի՞ է նախարարի համար, որ իրենից բողոքում են…» վերնագրով նորից «մտահոգություն» ժանրի լուր-խոսք գրելով, որի հիմքը ֆեյսբուքյան օգտատիրոջ դժոհությունն է, և չգիտես, թե ինչու, հիշատակված է, որ նա նույնասեռական է:

Թեև, իհարկե, գիտենք, թե ինչու: Դա այն բանալի-բառերից է, որը հույզերի տարափ է բացում ու պատկերավոր է դարձնում ասելիքը: Ինչպես, օրինակ, վատառողջ ու արտասվող մայրը, կոպիտ ու անդաստիարակ նախարարի (սուպերնախարարի) կերպարը, ճշմարտության մարտիկ-լրագրողի անձնուրաց աշխատանքը կամ մտահոգությունները լրահոս դարձնող լրատվամիջոցը:

Այս ամենը ընդամենը փրփուր են, որի միջից չեն երևում իրական խնդիրները՝ կրթական մեքենայի կեղծ դետալներն ու դրանք ոչ մի կերպ արդիականացնել չկարողացող ու երբեմն՝ չցանկացող համակարգը:

Փոխարենը լրատվամիջոցներն առաջարկում են հավատալ բառերին, ասված երկրորդ կողմի մասին (միջնորդավորված, հետևաբար, ոչ վստահելի), հուզվել, այլայլվել, օճառային օպերային հատուկ դերաբաշխում անել, կասկածել թե՛ պաշտոնյաների, թե՛ լրագրողների ողջամտությանը, ենթադրել, որ մորը «գնել» են, իսկ երեխային օգնել բարձր պաշտոնյաները:

Հետաքրքիր է, իսկ եթե լրատվամիջոցը հաներ էմոցիոնալ ու անձնավորված բառերը, ի՞նչ կմնար տակը: Երևի կմնար դպրոցներում գրանցման իրական հարցը, որը այս սերիալի դեպքում, արդեն չի երևում:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *