2012.09.24,

Քննադատ

Մինչեւ Սերժ Սարգսյանը չխոսի

author_posts/vahram-martirosyan
Վահրամ Մարտիրոսյան

Գրող, կինոդրամատուրգ

Գրականության, արվեստի նման երեւի լրագրությունն էլ պետք է ժամանակի փորձությանը դիմանա։ Ինքս, համենայնդեպս, այդպես եմ վերաբերել իմ հոդվածներին։ Դրանցից մեկի առումով արդեն որոշել էի, որ չի դիմացել ժամանակի փորձությանը, երբ Սերժ Սարգսյանը անցյալ շաբաթ եկավ կառավարության նիստի։ Խոսքը իմ «Ցուրտ, բայց ազգային» հոդվածի մասին է։ Հոդվածը լույս է տեսել ՀԺ-ում անցյալ դեկտեմբերին:

Մեջբերեմ մի քանի հատված.

«…Ցուրտ, բայց՝ ազգայի՞ն: Այ, այս… արտահայտությունն… է բնորոշում Հայաստանի ամենամեծ գրադարանի ներկա վիճակը. ցուրտ է, բայց՝ Ազգային:

Քանի որ մեր երկրում ջեռուցման խնդիրները վաղուց հրատապ չեն համարվում եւ հրապարակային չեն քննարկվում, մտածեցի, որ սա պետական նոր ծրագիր է՝ ուզում են Հայաստանի լավագույն ուղեղները, որ համընդհանուր կարծիքով` մեր հինավուրց երկրի ամենամեծ հարստությունն են, սառեցնել ապագայի համար: Այդպիսի փորձերի մասին վաղուց եմ կարդացել…

Դրանք արտասահմանում արդյունք չեն տվել, քանի որ ցանկացել են մարդուն ամբողջությամբ սառեցնել, իսկ հայաստանյան փորձի տարբերությունն այն է,- ենթադրեցի ես,- որ ուղեղը սառեցվում է մարդու գլխում…

Միայն թե անհանգստություն էր մնացել մեջս՝ ի՞նչ է լինելու գրադարանի աշխատակիցների (հիմնականում՝ աշխատակցուհիների) վիճակը, որոնք ամբողջ օրը ցրտից կծկված, հասկանալի է՝ ոչ բարձր աշխատավարձով, սպասարկում են Հայաստանի գիտական միտքը, որ սառեցվելուց առաջ համապատասխան բարձր մակարդակ ունենա:

Պետք է նրանց համար ավելի տաք պայմաններ ապահովել, թե չէ, ինչքան էլ որ գիտնականները մարզիկներ չեն, ամուր առողջությամբ աչքի չեն ընկնում, կարող է պատահել, որ մի ձմեռվա ընթացքում չսառչեն-վերանան ապագայի համար, եւ մնացածներին էլ կարիք լինի հաջորդ ձմեռ սառեցնել: Կամ էլ` նոր լավագույն ուղեղներ առաջ գան, որոնք գերադասեն ոչ թե… բթանալ կամ ուրիշ կիրառություն գտնել իրենց համար, այլ բռնեն գրադարանի ճամփան:

Ու մի վերջին մտավախություն: Բա որ հենց էն մարդիկ, ում առաջին հերթին ուղղված է էս խոսքը՝ մշակույթի նախարար, գրադարանի տնօրեն… վարչապետ, հանկարծ գրական ստեղծագործության տե՞ղ դնեն նամակս՝ անտիուտոպիայի իմ սիրած ժանրից: Ուրեմն, իրենց համար հատուկ պարզ բառերով ասեմ. Ազգային գրադարանի Գիտական ընթերցասրահում լավագույն դեպքում կես ժամ է հնարավոր նստել առանց վերարկուի, իսկ վերարկուով, կախված սեռից ու տարիքից՝ երկու ժամից ոչ ավելի:

Մամուլի ընթերցասրահում վերարկուն հանելը հիմարություն է, վերարկուով նստելու առավելագույն ժամկետը՝ 45 րոպե: Բայց պետք չի կարծել, թե 15 րոպե էլ միջանցքում կարելի է քայլել-շարժվել-տաքանալ ու շարունակել աշխատանքը, քանի որ միջանցքում «ղիամաթ» մակնիշի անդրաշխարհիկ ցուրտ է»։

Որեւէ արձագանք չեղավ։ Ես նախաամանորն ու Նոր տարին հիվանդ էի դիմավորել Ազգային գրադարանի ցրտի պատճառով։ Երբ մի ամիս հետո ի վիճակի եղա նորից այցելել գրադարան, ընթերցասրահներում մի քանի աստիճան ավելի տաք էր։ Տպավորությունս այն էր, որ տնօրինությունը հերթապահություն էր նշանակել, որ հենց ինձ պատուհանից տեսնեն, Գիտական ու Մամուլի ընթերցասրահներում ջեռուցումն ուժեղացնեն։ Հնարավոր է, որ տնօրենի անձնական խնայողությունների հաշվին։ Որովհետեւ ընթերցողներն ու գրադարանի աշխատակիցները նույն անմռունչ հեզությամբ էին տանում ցուրտն ու տաքը։

Հիմա բոլորը աղմուկ-աղաղակը դրել են, թե Ազգային գրադարանը կործանել են։ Որովհետեւ Սերժ Սարգսյանը եկավ կառավարություն եւ վարչապետին ու նախարարներին պատմեց, թե ինչ է կատարվում իրենց վարչապետությունում ու նախարարություններում։ Հետո վարչապետը նույն «կլիզմա» ժանրում նախարարներին մանրամասնեց, թե ինչ է կատարվում իրենց նախարարություններում։

Ինչպես հին ու տեղ-տեղ բարի սովետական ժամանակներում, բարձրաստիճան պաշտոնյաների ելույթներին հրետանային աջակցություն ցուցաբերեց «Կիրակնօրյա Առաջին լրատվականը»։

Հիմա ժամանակն է հարցնելու, թե ու՞ր էր Հանրային հեռուստատեսությունը, որ աղի արցունք է թափում, թե բյուջեի միջոցները վատնվել են, ու՞ր էին հանրության հետ կապի վարչությունները` վարչապետի, նախագահի, որ չհետաքրքվեցին հոդվածում նկարագրված ողբալի վիճակով։ Ուրիշ ժամանակ խոսում են, չէ՞, կառուցողական ընդդիմության մասին… թե ի՜նչ լավ կլիներ, որ լիներ։ Բայց հոդվածը ոչ կեղծված ընտրությունների, ոչ ազգային շահերին դավաճանության մեղադրանք էր։ Հենց էն խնդիրը չէ՞ր, որը կառուցողական ընդդիմությունը կարծարծեր…

Դա է պատճառը, որ Հայաստանում եղած խոսքի ազատության մակարդակը ոչ մեկին չի բավարարում. ընդդիմադիր լրատվամիջոցների ամբողջ քննադատությունը` առարկայական, թե ոչ, միայն սիրտ հովացնելու առաքելություն է իրականացնում իր պարտադրողաբար փոքր լսարանի հանդեպ։

Իսկ իշխանամետ լրատվամիջոցները, շատ ավելի իրազեկ լինելով կառավարական մարմինների աշխատանքին, քան ընդդիմադիրները, գիտեն, որ մեծ թե փոքր տնտեսական հանցագործությունների հետեւում միշտ էլ մեծ պաշտոնյաներ են կանգնած. նրանք նույնիսկ չեն փորձում իրենց բախտը դրանք բացահայտելու գործում։ Մինչեւ չգա ճակատագրական պահը։ Մինչեւ չհնչի զանգը։ Սերժ Սարգսյանը չխոսի։

Վահրամ Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *