2019.04.02,

Քննադատ

Մեկօրյա թերթեր՝ թիթեռնիկի կյանքով

author_posts/lilit-avagyan
Լիլիթ Ավագյան

Լրագրող

Տեղեկատվությունը տարածելու, քարոզչության, կոնկրետ իրադարձությունը հնարավորինս մեծ լսարանի հասցնելու համար յուրաքանչյուր ժամանակաշրջան կիրառել է հնարավոր բոլոր գործիքները:

Նախորդ դարի առաջին կեսին ասելիքը տիրաժավորելու հիմնական միջոցը տպագիր մամուլն էր:

Հետաքրքիր է, որ պարբերական մամուլին զուգահեռ՝ այդ շրջանում  հրատարակվել են նաև մեկօրյա թերթեր, որոնք հիմնականում նվիրված էին որևէ կարևոր իրադարձության, հոբելյանի, տոնի:

Մեկօրյա թերթերում համարի բովանդակությունը սահմանափակվում էր մեկ կոնկրետ թեմայով, բայց հետաքրքիր է, որ նույն թեմային լրագրային տարբեր ժանրերով անդրադարձը հնարավորություն է տալիս շատ չձանձրանալ՝ թերթն ընթերցելիս:

Հայկական մամուլի կատալոգում նշված է մեկօրյա թերթերի 66 անուն:

Դրանք վիզուալ, նաև թերթի դիզայնի առումով համապատասխանում են «դասական» թերթերի չափանիշներին՝ խիստ, չոր առաջնորդող, կենդանի ոճով գրված հրապարակախոսական նյութեր, թեմային առնչվող երգիծանկարներ և այլն, պարզապես որոշ թերթեր առանց լույսընծայման տարեթվի ու ամսաթվի են, նշված չէ անգամ խմբագրի անունը:

Այդ թերթերը համարակալված չեն, քանի որ հաջոդականություն չունեին: Հատուկենտ թերթերի վրա է նշված տպաքանակը. սկսվում էր 1000 օրինակից:

Մեկօրյա թերթերն առավել բնորոշ են խորհրդային շրջանին, սակայն մամուլի արխիվում պահպանվել է նաև 1915-ի Ցեղասպանությունից հետո լույս տեսած «Նվէր որբերին» երկլեզու (հայերեն, ռուսերեն) թերթը՝ ամբողջությամբ նվիրված հայ որբերի չլուծված խնդիրներին.

«Եվրոպական մամուլը մի քանի անգամ արձանագրեց, որ կոտորված հայերի որբերը՝ աղջիկ, տղա, որոնք խնայված են ընդհանուր ջարդերի մեջ, թուրք կառավարության կարգադրությամբ բաշխում են իսլամ ընտանիքների: Ամեն մեկը վերցնում է՝ որքան կամք ու ուժ ունի: Թրքացնելու և ամբողջ մի ժողովրդի հետագա սերունդ կլանելու դյուրին միջոց: Կա ավելի սոսկալին. հայ որբերի մի ծայրը հասել է Պոլիս, Զմյուռնիա, Բեյրութ, Հալեպ ու Դամասկոս՝ իբրև վաճառքի նյութ» (1915, դեկտեմբերի 9):

Մեկօրյա որոշ թերթերի անվանումը կոնկրետ ուղերձ էր, և անգամ առանց ընթերցելու էլ հնարավոր է պատկերացնել ողջ բովանդակությունը: Ինչպես այս դեպքում՝ «Կորչի՛ կրոնը»:

Թերթում չկան լույսընծայման տարին, ամիսը, խմբագրի անունը,  տպաքանակի մասին տեղեկությունը:

Հակակրոնական նյութերի կատեգորիկությունը թույլ է տալիս ենթադրել, որ թերթը լույս է տեսել 20-ականների սկզբին, իսկ «Զատկական տոնի ծագումը» հոդվածը վկայում է, որ ապրիլին տպված համար է:

«Կրոնն այն թույնն է, որով բուրժուազիայի վարձկան տերտերները թունավորում են աշխատավոր բանվորների և գյուղացիների գիտակցությունը՝ նրանց շահագործելու համար», «Կրոնը գիտության և ազատության ամենամեծ թշնամին է, որովհետև նրա հիմքերն են կազմում տգիտությունը և ստրկությունը», «Երկնային դրախտը՝ բուրժուազիային, երկրայինը՝ մեզ», «Կորչի մարդկային արցունքի ու տանջանքի աղբյուրը՝ կրոնը». թերթի բոլոր էջերում, հոդվածներին զուգահեռ, այս կարգախոսներն էին:

«Ուսուցչական օր» անվանումով մեկօրյան այսպես էր հիմնավորել լույս տեսնելու անհրաժեշտությունը.

«Ուսուցչական միության վարչության նախաձեռնությամբ հրատարակվում է «Ուսուցչական օր» միօրյա թերթը: Թերթը՝ ի թիվս այլ հարցերի, ցույց կտա ուսուցիչ-վարժուհիների արդի տնտեսական, իրավական ու բարոյական դրությունը՝ իր բոլոր մանրամասնություններով: Միաժամանակ, «Ուսուցչական օրը» կպարզաբանի այն ողբերգական վիճակը, որի մեջ ապրում է հայ աշակերտությունը, մասնավորապես՝ հայ որբերը»:

Ուսուցիչների վիճակը թերթում ամփոփված է «Անդնդին կանգնած» հոդվածում.

«Համաշխարհային պատերազմի սոսկալի հարվածներից չկարողացավ խուսափել նաև ուսուցչությունը, մանավանդ՝ նրա գավառական հատվածը: Նա, որ աշխատում էր, որ իր սրբազան պարտքն էր համարում ծառայել մատաղ սերնդին, (…) ինքն է տառապում ծով կարիքների մեջ, այսօր իրենից է երես դարձրել այդ հասարակությունը, այսօր ինքն է օգնության կարոտ» (1918, սեպտեմբերի 26):

Կային մեկօրյաներ, որոնք կոնկրետ կազմակերպության հաշվետվությունն էր՝ ի՞նչ է արել տվյալ ժամանակահատվածում:

«Հայաստանի օգնության կոմիտէ» մեկօրյան բացառապես նվիրված է ՀՕԿ ներքին խնդիրներին, կանոնադրությանը:

Համարում հրապարակում ունի նաև գրող Դերենիկ Դեմիրճյանը. «Կամենում ենք օգնության հասնել հայ ժողովրդին՝ իր հասարակ, բայց, իսկապես, վսեմ գործի մեջ, ուզու՞մ ենք, որ նա ապրի ու վերաշինե իր տունը, պարզապես շտապենք օգնության, և… Ընդհատենք ճառերը» («Հայաստանի օգնության կոմիտէ», 1921, հոկտեմբերի 10, կիրակի):

Թերթերի անվանումներից դատելով՝ դրանք ուղղված էին սոցիալական բոլոր շերտերին, տարիքային բոլոր խմբերին՝ սկսած նախադպրոցական շրջանի երեխաներին:

Նրանց համար լույս էր տեսել մեկօրյա՝ «Մի՛ ծեծիր» անվանումով: Պատանիներին հասցեագրված էին «Շավիղ», «Ղազախի բողբոջ», «Պիոներսկայա պրավդայի միօրյա», «Հանուն կոմերիտական նոր տոմսի» մեկօրյաները:

Մեկօրյա թերթերին մամուլի պատմությամբ զբաղվողները չեն անդրադարձել: Ամեն դեպքում, որևէ ուսումնասիրություն գտնել չհաջողվեց: Այս թերթերի մասին անդրադարձ չկա նաև «Հայկական սովետական հանրագիտարան»-ում:

Գուցե մեկօրյաներին կարևորություն չի տրվել՝ իբրև պարբերական մամուլից առանձին ճյուղի, բայց, միևնույն է, մասնագիտական տարբեր խմբերի համար այս թերթերը ևս ինֆորմացիայի հետաքրքիր աղբյուր են:  

Լիլիթ Ավագյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *