2018.02.01,

Տեսակետ

«Մեդիան տեղեկություն հայտնում է, բայց դա չի դառնում նոր գիտելիք»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան

Լրագրող, արվեստի քննադատ

Սոցիոլոգ Աննա Ժամակոչյանը («Սոցիոսկոպ» ՀԿ հետազոտող) մեր ոչ միատարր հասարակությունը հարթեցնելու, մեկ գաղափարախոսական կաղապարի մեջ տեղադրելու փորձերը ոչ պիտանի է համարում:

Հասարակությունը ինքն իր մասին գիտելիք հավաքելու քիչ հնարավորություն ունի, քանի որ ռմբակոծվելով մեծ ու վերացական բառային կառուցվածքներով, մենք ոչ թե ինքներս մեզ ենք ճանաչում, այլ ավելի ենք մոլորվում:

Վերջին տարիներին Հայաստանում փորձ է արվում ստեղծել պետական գաղափարախոսություն: Ինչպե՞ս կարելի է այն ձևակերպել:

Պետական գաղափարախոսություն եղել է միշտ, դա ինքնին ենթադրվում է: Անկախ Հայաստանը սկզբից ներկայացավ որպես ավելի շատ քաղաքացիական ազգայնականություն կառուցող շուկայական պետություն, հետո ավելի շեշտադրվեց էթնիկական տարրը և խորացող պահպանողականությունը: Մինչ այսօր էլ այդ միտումի ներքո ենք:

Ամեն դեպքում, մեզ մոտ տիրապետող գաղափարախոսություն է ազգայնականությունը՝ տարբեր ձևակերպումներով: Այն առկա է բոլոր ազգային պետություններում, բայց մեզ մոտ այսպես կոչված մարտնչող ազգայնականություն է, որը որևէ կերպ չի ենթադրում այլ գաղափարախոսությունների հնարավոր համակեցություն:

Բացառվում է այլ աշխարհայացքի գոյությունը:

Ազգայնականությունը կլինի այնքան ժամանակ, քանի դեռ կան պետությունները, սակայն մեզանում դա այնքան տիրապետող է և մենիշխան, որ նույնիսկ հաճախ չենք էլ նկատում:

Իշխանություն ունեցողները շահագրգիռ են դրանում և ձգտում են խորացնել պահպանողական թևը։

«Ազգ-բանակ» նորագույն հայեցակարգը դիմադրություն առաջացնու՞մ է հասարակության մեջ:

Դիմադրություն կա, թեև անգամ մինչ «ազգ-բանակ» կապի ձևակերպումը հասարակության լայն շրջանակները ներքուստ պատրաստ էին կանգնել բանակի կողքին և բավականին ռազմականացված գիտակցություն ունեին:

Բայց քանի որ «ազգ-բանակը» միայն ազգայինի ռազմականացում չէ, այլ ունի շուկայական սպեկուլյատիվ բաղադրիչ (կոպիտ ասած՝ իշխանությունները ծախում են բանակի գաղափարը ժողովրդին), հասարակության մեջ առաջացնում է դիմադրություն:

Կարծում եմ, շատերը դեմ են ոչ թե ազգայնական, այլ շուկայական գծին:

Եվ երևի վերջին տարիների ամենամեծ ձեռքբերումն այն է, որ ավելի շատ մարդիկ սկսեցին հարցեր տալ: Տարիներ շարունակ հարց տվողների շարքերը լայն չեն եղել, հիմա ընդլայնվում են: Եվ որոշ մարդիկ ավելի խորքային ու գիտակցված պատասխաններ են սպասում:

Այնպիսի զգացողություն է, որ պետական հաստատություններն իրենց գաղափարախոսական կառուցվածքներով պարզապես չեն հասցնում հասարակության պրոգրեսիվ խմբերի հետևից: Թերևս ոչ էլ դնում են նման խնդիր…

Ինչպե՞ս է այդ կոնցեպտը «վաճառվում»:

Շահարկվում են «հայկական» ազգային զգացումի և հայրիշխանական մշակույթի բոլոր նուրբ լարերը։

Օրինակ, օգտագործվում է անպայման տղա երեխա ունենալու և «տղամարդ» մեծացնելու, ինչպես նաև կանանց պարտադիր մայրանալու «ավանդական ցանկությունները» կամ ավելի ճիշտ՝ մշակութային պահանջները:

Արդյունքում գաղափարախոսությունը սահմանում է, որ ամեն տղա զինվոր է, իսկ ամեն կին՝ զինվոր ծնող մայր:

Հիշենք ուսանողների հետ կառավարության անդամների հանդիպումը և ՊՆ-ի հնչեցրած նախատինքը ուսանողին, թե ի՞նչ է ուսանողը չէ՞ր պլանավորում բանակում ծառայել։ Ուսանողները այս խոսքին, թեև ոչ լիարժեք ձևակերպված, սակայն դիմադրական արձագանք տվեցին։

Կարծես մի կողմից համաձայն են, որ այո՛, ծառայելը բոլորի պարտքն է, բայց մյուս կողմից գլխի են ընկնում, որ այստեղ մի բան այն չէ։

«Ազգ-բանակը» կարող էր աշխատել ինչ-որ մի փուլում, երբ խիստ ակնհայտ չէին խավերի միջև տարբերությունները և որոշ խմբերի արտոնությունները։

Եվ այստեղ հարցեր առաջանալու հնարներ են բացվում, օրինակ՝ ինչո՞ւ պետք է բոլոր տղաները պարտադիր ծառայեն: Կամ՝ եթե ոչ բոլորը պետք է ծառայեն, ապա ո՞վ և ինչպե՞ս պետք է որոշի արտոնյալներին և ինչո՞ւ հենց այս և ոչ այլ չափանիշներով։

Մենք հիմա այն իրավիճակում ենք, երբ բանակը (ինչպես և պետությունը) որպես հաստատություն կա՛մ պետք է իսկապես արդիականացվի (հրաժարվենք «հավերժական պատերազմի» և պարտադիր ծառայության գաղափարից, որն այս պահին անլուծելի է թվում), կա՛մ շարունակենք մնալ այս լարումների մեջ:

Կարծես փլուզման շեմին լինենք, և ինչ քայլ էլ, որ անեն պետական հաստատությունները, միևնույն է քարերը թափվելու են: Հարցն այն է, թե ում գլխին՝ հասարակական խմբերի, թե այսպես կոչված՝ իշխանական վերնախավի:

Ապրիլյան պատերազմը մի հետաքրքիր ժողովրդագրական իրավիճակ ցույց տվեց: Զոհված զինվորները հիմնականում աղքատ խավի ներկայացուցիչներն էին, որոնց պետությունը հռչակեց «հերոս»: Ստացվում է, որ հերոսը (այսինքն, օրինակելին, վերնախավը) այլևս այլ տիպար է:

Ճգնաժամերը հասարակության խնդիրները սրված տեսնելու և ինքնավերանայման լավ առիթ են: Օրինակ, հարց տալու, թե ինչու կամ ում է պետք կառուցել «հերոսի» գաղափարը:

Եթե դատենք նրանից, ինչ ունեցանք, ապա ստացվում է, որ «հերոսի» գաղափարն անհրաժեշտ է, որպեսզի աղքատներին համոզեն, որ մահով կարելի է իմաստավորել կյանքը: Եթե չեն ունենա արժանապատիվ կյանք, սակայն կունենան արժանապատիվ մահ:

Կարծում եմ՝ հենց այս անարդար իրականության և իրական անարդարության զգացումն է, որ այսօր մարդկանց մղում է դիմադրել «ազգ-բանակի» գաղափարին։

Ազգի գաղափարն ունի հատկանիշ, որը ստեղծում է հավասարության պատրանք, թե բոլորս հավասար ենք, քանի որ «հայ» կամ «հայաստանցի» ենք: Իսկ ճգնաժամերի ժամանակ պարզ է դառնում, որ հավասար չենք անգամ բոլորիս համար հայտարարված սպառնալիքի առջև:

Ազգի կամ ժողովրդի սահմանումը տրվում է իշխող վերնախավի կողմից և վերնախավի կողմից էլ նշվում են բացառվողները:

Այսպես դեռ 2008-ի մարտի 1-ին ԱԺ նախագահը հայտարարեց, որ նրանք, ովքեր դուրս են եկել հրապարակ ու զինվել են փայտե ձողերով, ժողովուրդ չեն: Այն ժամանակ միասնություն ապահովող կոնցեպտը դեռ «ժողովուրդն» էր, ոչ թե «ազգը», բայց տրամաբանությունը նույնն էր, քանի որ միասնությունից բացառվում էին այն հասարակական խմբերը, որոնք ներգրավված չեն վերնախավի մեջ կամ ենթակայեցված չեն դրան:

Նույնը տեղի ունեցավ 2016-ին, երբ «Սասնա ծռերի» մասին ասվեց՝ դրանք ազգ չեն, քանի որ դուրս են եկել պետության (ոստիկանության) դեմ: Ստացվում է, որ նրանք, ովքեր դուրս են գալիս իշխող վերնախավի դեմ, ազգ չեն:

Իրենց հերթին նույն գաղափարական լեզվով են խոսում դիմադրող խմբերը՝ փորձելով վերասահմանել «ազգը»։ «Սասնա ծռեր» խումբն այդ նույն տրամաբանությամբ իր հռչակագրումներով և գործողություններով պնդում էր, որ «ազգը» հենց իրենք են:

Արդյունքում դիմադրությունը զուտ ազգայնական շրջանակի մեջ է, որտեղ բոլորը խոսում են «ազգի» անունից և ունեն «ազգի» իրենց սահմանումը:

Եվ «ազգի» պարադոքսն ու հակասությունները հեշտությամբ նկատելի են դառնում:

Իսկ ինչպիսի՞ն է մեդիայի դերը: Կամ ավելի ճիշտ, ինչպիսի՞ն կարող է լինել:

Կարծում եմ, հիմնահուն (մեյնսթրիմ) մեդիան, իշխող վերնախավի պես (ում ձեռքում էլ այն գտնվում է) բոլորովին չի հասցնում հասարակության պրոգրեսիվ խավերի հետևից և կրկին՝ ոչ էլ նման խնդիր է դնում իր առջև:

Ինքներս մեր և աշխարհի մասին մտորելու համար ունենք նոր գիտելիքի կարիք։ Իսկ հիմնահուն մեդիան նոր գիտելիք չի արտադրում (բացառությամբ հասցեականացված լսարան ունեցող փոքր հարթակների)։

Ոչ միայն լուրերի թողարկումները, այլ անգամ ժամանցային ծրագրերը հետաքրքիր չեն, դրանք հասարակությանը չեն հաղորդում լրացուցիչ գիտելիք:

Տեղեկություն հայտնում են, բայց դա չի դառնում գիտելիք, քանի որ մի տեղեկությունը մյուսի հետ սովորաբար որևէ կապ չի ունենում: Համատեքստեր չկան, աշխարհի պատկերը մնում է հնացած կամ հատվածային:

Օրինակ, կարող ես լսել, թե ինչ տեղի ունեցավ Հայաստանի որևէ մարզում, Չինաստանում, Ամերիկայում (էլ չասած, որ աղբյուրները կարող են շատ կասկածելի լինել), բայց տարբեր դեպքերի, գործընթացների միջև կապեր չեն առաջարկվում:

Հայաստանում նստած ու հայալեզու ալիքներ կամ կայքեր կարդալով, դժվար է հասկանալ, թե ինչ է կատարվում աշխարհում և ինչու:

Մեծ հաշվով՝ աշխարհի պատկերը նեղացված է, և բանավեճերն ու լուծումների որոնումներն էլ եռում են այս նեղ պատկերացումների մեջ։ Այնինչ, հնարավոր է, որ մի քիչ լայնանալով, բացվելով ու խոսելով աշխարհի հետ, կարող ենք մեր խնդիրներն ավելի պարզ տեսնել և ավելի հասանելի լուծումներ գտնել:

Հասարակությանը կարելի՞ է կոփել, օգնելով տարբերակել մանիպուլյատիվ գաղափարները:

Հասարակությունը պետք է ինքն իրեն ճանաչի: Եվ այդ հասարակագիտական գիտելիքը դառնա սովորական ու ամենօրյա՝ հայտնվելով մշակույթի դաշտում՝ արվեստում, կինոյում, մեդիայում…

Ոչ միայն ակադեմիան (համալսարանները), այլև մշակույթն ու մեդիան գիտելիք արտադրողներ են, ինչը վերահսկողության և անազատ պայմաններում հնարավոր չէ։

Արդյունքում տիրապետող և հասանելի գիտելիքը պիտանի չէ անգամ նույն վերահսկողներին:

Օրինակ, հասարակագիտության մեջ այսօր զարգանում է PR-ը, որպեսզի գովազդվեն քաղաքական գործիչները:

Իշխանական վերնախավը արտադրում է «ազգայինի», «անվտանգության» կամ եկեղեցի-պետություն սերտաճման գաղափարախոսությունները, բայց դրանք այս ձևով նույնիսկ հենց իրենց հաստատվելու համար պիտանի չեն: Էլ ուր մնաց հասարակության:

Մինչ այժմ վերնախավը չի կարողանում բացատրել «Հայաստանում հայի ապրելու» իմաստը: Ինչու՞ հայը պիտի Հայաստանում ապրի. որովհետև հա՞յ է: Պարզ է, որ հայը որպես կանոն դրսում էլ է հայ մնում: Միայն ազգային բաղադրիչով չես բացատրի Հայաստան պետության գոյության իմաստը: Ոչ էլ «թշնամիներով» շրջապատված լինելով:

Եթե քաղաքական խնդիրները տարիներ շարունակ չեն լուծվում, այլ քողարկվում են, ոչ մի Մասիս սար չի օգնի:

Միգուցե հասարակության համար լավ է, որ գաղափարախոսությունը վատ է կարված ու կարերը արագ քանդվելու են:

Իհարկե, անգամ հետընթացներն են շարժում ապահովում: Բայց չի ստացվում դրանով ուրախանալ, քանի որ հիմա ինձ ավելի կարևոր է թվում ունենալ մի քանի կայուն միջավայրեր, որոնք ունակ կլինեն արտադրել մեր հասարակության համար սեփական խնդիրներն ըմբռնելուն պիտանի գիտելիք:

Ավելի օգտակար կարող են լինել ստվերում մնացածները, որոնք փոքր քայլերով կարող են նշանակալից արդյունք տալ, բայց միևնույն է, այդ խմբերը պետք է կայուն գործելու հնարավորություններ ունենան:

Կառավարող վերնախավի հետ կապ չունեցող՝ մաքուր տնտեսական միջոցներ  ունեցողներն իրենց հույսն առայժմ դնում են կուսակցությունների վրա: Երբ հասկանան, որ հույսը ոչ թե կուսակցություններն են, այլ նոր մտածելաեղանակներ և գիտելիք արտադրող խմբերը, իրավիճակը կփոխվի:

Եղած կուսակցությունները դեռ սպառում և վերարտադրում են հին՝ ինքնաեռ գիտելիքը:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *