2011.04.04,

Քննադատ

Մեդիաների պատերազմին կհաջորդի խաղաղ գոյակցությունը, մինչեւ…

author_posts/mesrop-harutyunyan
Մեսրոպ Հարությունյան
twiterfacebook

Կոչումով` արձակագիր

Թեմայի շուրջ նախկինում հրապարակային ելույթ ունեցել եմ, եւ առիթը եղել է մի  արտահայտություն, թե մի քանի տարի հետո ոչինչ չի լինելու՝ ոչ թերթ, ոչ հեռուստատեսություն, ոչ… Մի խոսքով՝ միայն ինտերնետ… Եվ դա ինձ ստիպել է հիշեցնելու 35 տարի առաջ նկարահանված «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի դրվագը.. «Ապագայում չեն լինի ոչ թատրոն, ոչ կինո, ոչ թերթեր, միայն հեռուստատեսություն, համատարած հեռուստատեսություն…»: Այսօր որ նայում եք, ծիծաղներդ չի՞ գալիս. 35 տարի առաջ ո՞վ կարող էր ենթադրել, որ կհայտնվի մի բան՝ Ինտերնետ անվանումով, եւ հիմա էլ կլինեն «առաջադեմ» մարդիկ, որ կկանխագուշակեն, թե «Ապագայում չեն լինի ոչ թատրոն, ոչ կինո, ոչ թերթեր, ոչ հեռուստատեսություն… Միայն ինտերնետ, համատարած ինտերնետ…»:

Իրականում բանավեճի թեման բնավ ծիծաղելու չի տրամադրում: Նոր-նոր մեդիայի աշխարհը մուտք գործող եւ ըստ այդմ միայն համացանցում աշխատող ու միայն համացանց տեսած 18-20 տարեկանին դժվար է համոզել, որ կարելի է, օրինակ, գիրքը փնտրել Ազգային գրադարանի կատալոգում, պատվիրել, ստանալ, նստել ընթերցասրահում ու կարդալ (հենց էսպես է սովորել մեր սերունդը): Չէ, ասածս ճիշտ հասկացեք, ես կոչ չեմ անում հրաժարվել համակարգչից եւ դեմքով դառնալ դեպի թղթե կատալոգները, թեպետ դրանք ահագին ինֆորմացիա են կրում իրենց մեջ: Ընդհակառակը, խոսքս գրադարանների կատալոգներում համակարգիչ կիրառելու մասին է լինելու: Այսինքն՝ մեդիաները ոչ թե պիտի շարունակեն պատերազմել, այլ աստիճանաբար գան հաշտության՝ խաղաղ գոյակցության նպատակով:

100 տարի առաջ կինոն սկսեց զարգանալ, եւ «առաջադեմները» սկսեցին գուժել թատրոնի մահը: Թատրոնն առայսօր չի մահացել եւ խաղաղ գոյակցում է կինոյի հետ, թեպետ նրանց մրցակցությունը շարունակվում է:

Ռադիոյի, ապա եւ հեռուստատեսության զարգացմանը զուգահեռ, սրանցով տարված «առաջադեմները» սկսեցին գուժել թերթերի մահը: Փառք Աստծո, թերթերը չեն մահացել եւ խաղաղ գոյակցում են ռադիոյի ու հեռուստատեսության հետ, թեպետ նրանց մրցակցությունը շարունակվում է:

Վերջապես՝ ինտերնետի մուտքն ու զարգացումը որոշ այլ «առաջադեմներ» ընկալեցին իբրեւ ավանդական մեդիայի մահ ու էդ մահն են գուժում ամեն օր:

Չսպասեք: Չի լինի: Եվ ահա թե ինչու:

Մեդիաների (հայոց լեզվի մաքրության ջատագով լինելով հանդերձ, այս տերմինն եմ օգտագործում, քանի որ այն ավելի լայն հասկացություն է, քան պարզապես ԶԼՄ-ն կամ լրատվամիջոցը) նախորդ դարերի զարգացումները ցույց են տվել, որ կարող են փոխվել կրիչներն ու ինֆորմացիան այդ կրիչների վրա տեղադրելու տեխնոլոգիաները, սակայն էությունը կմնա նույնը: Թղթի հայտնագործումից հետո ոչ ոք չի գրել մագաղաթի կամ պապիրուսի վրա: Ծիծաղելի կլիներ, եթե Գուտենբերգի գյուտից հետո որեւէ մեկը ձեռագիր գրքեր կամ թերթեր տարածեր (թեպետ առայսօր աշխարհում դեռեւս հանդիպում են ձեռագիր գրված եւ էլեկտրասյուներին փակցված մեդիաներ՝ հայտարարություններ՝ «Վաճառվում է…» կամ «Տրվում է վարձով…», հնարավորությունների հարց է)… Այսպես կարելի է շարունակել թվարկել տեխնոլոգիական առաջընթացի բոլոր փուլերը: Պարզապես 21-րդ դարում փոխվել է այդ առաջընթացի արագությունը:

Ու հիմա իրոք մեդիաների պատերազմ է: Ես խուսափում եմ մրցակցություն բառն այս պարագայում օգտագործելուց, որովհետեւ սա իրոք պատերազմ է եւ առայժմ դաժան պատերազմ: Ավանդական տպագիր մեդիաները՝ թերթերը եւ հանդեսները, որ վերջին 80 – 100 տարում ստիպված էին պայքարել ռադիոյի եւ հեռուստատեսության անընդհատ ահագնացող ազդեցության դեմ ու ձեւեր փնտրել ավելի շատ ընթերցող գրավելու համար, հիմա կռվում են երրորդ ճակատով՝ ցանցային մեդիայի դեմ: Ռադիոն եւ հեռուստատեսությունը, որ ավելի օպերատիվ տեղեկատվություն եւ ավելի հետաքրքիր ժամանց առաջարկելով կարծես թե նեղում էին տպագիր մեդիաներին, հիմա իրենք են նեղվում նույն համացանցի անըդհատ մեծացող ազդեցությունից: Ինքը՝ համացանցն արդեն սկսել է նեղվել տեխնոլոգիաների ուղղակի խելահեղ զարգացումից, եւ դրա հորինողներն իրենք էլ կրակն են ընկել իրենց առաջարկած առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ կամ չգիտեմ էլ որերորդ սերնդի «եսիմինչֆոնների» եւ «եսիմինչփադների ձեռքը… Սպառողը չի հասցնում յուրացնել մեկ կրիչի աշխատանքը, երբ շուկայում հայտնվում է նորագույնը, որը մի տարի հետո դառնում է հնացած… Իսկ այս խելահեղ վազքի մեջ թերթերն, այսուհանդերձ, դեռ ապրում են՝ ավանդական թղթային տարբերակին զուգահեռ հայտնվելով նաեւ նորագույն կրիչներով, հեռուստատեսությունն ու ռադիոն դեռ ապրում են՝ նվաճելով ինտերնետի տարածքները նաեւ:

Իսկ ինտերնետը՞… Այն բնավ էլ չի դիմադրում ավանդական մեդիայի (այս դեպքում նկատի ունեմ եւ թերթերի, եւ հանդեսների, եւ ռադիոյի, եւ հեռուստալիքների) «ինտերվենցիային», ընդհակառակը՝ համաձայն է «օկուպացվել» ավանդական մեդիայի «զորքերի» կողմից… Չէ՞ որ դա, ի տարբերություն ռազմական օկուպացիայի, ոչ թե որեւէ մեկին զրկում է սուվերենությունից եւ կրճատում նրա սահմանները, այլ ընդհակառակը, ընդլայնում է հենց իր՝ ինտերնետի տարածքները…

Եվ երբ բոլորի համար պարզ կլինի, որ նման օկուպացիան ձեռնատու է բոլորին, մեդիաների պատերազմը կփոխարինվի նույն տարածքում խաղաղ գոյակցությամբ, մինչեւ որ կհայտնվի նոր մի մեդիա, եւ ինչպես «Արձագանքի» երգում՝ «վաղն ամեն ինչ կսկսվի նորից…»: Էս դեպքում՝ նոր պատերազմը՝ արդեն շատերի համար ավանդականի վերածված ցանցային մեդիայի ու նոր հայտնվածի միջեւ…

Այնպես որ «առաջադեմները» թող իզուր ժամանակից շուտ չգուժեն այս կամ այն տիպի մեդիայի մահը, մանավանդ ոչ ոք չգիտի, թե 10 կամ 20 տարի հետո ինչ նոր բան է ի հայտ գալու, որ ջնջելու է «համատարած ինտերնետի» մասին այսօրվա պատկերացումները…

 Մեսրոպ Հարությունյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *