2019.05.27,

Քննադատ

Մեդիայի նոր նշանակետը հոգնած լսարանն է

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Այն հոգեվիճակը, որի մեջ ապրում ենք այսօր, կարելի է անվանել հոգնածություն: Եվ հիմնականում հոգնածություն՝ մեդիայից:

Մեկ տարի առաջ տեղի ունեցած հեղափոխությունից հետո տեսանելի է, որ ամենից խնդրահարույցը ոչ այնքան դատաիրավական համակարգի, այլ զանգվածային լրատվական միջոցների դիրքավորումն է: Կարծես նպատակ կա մաշել լսարանի զգոնության նյարդը ու քաոտիկ հարցադրումներով ուղղորդել նրան դեպի այն միտքը, որ մեծ իմաստով ոչինչ չի փոխվել: Անգամ ավելի է վատացել:

Եվ ուրեմն, կարիք չկա փոխել մեդիա դեմքերին ու դերակատարներին: Ուրեմն նույն մարդիկ պետք է խոսեն, թեկուզև հիմա նրանք այլ դիմակներով են: Ասենք, հալածյալների, ադեկվատների կամ դասական մերձկուսակցական լրագրողների, որոնք կորցնելու բան ունեն (փող, կապեր, ստվերային պարտավորություններ ու կարիերա անելու տենչ) ու չեն ուզում դա կորցնել:

Փաստացի մեկ տարի առաջ արվեց ամենամեծ փոփոխությունը՝ փոխվեց քաղաքական վերնախավը, խաղից դուրս եկավ կուսակցականների ու մերձկուսակցական «փորձագետներից» ու «պատասխանատու լրատվամիջոցներից» ձևավորված շերտը, որը հայրենասիրական ալիքը հեծած՝ լրատվական հարթակների ճնշող մեծամասնությունում ծածկում էր ցանկացած հանրային դիսկուրս:

Մեկ կուսակցություն կարող էր վեճեր բորբոքել կամ մարել, երբ ուզեր, քանի որ թե՛ լրատվական օրակարգը, թե՛ լրատվական հարթակները իր յուրայինների վերահսկողության տակ էին:

Ինչպես հեռուտաէկրանին, այնպես էլ սոցցանցային ոլորաններում երևում էր ու խոսում հիմնականում այդ շերտը՝ ցանկացած ընդդիմադիր մտքի ծիլ ենթարկելով ծաղրի ու թրոլինգի:

Հեղափոխությունից հետո այդ շերտը միանգամից դարձավ անհետաքրքիր՝ դիտվելով որպես հետադիմական ու ժամականավրեպ: Նրանց գնացքը հեռացել էր՝ մնալով որպես գոլորշի:

Հեղափոխության լսարանն ու թիրախը ոչ թե հոգնած, այլ ոգևորված մարդիկ են, որոնց մեջ արթուն է փոփոխություններին ինքնակամ ու հաճույքով միանալու մղումը:

Նախկին իշխանությունների համար կարևոր էր ձեռնակել վերադարձի մեդիա օպերացիա, որպեսզի հեղափոխության ոգևորությունը վերածվի հոգնածության: Որ լսարանը, տեսնելով հին քաղաքական դերակատարների գործը նորովի կրքով շարունակող դեմքերին, զգա, որ փոփոխություններին միանալու մղումը այլևս գրավիչ չէ:

Եվ շատ լրատվամիջոցներ սկսեցին նորից ապացուցել, որ ճիշտը հոգնելն է, փոփոխություններից ձեռք քաշելը, դանդաղելը, հետ նայելը, աչք փակելը նախկինների թերությունների վրա: Մանավանդ, որ նորերը պակաս թերի չեն: Եվ ուրեմն, ոչինչ չի փոխվել, բայց սպառնալիքները ավելացել են (պատերազմական, օրինակ):

Այն միտքը, որ ոչինչ չի փոխվել, այլ միայն վատացել է, կործանիչ ուղերձ է ցանկացած հասարակության համար: Այն հուշում է, որ իմաստ չուներ փոխել, անգամ եթե վատ էր, քանի որ կարող է ավելի վատանալ:

Մեկ տարվա ընթացքում իրավիճակը Հայաստանում էականորեն է փոխվել, բայց շատ լրատվամիջոցներ (Հանրային հեռուստաընկերությունից սկսած, պայմանական սունկ կայքով վերջացրած) ակտիվորեն հանրային քննարկման դաշտ են մղում ու նոր իշխանությունների կողքին որպես հակակշիռ կանգնեցնում են այն մարդկանց, որոնց միակ նպատակը ռևանշն է:

Լրահոս ձևավորող գլխավոր խմբագիրները շատ լավ գիտեն, որ անգամ եթե ձևավորվում են նոր կուսակցություններ կամ նոր շարժումների անվան տակ են դուրս գալիս լավ մոռացված հները, դա արվում է «Նախկինների վերադարձ» օպերացիայի շրջանակներում:

Այս պնդումը կարող էր թվալ ոչ հիմնավոր, եթե հիմնական, եղանակ ձևավորող լրատվամիջոցները ցույց տային, որ որոնում են: Ասենք, որոնում են նոր խոսք, նոր ձևաչափեր, ի վերջո, նոր խոսողներ:

Լրագրողներին դժվար էր ասել այն, ինչը ասվեց դատավորներին՝ «Գնացեք, աշխատեք այնպես, որ թելադրող լինեն օրենքն ու խիղճը»:

Լրագրողներն ու գլխավոր խմբագիրները հանգիստ խղճով կարող են ասել, որ իրենք միշտ աշխատել են լավ՝ ապահովելով բազմակարծություն, սուր քննարկումներ ու հավասարակշռություն:

Տեսականորեն սխալված չեն լինի, բայց գործնականորեն կստեն:

Լրագրության մեջ ձևավորված ու դասական համարվող կանոնը (և ամենամանիպուլյատիվը), որը պարտադրում է երկու հակադարձ կարծիք ներկայացնել, այն ծուղակն է, որի մեջ ի վերջո, հայտնվում է լսարանը: Նորից ու նորից է հայտնվում:

Դա վառ կերպով ապացուցում են հեռուստաբանավեճերի հյուրերի ընտրությունն ու այլ լրատվամիջոցների էջերում կարծիք հայտնողները: Որպես նորերի հակակշիռ ու հակադարձող ընտրվում են ռևանշ պահանջողները՝ «Վերադարձ» օպերացիայի շրջանակներում:

Իսկ այդ շրջանակներում լրատվամիջոցները չեն կարող ասել, որ ապահովում են իրազեկում, կարծիքների բազմազանություն ու սուր քննարկումներ: Նրանք անում են ընտրություն, թե ում տրամադրել խոսք ու ում արհամարհել:

Հոգնած լսարան չունենալու համար ավելի շատ արհամարհել է պետք: Նույնիսկ այն դեմքերին, որոնք նոր քաղաքական հավակնություններ ունեն՝ հանուն հների:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *