2017.09.07,

Քննադատ

Մեդիամարտ ընդդեմ կոռուպցիայի. «Լափված մազութի» գործը (2-րդ մաս)

author_posts/vahram-martirosyan
Վահրամ Մարտիրոսյան
facebook

Գրող, կինոդրամատուրգ

«Մեդիամարտը» խաղ է, որ ստեղծվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (ՄՆԿ) կողմից, լրագրությամբ հետաքրքրվողների համար։ Անկախ Հայաստանի մեդիան ավելի քան քառորդ դարի պատմություն ունի, բայց կոռուպցիայի լուսաբանումը, կոռուպցիայի դեմ նրա պայքարը ավելի շատ դեռ խաղի է նման, գոնե արդյունավետության տեսանկյունից։

«Լափված մազութի» գործը. խորապատկեր

Սովետական Հայաստանում մարդիկ բողոքի գործողությունների չէին դիմում սոցիալական պատճառներով՝ անօգուտ էր և վտանգավոր. աշխատանքից կազատեին կամ «քաղաքական աստառ» կտային, ինչպես ստալինյան տարիներին էին ասում, ու կնստեցնեին։

Այս առումով հետխորհրդային շրջանում էլ շատ բան չփոխվեց։ 1988-ից զանգվածային հանրահավաքներ էին տեղի ունենում, բայց պահանջները սոցիալական չէին, քաղաքական էին։

«Մթնարարություն» վերնագրով հոդվածը («Երկիր» օրաթերթ, 28.12.93), վկայում է, որ վիճակը նույնն էր նաև «մութ ու ցուրտ տարիներին»։ Բոլորն արդեն երկու տարի տանջվում են դժգոհ հոսանքի օրական 22-ժամյա բացակայությունից, բայց ոչ թե տեղացիները, այլ հենց «Հայաստան եկած արտասահմանցի ուսանողներն» են հրապարակայնորեն բողոքում ԱԳ նախարարության առջև «Մեռնում ենք, լույս» առարկայական պահանջով»։

(Հոդվածագիրն ինքը զուգահեռաբար տրտնջում է, որ ամերիկյան օգնության արտոնակարգի համաձայն միայնակ մայրերին օգնություն հասնում է, իսկ ամուսին ունեցող երեխամայրերին` ոչ. երևի իր ընտանիքը պատկանում է վերջիններիս թվին։ Բայց լրագրողը գոնե մոտավոր հաշվարկ չի անում, թե արդյոք ամերիկացիների տրամադրած գումարը կբավարարի՞ լիանդամ ընտանիքների օգնության ծախսին, որը երևի հավասար լիներ Հայաստանի այդ տարվա բյուջեին)։   

Սույն հոդվածի առաջին մասում փորձեցի ներկայացնել, թե ինչպես է լուսաբանվել «լափված մազութի» գործը, բայց մի ամբողջ սերունդ կա, որ այդ ժամանակ նույնիսկ ծնված չի եղել, և կարևոր է վերականգնել խորապատկերը, որպեսզի երիտասարդությունը կարողանա ինքը դատել, որքանով էին «մութ ու ցուրտ տարիները» էներգակիրների հափշտակման արդյունք։

Հայաստանի տնտեսությունն ապրում էր «անցումային շրջան»՝ Ադրբեջանով ու Վրաստանով երկաթուղային հաղորդակցության դադարեցման և շուկա չունենալու պատճառով իրար հետևից դադարում էին աշխատել պետական գործարանները, տարեցտարի ավելի էր ընդլայնվում Ադրբեջանի հետ չհայտարարված պատերազմը, և ավելի  մահաբեր ու թանկ զինատեսակներ էին օգտագործվում։

Իսկ ի՞նչ մեղադրանքներ էր ներկայացնում արմատական ընդդիմադիր մամուլը ժամանակի իշխանությանը։

«Լույս ունե՞ք – Ի՞նչ»՝ հարցնում է ՀՅԴ պաշտոնաթերթ «Երկիրը» 1993-ի հունվարին (14.01.1993)։ Լրագրողը, որ կարծում է, թե «համակերպվել ենք համատարած քաոսի ու կազմակերպված անտերության հետ», վրդովված է, որ «կան այսպես կոչված արտոնյալ թաղամասեր… որոնց էներգամատակարարումը գրեթե չի ընդմիջվում»։ «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը ևս եղել է «արտոնյալներից»։

Ավետիքյանի՝ այդ տարիների չափավոր ընդդիմադիր թերթի խմբագրի, պարզաբանումը հաստատում է Երևանի նորընտիր քաղաքագլուխ Վահագն Խաչատրյանը, որը հաղթել էր իշխող կուսակցության թեկնածուին.

«Հարցերից մեկը. վաղուց պետք էր կազմակերպել կենսապահովման օբյեկտների` հիվանդանոցների, հացի գործարանների, գործադիր կոմիտեների, ոստիկանության առանձին լոկալ էլեկտրասնուցումը։ Օրինակ, ես իմ աշխատատեղում լինում եմ առավոտյան 9-ից մինչև երեկոյան 10-11-ը։ Քաղխորհրդի աշխատանքի համար էներգիա է հարկավոր, և ողջ այս թաղամասը այդ ընթացքում հոսանք է ստանում» («ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ. Հարցազրույց Երևանի քաղխորհրդի նախագահ Վահագն Խաչատրյանի հետ», «Երկիր», 13.01.1993)։

Նա նշում է այլ պատճառներ ևս։ Երևան քաղաքի Մաշտոցի և Արաբկիրի «շրջաններում 30-35 տարվա էլեկտրացանց է։ Բայց առկա է նաև սուբյեկտիվ գործոն. անբարեխղճությունը` ոչ ոք չի կարող բացատրել, թե ինչու 5 օր լույս չեք ունեցել»։

Ըստ նրա, էլեկտրացանցի վիճակը ծանրացնում է «գազի սակավ մատակարարումը», որը պայմանավորված էր Ադրբեջանի կողմից մեր գազամուղի հանդեպ Վրաստանի տարածքում իրականացվող դիվերսիոն գործողություններով։

«Երկիր» օրաթերթի մեկ ուրիշ հրապարակում գուժում է՝ «Տասը օրից Երևանի էլեկտրացանցը գոյություն չի ունենա»։ Թերթին հարցազրույց է տվել Երքաղէլեկտրացանցի տնօրեն Աղեկյանը, որին լրագրող կոչում է «նորաթուխ» (պարզ չէ, թե ինչու չօգտագործելով որևէ չեզոք մակդիր, ասենք՝ «նորանշանակ» բառը)։

Նա փորձում է պարզ համեմատություններով ցույց տալ իրավիճակի ծանրությունը. «Եթե մի մարդ կարող է բարձրացնել 50 կգ, նրա վրա դրել են 1000 կգ, նա կչոքի»:

Եվ մեղադրանք է ներկայացնում… ՀՅԴ-ին, որի պաշտոնաթերթն է «Երկիրը».  «Դաշնակցական կուսակցությունը ժողովրդին գրգռում է էներգետիկների դեմ… Ով կարող է, թող մեզ օգնի։ Իսկ ժողովուրդը հարձակվում է մեզ վրա, ֆիզիկական հաշվեհարդար է տեսնում»։

Ժամանակի խորապատկերն ամբողջական չի լինի, եթե չվերհիշենք, որ հոսանքի բացակայությունն ազդում էր կենսապահովման մյուս ոլորտների վրա։

«Ջուրը կաթի մեքենաներով, մեկ-մեկ հրշեջ խմբերին խնդրելով, նրանց մեքենաներով կարողանում ենք հասցնել գործարաններ։ […] Մեր գործարանների մեծ մասն ունեն երկկողմանի սնուցում, ունենք նաև գործարաններ, որոնք ապահովված են եռակողմ սնուցմամբ։ Սակայն այսօրվա ծանր պայմաններում գծերի մի մասը չի դիմանում, բնակիչները «միանում» են գործարանների սնուցմանը, և կաբելները շարքից դուրս են գալիս»,- սա հատված է պարենների և մթերումների նախարարության հացաթխման վարչության պետ Գագիկ Սեյինյանի հարցազրույցից («Առանց հոսանքի ու մազութի աշխատել չի լինի. Տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են անհաց», «Երկիր», 27.01.1993)։

Աշխատող գործարաններից, հիվանդանոցներից, անգամ տրամվայի ու տրոլեյբուսների հոսանքագծերին «միացող» բնակիչների թիվը հսկայական էր, այդ վնասներին գումարվում էին, ինչպես հիշեցնում է «Երկրի» հեռակա ընդդիմախոս մամուլը, գազամուղի պայթեցումների արդյունքները.   

«Գազամուղը պայթեցվում էր այնքան զարմանալի հետևողականությամբ, որ փոխվարչապետ, հետագայում վարչապետ Հրանտ Բագրատյանը մի օր կանխագուշակեց, թե պայթեցումները կավարտվեն այն ժամանակ, երբ կա՛մ Ադրբեջանում կսպառվեն վառոդի պաշարները, կա՛մ Հայաստանում` խողովակները»։

1996 թվականին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը «ցուրտ ու մութ» տարիները համարում է այն գինը, որ Հայաստանի բնակիչները պետք է վճարեին Արցախի ազատության, հարակից 8 շրջանների գրավման դիմաց.

«Եթե… 1988թ.-ին որևէ մեկը… հայտնվեր Օպերայի հարթակի վրա և ասեր` անցնելու է ընդամենը 7 տարի և դուք ունենալու եք անկախ պետականություն… ունենալու եք ազգային բանակ, ունենալու եք Հայաստանին միացած Արցախ, գումարած Արցախի հետ ևս 8 շրջան, և եթե հարցնեին` ժողովո’ւրդ, այս ամենը ունենալու համար դուք պատրա՞ստ եք ևս 5-6 տարի երշիկ չունենալ, բոլորդ միահամուռ կասեիք` այո, և ի սրտե կասեիք, համոզված եմ»։

Վազգեն Սարգսյանի խոսքն անշուշտ զգացմունքային է, բայց կա նաև «Մի սեփականաշնորհման պատմություն» վերնագրով տեսաֆիլմ (հեղինակ՝ Տիգրան Պասկևիչյան, ռեժիսոր՝ Արա Շիրինյան), որը իրավիճակը պատկերում է բազմակողմանի՝ թե՛ այն, որ 90-ականների սկզբին աշխատավարձը հազիվ էր բավարարում լույսի վարձին, թե՛ այն, որ անվճարունակներն ավելի բարեխիղճ էին վարձ մուծում, քան ունևորները (իսկ 1991 թ. տվյալներով՝ «երևանցիների ¼-ը… հոսանքի համար չի վճարել», «Երկիր», 20.04.2000), թե՛ ապօրինի գործարքները «լույսի մարդկանց» ու բնակիչների միջև, որ  սահմանափակվեցին բնակարաններից դուրս բերված հաշվիչների շնորհիվ, թե՛ նույնիսկ անպատեհ՝ նոյեմբերի 4-ին տեղացած ձյունը, թե ԱԷԿ-ի վերագործարկումը, որը իմաստազրկեց գազամուղի պայթեցումներով Հայաստանը ծնկի բերելու Ադրբեջանի ջանքերը։

Այս ամենը մղում է եզրահանգման, որ Հայաստանը «մութ ու ցուրտ տարիներ» է ապրել բազմաթիվ բացասական գործոնների պատճառով, որոնցից միայն մեկն է այդպես էլ դատական լուրջ ապացույցներով չհիմնավորված «լափված մազութի» գործը։

Հոդվածաշարի սկիզբը՝ այստեղ

Վահրամ Մարտիրոսյան՝ ՄՆԿ «Լրատուն» մեդիա-թանգարան նախագծի ղեկավար
Կոլաժը՝ Նորայր Այվազյանի

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *