2017.03.29,

Քննադատ

Մեդիամարտ ընդդեմ կոռուպցիայի. ընտրության պատրանք

author_posts/vahram-martirosyan
Վահրամ Մարտիրոսյան

Գրող, կինոդրամատուրգ

«Մեդիամարտը» խաղ է, որ ստեղծվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից, լրագրությամբ հետաքրքրվող մարդկանց համար։ Անկախ Հայաստանի մեդիան արդեն  ավելի քան քառորդ դարի պատմություն ունի, բայց կոռուպցիայի լուսաբանումը, կոռուպցիայի դեմ նրա պայքարը ավելի շատ հենց խաղի է նման արդյունավետության առումով։

1. Ընտրության պատրանք

Նախ և առաջ պետք է պարզաբանել, թե որքանով կարելի է կոռուպցիա համարել ընտրակաշառքները, նախընտրական ուրիշ խախտումները։

2008 թվականին ՀՀ դատախազի կողմից հաստատվել, իսկ 2013-ին լրամշակվել է կոռուպցիոն հանցագործությունների ցանկը, որի մի շարք կետեր ուղղակիորեն վերաբերում են ընտրություններին` պաշտոնական լիազորությունների չարաշահում (ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդված), իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելը (311-ի 2-րդ հոդված), իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը (375-րդ հոդված) և այլն։

Ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրություններ են։ Եթե իշխանությունը կիրառի հանցագործությունների ամբողջ վերոնշյալ փունջը (ընդդիմությունը չի կարող, դիցուք, պաշտոնական լիազորությունները չարաշահել, որ զուտ իշխանական գործիք է), դա կլինի կոռուպցիայի դրսևորում, որի արդյունքում ինքն իրեն կվերարտադրի` ապահովելով կաշառակերության նույն համակարգի անխափան գործունեությունը։

Նկատի ունենալով, որ հայաստանյան վերջին համապետական ընտրություններից հետո իշխանության մեջ լուրջ փոփոխություններ չեն եղել, ԱԺ ընտրությունների վերաբերյալ կանխատեսումներ անելուն կարող է օգնել 2015-ի դեկտեմբերին կայացած Սահմանադրական հանրաքվեի մասին մեդիայի լուսաբանումը։

Ահա «Հետք» առցանց լրատվամիջոցի մի հրապարակում (տեսանյութ – 00:45), որը կոպիտ ընտրախախտում է բացահայտել։

Մեջբերում հոդվածից. «Լույսերը անջատված մնացին մոտ 20 րոպե, մինչդեռ լույսերը անջատվելիս հանձնաժողովի անդամն ասաց՝ ««Ոչ»-ը շատ էր»: Ինչպես երևում է էլեկտրաէներգիան միացնելուց հետո արված լուսանկարներում, «ոչ» նշումով քվեաթերթիկների քանակը այդ ընթացքում պակասում է»։

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը հաստատում է, որ հանրաքվեն հիասթափություն է պատճառել հանրությանն ընտրախախտումների զինանոցի որոշ մոռացված տեսակներ վերակենդանացնելու առումով։

Այս խորապատկերին ավելի «մեղմ» միջոցով՝ սենդվիչներ բաժանելով, ընտրողների «մշակումը»  ներկայացնող տեսանյութը դարձավ «մեմ»։

Մեդիայի ու դիտորդների արձանագրած խախտումները բազմաթիվ էին, ինչը հանրության զգալի հատվածի մեջ հույսեր էր արթնացրել, որ հետընտրական փուլում դրանք կարող են բերել արդյունքների վիճարկման։ Բայց ահա «Հայկական ժամանակ» օրաթերթի` 2016թ.-ի փետրվարի 4-ի «Հանրաքվեն` յուր ընտրակեղծիքներով մոռացել են» հոդվածը ցույց է տալիս, որ այդ հույսերը պատրանքային են եղել։

Թերթը զարմանքով հայտնաբերել է, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցի 455 էջում «նորընտիր օմբուդսմեն Արման Թաթոյանը գոնե մեկ նախադասությամբ չի անդրադարձել 2015-ի դեկտեմբերին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեին, որի ընթացքում բռնություններ էին կիրառվել լրագրողների, դիտորդների հանդեպ»։  

Հայաստանյան մեդիայի այսօրվա բնորոշ առանձնահատկությունն է, որ սուր հրապարակումների հիմնական մասը տեղ է գտել առցանց մեդիայում կամ թերթերում։ «Ավանդական» հեռուստատեսությունների լուսաբանումը Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը գնահատում է  անբավարար։

Իհարկե, փորձագետների կարծիքը կարող է նաև սուբյեկտիվ լինել, բայց Ավետիք Իշխանյանի գնահատականները հաստատվում են Երևանի մամուլի ակումբի մշտադիտարկման եզրահանգումներով. «Քարոզարշավի վերջնագծին մոտենալուն զուգահեռ՝ «այո»-ի խորհրդարանական ճամբարը գնալով ավելի մեծ առավելություն էր ստանում «ոչ»-ի ճամբարի նկատմամբ: Մոնիտորինգի անցկացման ողջ ժամանակահատվածի (հոկտեմբերի 26 – դեկտեմբերի 4 ) արդյունքներով Սահմանադրական ռեֆորմի կողմնակիցների լուսաբանումը մոտավորապես 1.5 անգամ գերազանցել է նրանց ընդդիմախոսների լուսաբանմանը՝ ինչպես եթերային ժամանակի ծավալով, այնպես էլ՝ անդրադարձների հաճախականությամբ»:

Կարևոր է նշել, որ հանրաքվեի հեռուստատեսային լուսաբանումն ուներ նորամուծություն` «Այո և Ոչ» ռեալիթի շոուն, որը նախաձեռնել էին «Արմնյուզ» և «Ա1+» կայանները։ Ահա թե ինչպես է նախագիծը ներկայացվում Յություբում. «Առաջին անգամ Հայաստանում իրականացվեց հեռուստատեսային մեծածավալ նախագիծ` սահմանադրական փոփոխությունների կողմնակիցներն ու հակառակորդները քարոզչական համատեղ արշավի մեկնեցին մարզեր, որտեղ նրանց հանդիպումներին և «Այո-ի ու ոչ-ի» բանավեճին կարելի էր հետևել ուղիղ հեռարձակմամբ»։

Այս բոլորը ճիշտ է, բայց նախագծի հետ կապված կար երկու մտահոգություն։ Արդյոք «Ոչ»-ի թիմի անդամները իշխանությանը հաճո ընդդիմադիրներից չէի՞ն, ինչը բանավեճը կդարձներ ձևական։ Արդյո՞ք «Ոչ»-ի երդվյալ պաշտպանների մեջ եղել է վստահության բավարար պաշար, որ չենթադրեին, թե սա իշխանության հերթական ձեռնածությունն է և իրենք խուսափեին մասնակցելուց։

Ըստ ԿԸՀ ամփոփիչ փաստաթղթի, «Այո»-ի կողմնակիցները հանրաքվեում հաղթեցին 63.37%-32.36% հարաբերակցությամբ, բայց նոր մեդիա հարթակները թույլ են տալիս համեմատել քվեարկության պաշտոնական արդյունքները և հանրային արձագանքը։

«Սիվիլնեթ» կայքի պատրաստած «Քարոզարշավն ու սոցիալական մեդիան» հաղորդման մեջ խոսվում է Հանրապետական կուսակցության երիտթևի «Այո»-ի օգտին քարոզչական հոլովակի «հազարավոր «դիսլայքերի» մասին»` հատուկենտ «լայքերի» համեմատ։

Հասկանալի է, որ այսպիսի դեպքերում խոսքը հոլովակի որակի մասին չէ, այլ՝ «Այո»-ի ուղերձի, որի մասին մի օգտատեր հիշեցնում է «ԱրմՔոմեդիի» հեղինակներին իր մեկնաբանության մեջ։

Ինչ վերաբերում է դիտորդների արձագանքներին, ապա մեկ օրինակով կարելի է ցույց տալ, թե ինչպես է մեդիան երկակի ստանդարտներ կիրառում։

Հայաստանյան Սահմանադրական հանրաքվեից մեկ ամիս առաջ «Արմենպրես» պետական գործակալությունը և panorama.am հայտնի կայքը ծավալուն անդրադարձ կատարեցին EPDE-ի` «Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի» զեկույցին, որտեղ կասկածի են ենթարկվում Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների դրական դիտորդական գնահատականները։ Բայց երբ նույն կազմակերպությունը  հայտարարեց, որ Սահմանադրական հանրաքվեի «պաշտոնական արդյունքները միանգամայն պարտադրված են ու կեղծված և չեն արտացոլում Հայաստանի քաղաքացիների կամքը… ուստի, հանրաքվեն և դրա հիման վրա ընդունված փաստաթուղթը կեղծ են», վերոհիշյալ լրատվամիջոցները լռության մատնեցին զեկույցը։

Ընդամենը մի քանի օրվա համբերություն, և մենք կարող ենք խոսել արդեն ԱԺ 2017-ի ընտրություններին լուսաբանման, կոռուպցիայի դեմ հերթական «մեդիամարտի» արդյունքների մասին, որոնք պայմանավորված են թե՛ մեդիայի անկախության ու արհեստավարժության աստիճանով, թե՛ իշխանության քաղաքակիրթ կամ քրեական պահվածքով։  

Վահրամ Մարտիրոսյան
Ըստ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատուն» մեդիա թանգարանի նյութերի

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *