2019.02.25,

vox populi

Մարիամ Սարգսյան. Մարդիկ են մեդիան` հորաքույրեն ու իրենց գանձերը, լայվ անողն ու այդ լայվը դիտողը

Ապրիլի 22-ի առավոտ: Դժվարությամբ արթնացել եմ, համակարգչով միացրել Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան լայվը ու խոհանոցում սուրճ եմ պատրաստում:  Ականջիս հասնում են Փաշինյանի կոչերը՝ այս ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը պակասում է միայն քո անձնական մասնակցությունը:

Իսկ ես սպասում եմ: Էրեբունի են գալիս, հենց հասնեն թանգարանի մոտ («Էրեբունի»  արգելոց-թանգարանի մոտ եմ ապրում), կմիանամ: Արցախի պողոտայում են, մինչև այստեղ գան, կհասցնեմ սուրճս խմել: Բաժակը ձեռքիս մտնում եմ սենյակ, որտեղ համակարգիչն է միացրած: Անհասկանալի կադրեր են, աղմուկ:

Մեկնաբանություններն եմ կարդում՝ «Նիկոլին պահեք, չտանեն», «vay es dzer…», «արա ախր ոստիկանը մերն ա», ու էդ «նեղ մաջալին» ինչ-որ մեկը (ավելի ճիշտ՝ մի քանիսը)՝ «QOMENT MI GREQ KAXUMA»:

«Ազատության» էջ եմ մտնում՝ հա էլի՝ Նիկոլին տարան: Արագ հագնվում ու դուրս եմ վազում. էլի չհասցրի սուրճս խմել: Բակում մի քանիսը հանգիստ կանգնած են. սուրճս չխմելու զայրույթն էլ իրենց վրա եմ թափում, «ձեռքի հետ» էլ մեդիա դառնում՝ Նիկոլին տարան, Հայաստանը կործանում են, դուք էստեղ ձեզ համար հանգիստ հա՞: Ու առանց պատասխանի սպասելու՝ վազում:

Ընթացքում 2008-ն եմ հիշում: Հայաստանի հեռավոր գյուղերից մեկում մենք միայն ինչ-որ անօրինական հավաքների մասին էինք լսել, իսկ հիմա հենց նույն գյուղում մարդիկ լայվ են նայում: Այ քեզ առաջընթա՜ց, ով կմտածեր…

Երթի եմ, կողքիս կանգնած տարեց կնոջ միացրած լայվով հետևում եմ, թե ինչ է կատարվում այնտեղ, որտեղ նաև ես եմ: Հիմա չգիտեմ՝ այդ կի՞նն է մեդիան, թե՞ լայվը. լավ է՜…

Ապրիլի 23, մոտ 16:00: Կանգառում եմ, հրապարակ պիտի գնամ: Երթուղայինն ուշանում է մոտ կես ժամ: Ինձ նման շատերն են կանգնած, զրուցում ենք՝ բոլորս հմուտ քաղաքագետների պես: Մեկն ասում է, որ այսօր արցունքաբեր գազ են տարածելու, մյուսը՝ տանկերով են հարձակվելու, մեկն էլ՝ թե հանկարծ սուպերմարկետներից սնունդ չգնեք, լուծողական են լցրել:

Հիշում եմ Ֆեյսբուքի տասնյակ նամակներս՝ բոլորը նմանատիպ բովանդակությամբ ու պատկերացնում, որ շուրջս հավաքված տիկնայք հորաքույրներ են, ու վստահաբար զարմուհիների նկարների տակ բարևել են հարազատներին, հարցրել տնեցիների որպիսությունն ու անպայման մի վարդի նկարով ասել՝ XORKURI [email protected]:

Որերորդ անգամ կրկնում եմ նույն տեքստը՝ Ժողովուրդ, ապատեղեկատվություն մի տարածեք ու սադրանքներին մի տրվեք, դրանք բոլորը չճշտված են: Արժանանում եմ մի կնոջ ոչ այնքան բարի հայացքին. հաստատ մտածում է՝ VAY ES [email protected] (հա, հենց լատինատառ է մտածում):

Ժպտում եմ ու հաստատ որոշում՝ տուն գալուն պես մի լավ կստուգեմ Ֆեյսբուքի էջս, ընկերներիս ցանկից կմաքրեմ բոլոր XORKUR-ներին ու իրենց GANDZ-երին,  որ նման նամակներ չստանամ. թե ոնց մինչ այս չէի արել:

Վերջապես մի երթուղային գալիս է. սա հրապարակ չի հասնում, բայց ոչինչ, մնացած ճանապարհը կքայլենք, սովոր ենք: Բոլորս դժվարությամբ տեղավորվում ենք՝ իրար զիջելով: Մեկն, ով արդեն ներսում էր, շնորհավորում է՝ Սերժը հրաժարական տվեց, հենց նոր:

Ես չեմ հավատում ու այս անգամ արդեն առանց հանդուրժողականությամբ ու զայրացած, պատասխանում՝ դե հերիք է էլի, ամեն մեկդ մի անկապ բան կարդում ու առանց ճշտելու ասում եք, ախր չի կարելի չէ՞:  

Որտեղի՞ց գիտեք՝ ընկերուհիս ասաց: Քմծիծաղում եմ՝ թե քո ընկերուհին երբ դարձավ ինֆորմացիայի վստահելի աղբյուր (վերջին օրերին սկսել եմ մարդ-մեդիային չհավատալ): Հաջորդ կանգառում էլի մեկն է ժպիտը դեմքին բարձրանում ու միանգամից՝ աչքներդ լու՜յս…

Մի կերպ կարողանում եմ ընկերուհուս զանգել, խնդրում եմ բառացի կարդալ հրաժարականի տեքստը: Այս անգամ արդեն հավատում եմ: Այն աղջիկն, ով առաջինն ասաց լուրը, և ում ընկերուհու տված ինֆորմացիային չէի հավատում, ներողամտորեն ժպտում է, թե տես՝ ընկերուհիներն էլ կարող են վստահելի ինֆորմացիա տարածող լինել: Ժպտում է նաև այն հորաքույրը` նորից, բայց այս անգամ լավ իմաստով (ու հայատառ) մտածելով՝ վայ էս սերունդը…

Ինձ տված խոստումս կատարում եմ՝ ջնջում եմ ապատեղեկատվություն տարածող բոլոր ընկերներիս: Ցավոք, շատ են: Բայց չեմ մոռանում, որ նրանցից շատերի գոտեպնդող գրառումներն են նաև, որ ինձ ստիպել են տնից դուրս գալ ու պայքարել:

Հենց նրանք են թեկուզ լատինատառ ասել, որ տանը նստելով հեղափոխություն չենք անի: Ես ոչ թե լրատվականներին, այլ հենց նրանց հավատալով եմ իմ քայլն արել: Նրանք, փաստորեն, միաժամանակ եղել են և՛ ապատեղեկատվություն տարածողը, և՛ դրա դեմ պայքարել ստիպողը:

Մեդիան հենց մարդիկ են՝ հորաքույրներն ու իրենց գանձերը, երթուղայինների քաղաքագետ դարձած վարորդներն ու կանգառում ժամերով առանց ինտերնետի սպասողներն ու վերլուծություններ անողները, լրատվականի լայվով կնոջը տուն գալու ժամն ասողն ու նույն լայվը դիտող կինը…

Մեդիան ես եմ՝ այսքան կասկածամիտ ու միաժամանակ մարդ-մեդիային այսքան հավատացող:

Մարիամ Սարգսյան,
ԵՊՀ, ժուռնալիստիկայի ֆակուլտետ
Այս աշխատանքը արժանացել է 2018թ. «Ես եմ մեդիան» մրցույթի խրախուսական մրցանակի

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *