2019.04.11,

Քննադատ

Մարդուն արժևորելու երկչոտ քայլերը

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան

Լրագրող, արվեստի քննադատ

Վերջին օրերին Հայաստանում լրահոսը ձևավորում են մի քանի խոշոր լրատվական ալիքներ, որոնք երկարատև սենսացիա լինելու հավակնություն ունեն ու բորբոքում են հանրային փխրուն անդորրը, որը զգույշ քայլերով փորձում է հաստատվել թավշյա հեղափոխությունից հետո:

Ապրիլի 5-ին ԱԺ-ում մարդու իրավունքների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ երեք րոպեանոց ելույթ ունեցավ տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը, որը խոսեց սեռափոխված ՀՀ քաղաքացիների իրավունքների ու ընդհանրապես գոյության վտանգների մասին: Դա աննախադեպ էր, քանի որ առաջին անգամ բարձր ամբիոնից հանրությունը տեսավ սեռափոխված մարդու, որը չի թաքցնում իր սեռը ու իր մտահոգությունները:

Իսկ ապրիլի 2-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հարցազրույց տվեց «Ամերիկայի ձայն»-ին, որտեղ, ներկայացնելով իր «Կանայք հանուն խաղաղության» արշավը, ասաց, թե «այս նախաձեռնության միակ իմաստը զինվորների կյանքը պաշտպանելն է և նրանց ուղղակի չզոհաբերելը՝ հանուն ոչնչի»:

Թեև այս երկու ելույթները իրարից տարբեր թեմաներով են ու հնչեցրած տարբեր հանրային կշիռ ունեցող անձերի կողմից (մեկին բոլորը ճանաչում են, իսկ մյուսին ԱԺ-ում տեսան առաջին անգամ), բայց իրականում նույն բանի մասին են՝ մարդու արժևորման:

Մարդու արժևորումն էր այն մեկնակետը, որից սկսվեց թավշյա հեղափոխությունը ու որի շնորհիվ այն հնարավոր դարձավ:

Հեղափոխությունից մեկ տարի անց, ապրիլի 9-ին, մարդու արժևորման սիմվոլիկ ուղերձներում առաջացավ լուրջ խզում, երբ ՀՀ վարչապետը ՀՀ քաղաքացու (լուռ կանգնած ու ինքն իրեն չարժևորող) վրա զայրացավ ու պահանջեց հեռացնել նրան աշխատանքից (առանց այդ լիազորություններն ունենալու):

Պատճառը մարդը չէր, այլ դրոշը, այսինքն, առարկան, որն էլ համարվեց ավելի ազդեցիկ սիմվոլ:

Իսկ երկու օր անց, ապրիլի 11-ին, ավելի բարձր ամբիոնից՝ ԵԽԽՎ-ում ՀՀ վարչապետը մեկ անգամ էլ վերադարձավ այն անվրեպ մեդիա «զենքին», որն օգնում է մարդակենտրոն հանրային ուղերձներ փոխանցել մարդկությանը:

Խոսելով Արցախի հանրապետության քաղաքացիների մասին, նա հիշեցրեց միջազգային հանրությանը. «Մարդն ավելին է, քան որևէ փատաթուղթ»:

Նաև այն դեպքում, երբ մարդը չճանաչված հանրապետության փաստաթղթեր ունի:

Հանրային նուրբ համերաշխությունը կամ խաղաղությունը կառուցվում է դանդաղորեն ու պարբերաբար կրկնվող ուղերձներով: Եվ հարգանքը անհատի նկատմամբ ամենալավ ուղերձներից է, որը հանրային ելույթներից անցնելով լրատվական դաշտ (և հակառակը), ունակ է ձևավորել ավելի հաշտ ու խաղաղ միջավայր գնահատող հասարակություն:

Սովետական տարիները սովորեցրել էին, որ անհատը ոչինչ է, իսկ կոլեկտիվը՝ ամեն ինչ: Հետո արդեն անկախ Հայաստանում անընդհատ հիշատակվում էին մեծ նպատակներն ու սպառնալիքները, որոնց ստորադասվում էր անհատականը, այսինքն՝ փոքրը:

Մեծը պատերազմն էր, շրջափակումը, ավելի խոշոր պետությունների շահերը և այլն:

Եվ քանի դեռ դրանք են մեծը, փոքրին (մարդու) հաշվի չենք առնում:

Ասենք, մոռանում ենք Լիլիթ Մարտիրոսյան անձի մասին ու անցնում ավելի մեծ դիտակետերին՝ օգտագործելով աստվածաբանական, ահաբեկչական, «ազգային» հռետորաբանությանը:

Եվ հետո այդ ահաբեկող ու իբրև թե «մեծ» դիրքերից խարանի ենք ենթարկում մեկ անհատի՝ օգտագործելով ողջ լրատվական զինանոցն ու քաղաքական ներուժը:

Քննադատում ենք Աննա Հակոբյանի խաղաղասիրական միտքը, որի հիմքում հենց «ոչինչ»-ն է, եթե այն անդեմ է ու ոչ անհատականացված:

Մտածում ենք, բա ինչպես է ապրելու մաքսատան այն աշխատակիցը, որը հայտնվեց վարչապետին ուղեկցող տեսախցիկների առջև որպես լուռ թիրախ:

Հիմա այն պատմական փուլն է, երբ կարելի է հանրային խաղաղության ողջ կառույցը դնել ավելի ամուր (թերևս միակ ամուր) հիմքի վրա՝ մեկ մարդու արժևորման:

Ընդ որում՝ մարդը կարող է լինել, թե՛ չճանաչված հանրապետության քաղաքացի, թե՛ «չճանաչված» կողմնորոշման ներկայացուցիչ, թե՛ չճանաչված ընդհանրապես:

Չճանաչվածին, տարօրինակին, անծանոթին, օտարին ընդունելու ու արժևորելու հեղափոխությունը կոչվում է «թավշյա»:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *