2018.05.23,

Տեսակետ

«Մարդիկ ուզում են, որ իրենց խոսքը լսելի լինի ավելի բարձր ամբիոններից, քան Ֆեյսբուքի ստատուսն է»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան

Լրագրող, արվեստի քննադատ

«Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը «Քայլ արա» շարժման ընթացքում շատ հետաքրքիր դերակատարում ունեցավ: Բացի լուրջ քաղաքական տեղաշարժերի մասնակիցը լինելուց, նա նաև ինքնահաղթահարման ու լարված իրավիճակներում արագ կողմնորոշվելու օրինակ ցույց տվեց:

Նա շատ չէր երևում եթերում, չէր ստեղծում նաև ուղիղ հեռարձակումներով շփվելու սեփական ալիքը, առանձնապես աչքի չէր ընկնում հռետորիկ տաղանդով, բայց նրա կերպարն ու դերը այս բաց ձեռքերի հեղափոխության ընթացքում շատ կարևոր էր:

Իրականում հայրիշխան, բայց բաց մեդիա հարթակներով շրջապատված հասարակությունում կին քաղաքական գործիչ լինելը երկակի հետաքրքիր է (թերևս, ինչպես հեղափոխություն անելը), քանի որ վարքագծային մոդելներ շտկելու հնարավորությունները դառնում  են ավելի զգայուն ու ճկուն:

Օրինակ, ծայրաստիճան պրագմատիզմին հակադրվում է մաքուր ու շողշողուն իդեալիզմը:

Լենա Նազարյանն իրեն իդեալիստ է համարում: Եվ դա թերևս լավագույն հակահարվածն է լճացած ու կաղապարված իրականությանը:

Բաց լինելը մեդիայի առջև դարձավ շարժման հիմքը: Դա հաշվարկվա՞ծ որոշում էր հենց առաջին քայլերթից:

Կարծում եմ, դա ոչ թե կանխամտածված էր, այլ բնական: Եվ սկսվեց հենց առաջին լայվից՝ Գյումրիում, որտեղ Նիկոլ Փաշինյանը ուղիղ միացմամբ, այլ ոչ թե կազմակերպված ասուլիսի միջոցով հայտարարեց, որ մենք անում ենք մեր քայլը:

Ինձ համար էլ էր բացահայտում, թե ինչ կարող է տեղի ունենալ, երբ բաց լինենք բոլորի առջև, ցույց տանք մեր անձրևի տակ թրջվելը, գիշերը մրսելը, ցերեկը արևահարվելը, դժվարություններ հաղթահարելը:

Մենք սկսեցինք քայլել, և օրերի ընթացքում երևացին մեզ հետ կատարվող արտաքին փոփոխությունները՝ տղամարդկանց մոտ մորուք աճեց, մեր ձեռքերը արևահարվեցին, ցրտահարվեցին ու նորից արևահարվեցին:

Մտածում էի՝ միգուցե շատ ավելին ենք ցույց տալիս, քան պետք է:

Ասենք, զրուցում էինք, թե ինչը ընտրենք գիշերելու համար՝ լքված շինությունը, որը ծածկ ունի, թե տեղադրենք վրանը խոնավ հողի վրա: Եվ հանկարծ տեսնում էինք, որ մեր թիմից ինչ-որ մեկը լայվ մտավ ու հեռարձակեց մեր զրույցը:

Անգամ չէինք նկատում, որ ուղիղ եթերում ենք և մեզ նայում են:

Կարծում եմ, որ այդ բնական իրավիճակն ու անմիջականությունը մեզ շատ օգնեց հետագայում: Մենք ցույց տվեցինք, թե ինչպիսին ենք իրականում, այսպես ասած՝ «առանց փողկապների»: Եվ հենց այն միջավայրում, որտեղ ապրում են իրական մարդիկ:

Ցույց տվեցինք նաև, թե ինչպես ենք միմյանց վերաբերվում, ինչպես ենք հարցեր լուծում: Եվ մարդիկ մեզ ճանաչեցին:

Բայց այդ ժամանակ ձեր քայլարշավը քիչ արձագանք ուներ:

Արձագանքը քիչ էր, բայց շատ էին դիտումները:

Հասարակությունը նայում, դիտարկում, հետևում էր մեզ, մտածելով՝ սրա՞նք են քաղաքական գործիչները, այս մարդի՞կ, որոնք գյուղացու բերած աթարով պատրաստած կարտոֆիլ են ուտում ու քնում վրաններում, Սերժ Սարգսյանը և մնացածը այդպես չէին անի, քանի որ կնախընտրեին էլիտար պայմանները:

Մեր մուտքը իրական կյանք ձևական չէր, Նիկոլ Փաշինյանը այնպիսին էր, ինչպիսին երևաց հենց առաջին լայվերում: Նա սիրում է գետնին նստել, ուտել այն, ինչը տարածված ժողովրդական ուտեստ է: Եվ այդ ամենը ցույց տալը օգնեց, որ մեզ ճանաչեն:

Շղթայական ռեակցիան մեծ դեր խաղաց: Իսկ հիմա հետհեղափոխական իրավիճակում նույնքա՞ն կարևոր է բաց ու ուղիղ հեռարձակմամբ աշխատելը:

Վստահ եմ, որ ուղիղ կապը պիտի անպայման մնա, և խոսակցությունը մարդկանց հետ շարունակվի: Եթե կորցնենք հետադարձ կապը, նորից կհայտնվենք կյանքից կտրված իրավիճակում:

Մեկ տարի կատարում եմ պատգամավորական աշխատանք, բայց երբեք ինձ այնքան մոտ չեմ համարել մարդկանց, ինչպես երկու շաբաթ տևած քայլարշավի ընթացքում: Մարդիկ ճանապարհին մեզ ողջունում էին, ավտոմեքենաներից ազդանշաններ տալիս, հյուրասիրում իրենց ձեռքի տակ եղածը՝ խնձոր, հաց, պանիր:

Ես վերջապես հասկացա, որ շփվում եմ իրական կյանքով ապրող մարդկանց հետ:

Ամբիոնները միշտ խեղում են ու կտրում կյանքից: Կարծում եմ, Ազգային ժողովի ամբիոնը նույնպես:

Մայիսի 8-ի իմ ելույթը ԱԺ-ում առաջին դեպքն էր, երբ հասկացա, իրոք բան ունեմ ասելու, այդ ասելիքը իմաստ ունի ու մարդիկ դա լսում են:

Նախկինում ելույթ ունենալու ժամանակ զգացողություն ունեի (ու դա հստակ երևում էր իմ խոսքում), որ որքան էլ կարևոր ու իմաստալից բաներ ասեմ, չեմ կարող կապ ստեղծել մարդկանց հետ: Մարդիկ ինձ չէին ընկալում որպես Ազգային ժողովում իրենց ներկայացուցիչը: Կարծես անընդհատ օտարվում էի:

Անկեղծ եմ ասում՝ առաջին անգամ մայիսի 8-ի ելույթում հասկացա, որ ինձ լսում են և շնորհակալ էի այդ կապի համար:

Կառավարության նոր թիմում շատերը Նիկոլ Փաշինյանի նման փորձառու ու լավ հռետորներ չեն, կարող են իրենց թույլ տալ սխալվել, սոցցանցերից գրառումներ ջնջել, նորից փորձել: Դա հմայիչ ու կենսունակ է թվում:

Մեր բոլոր նախարարները մարդիկ են, որոնք վաղուց գրանցված են Ֆեյսբուքում, ունեն տարբեր նկարներ ընկերական շրջապատում, այդ թվում նաև՝ գինովցած վիճակում: Ներգրավված են եղել տարբեր ցանցային բանավեճերում, որտեղ հնարավոր է թույլ են տվել կոպիտ խոսքեր կամ արել են բարկացած մեկնաբանություններ:

Այսինքն, մեդիայի միջոցով տեղի է ունեցել անկեղծ, անմիջական շփում մարդկանց հետ: Եվ հիմա էլ նրանք շարունակում են պահպանել այդ կապը հենց մեդիայի միջոցով:

Կարծում եմ՝ դա շատ կարևոր է, քանի որ եթե հանկարծ նախարարը, պատգամավորը, վարչապետը կտրվում են իրականությունից, կորցնում են կապը ներկայի հետ, այլևս վերջ:

Առհասարակ, աշխարհում վաղուց արդեն սկսվել է այն պրոցեսը, երբ ո՛չ իշխանությունները, ո՛չ ընդդիմությունը այևս չունեն այն ներկայացուցչական մանդատը, որն ունեին նախկինում:

Մարդիկ հիմա առավելապես ուզում են մասնակցել ու ներգրավվել գործընթացներին, այլ ոչ թե թողնեն, որ իրենց ներկայացնեն: Նրանք մտածում են՝ ինձ պետք չի ներկայացնել (ես դա կարող եմ անել ինքս), ավելի լավ է, ինձ ներգրավվեք որոշումներ կայացնելու գործում:

Ես արդեն իսկ մեդիա եմ, թեկուզ միայն իմ սոցցանցերի հաշիվներով և ուզում եմ, որ ինձ օգնեն խոսքս լսելի դարձնել ավելի բարձր ամբիոններից, քան Ֆեյսբուքի ստատուսն է:

Եվ մարդիկ շատ պարզ տեսնում են, եթե քաղաքական գործիչները դա չեն հասկանում:

Շատ սիմվոլիկ էր Ձեր ելույթը հրապարակում ապրիլի 22-ին, երբ Նիկոլ Փաշինյանին ու մի քանի պատգամավորների բռնեցին, և հարց ծագեց, թե ինչ քայլ պիտի արվի: Եվ ով պիտի անի:

Կար նախապատմություն, որը մեդիայով չէր երևացել: Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո, երբ առևանգեցին Նիկոլին, Արարատին ու Սասունին (անգամ հայտնի չէր նրանց գտնվելու վայրը), ձերբակալեցին Արմենին ու Դավիթին, քաղաքացիական հագուստով մարդիկ տարան նաև Տիգրանին, թիմից մնացին շատ քիչ մարդիկ, որոնք միմյանց վստահում էին: Հանրապետության հրապարակի հարթակին չկարողացավ մոտենալ նաև Սուրենը:

Ես ու Ռուբենը մնացել էինք երկուսով, իսկ հրապարակում հազարավոր մարդիկ հավաքված՝ սպասում էին:

Գումարած դրան՝ եկել էին այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ և փորձում  էին ելույթ ունենալ, օրինակ Զարուհի Փոստանջյանը:

Եվ մենք հասկացանք, որ եթե հիմա չխոսենք, ով ասես կարող է բարձրանալ հարթակ ու ցանկացած հայտարարություն անել:

Ասենք, կոչ անել գնալ Բաղրամյան, ինչը միանգամից կենթադրեր բախում ու հիմք կտար արտակարգ իրավիճակ մտցնել:

Վախ չկա՞ր: Միգուցե կնոջը չձերբակալելու որոշում կար, ինչը թերևս կարելի է համարել նաև սեռական խտրականության դրսևորում (կինը սպառնալիք չէ):

Իրականում, շատ մեծ վախ կար: Այդ օրը, երբ դուրս եկանք գրասենյակից ու շարժվեցինք դեպի Մաշտոցի պողոտա, տեսանք, որ մեր հետևից վազում են քաղաքացիական հագուստով մարդիկ:

Իհարկե, հասկանում էի, որ իրավունք չունեն ինձ ձերբակալելու, բայց դա միայն տեսականորեն: Ես սկսեցի վազել, պարզապես շնչակտուր լինելով: Բարեբախտաբար, Մաշտոցի պողոտայում հոծ երթ էր, որին միացա:

Կարծում եմ, դա ինձ փրկեց ու թույլ տվեց հասնել հարթակ, քանի որ երթի միջից ինձ չէին տանի. մարդիկ պարզապես թույլ չէին տա:

Եթե անգամ չձերբակալեին, ապա հաստատ ինչ-որ տեղ կմեկուսացնեին: Իրենք ուզում էին անել այնպես, որ հարթակում խոսող չլինի:

Մինչ այդ ելույթը ես երբեք հարթակից, և այն էլ՝ այդքան մարդաշատ, չէի խոսել: Շարժման ընթացքում դա առաջին ու վերջին անգամն էր:

Պարզապես չէի կարողանում: Բարձրանում էի հարթակ, տեսնում էի մարդկանց ժպիտներն ու աչքերը, տպավորություն էր, որ նայում եմ աստղային երկնքին ու բառեր չէի գտնում:

Անհնարին էր թվում այդքան մարդկանց նայելով, պարզ բաներ ասելը: Այնպես, որ առաջին անգամ խոսեցի զուտ անհրաժեշտությունից դրդված՝ փոխանցելու համար Նիկոլի ուղերձը, որ անկախ ամեն ինչից, մենք շարունակում ենք մեր պայքարը:

Այն, ինչ տեղի ունեցավ, հեղափոխությու՞ն էր: Որպես եզր: Եվ եթե, այո ապա, հիմա ի՞նչ բառով կբնորոշեք իրավիճակը:

Նույնիսկ պատրաստ եմ համաձայնվել ոստիկանապետ Օսիպյանի հետ, որ սա իշխանափոխություն էր, քանի որ հեղափոխությունը հասարակական հարաբերությունների փոփոխություն է:

Հեղափոխություն կլինի այն ժամանակ, երբ ընտանիքում չի լինի բռնություն, բուհերը կապակուսակցականացվեն, դատարանները կկայացնեն արդար վճիռներ, աշխատավորն աշխատավայրում իրեն չի զգա իրավազուրկ ու ձայնազուրկ, պետական համակարգը չի լինի կոռումպացված: Եվ երբ մարդիկ չեն լինի կոռումպացված:

Իսկ իշխանափոխությունը ընդամենը քաղաքական էլիտայի փոփոխություն է, իսկ մեր դեպքում՝ կիսատ, քանի որ կառավարությունը փոխվեց, բայց Ազգային ժողովը՝ ոչ:

Մեր կառավարությունում այժմ գտնվում են մարդիկ, որոնք իդեալիստներ են: Համակիրներն են այն իդեաների, որ կառավարումը պիտի լինի բաց, թափանցիկ, հաշվետու, և դա երևում է մեդիայի հետ նրանց անմիջական շփումից: Նրանք հավատում են այն արժեքներին, որոնց մասին խոսում են:

Իդեալները արժե՞ք են:

Ինձ համար արժեք են, և ուրեմն ես էլ եմ իդեալիստ:

Իսկ հեղափոխությունը չի ավարտվել, քանի որ շատ կարևոր կառույցներ դեռևս գտնվում են Հանրապետական կուսակցության ձեռքում և պետք է պատրաստ լինել նրանց հակահարվածներին:

Այնպես, որ ամեն ինչ դեռ առջևում է: Շատ դժվար է լինելու:

 

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի

 

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *