2019.04.09,

Տեսակետ

«Մանիպուլատիվ լրատվամիջոցները երկու հիմնական մղում ունեն՝ հրահրել ռեպրեսիա և փորձել ապացուցել, թե բան չի փոխվել»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան

Լրագրող, արվեստի քննադատ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի համար հանրային համերաշխությունը առաջնային նպատակ է: Այս գաղափարը նաև անցումային արդարադատության հիմքում է:

«Ունեցել ենք «մութ ու ցուրտ տարիներ», «չար ու նախանձ» տարիներ (ընդ որում լատինատառ գրված) և հիմա այս տարիները կարող են ոմանց հիշողության մեջ մնալ որպես «սև ու սպիտակ» տարիներ, եթե չկիրառվի անցումային արդարադատություն: Կարծում եմ, որ ԱԺ ճշմարտության կամ հիշողության հանձնաժողովը պետք է օգնի, որ հաշտություն կնքենք անցյալի հետ: Դա ներառում է նաև ներելու ու պատասխանատվություն կրելու բաղադրիչը»,- ասում է նա:

Մարիա Կարապետյանը գտնում է, որ ԱԺ կամ կառավարության նիստերի ուղիղ հեռարձակումների հանդեպ մեծ հետաքրքրությունը վկայում է այն մասին, որ խորհրդարանն է իրական բանավեճերի վայրը.

«Նիստերը հեռարձակվում էին նաև նախկինում, բայց բոլորս գիտեինք, որ որոշումները բոլորովին էլ այնտեղ չէին կայացվում: Իսկ հիմա տեսնում ենք, որ բանավեճը բեմում է, ոչ թե կուլիսների հետևում: Կուլիսներ պարզապես չկան»:

Ֆեյքերից ու անբարեխիղճ լրատվությունից շատ քաղաքական գործիչներ են դժգոհ ու այդ մասին պարբերաբար հայտնում են հանրային խոսքում, ինչը աղմկալի արձագանք է ստանում հենց լրատվական դաշտում: Դա իրոք առաջնայի՞ն խնդիր է:

Ժողովրդավար մտածողությամբ քաղաքական գործիչն, իհարկե, կցանկանար չմիջամտել մեդիայի գործերին: Եթե դատական իշխանությունը կարող է հիմնովին բարեփոխվել, ապա մեդիայի պարագայում միջամտությունը, եթե անհրաժեշտ է, պետք է լինի նվազագույն։

Իմ տպավորությամբ, այն բացասականը, որը տեսնում եմ լրատվական դաշտում, ռեպրեսիվ, ավտորիտար արձագանք հրահրելու փորձեր են:

Եվ քանի որ դա է որոշ լրատվամիջոցների վերջնանպատակը (այլ ոչ թե քննադատելը կամ պաշտոնյային հաշվետու դարձնելը), ապա ցանկալի է չտրվել այդ մղմանը:

Հաճախ առիթը ստեղծում են քաղաքական գործիչները կամ պաշտոնյաները, թեկուզ սոցցանցային հավակնոտ ու ոչ շատ մտածված գրառումներով: Հետո նրանց վրա բնականաբար «հարձակվում» են:

Սոցցանցերի հախուռն բնույթը ցանկացած մտքի արձագանքը կարող է դարձնել գերարձագանք: Իհարկե, սա էլ է հասկանալի, քանի որ կիսաավտորիտար ռեժիմից ինքն իրեն ազատած հանրությունն ունի մտավախություն, որ քաղաքական գործչի կողմից արտաբերված յուրաքանչյուր միտք հենց հաջորդ օրը դառնալու է օրենք և գործողություն:

Հետևաբար, մարդիկ փորձում են լինել նախահարձակ՝ թույլ չտալով, որ միտքը զարգանա, փոփոխվի, իր շուրջ ձևավորի հանդարտ քննարկում:

Այսինքն, մարդիկ երբեմն մտածում են, որ իրենց կարծիքը հաշվի չի առնվի, հետևաբար այն փաթեթավորում են առավել հարձակվողական տրամաբանությամբ: Սա իհարկե, մեր հանրության հին վախերն են:

Մինչդեռ հանրության ձայնը տեղ է հասնում, թեկուզ որոշումների հետաձգման տեսքով:

Չե՞ք կարծում, որ որոշումների հետաձգումը թվում է ոչ կոմպետենտություն և հակառակ էֆեկտն է ունենում: Այդպես եղավ, օրինակ, Օպերայի թատրոնի դեպքում:

Որքան գիտեմ, թատրոնի հետ կապված գործողությունները ընթացքում են, և այն վերլուծելը դժվար է։ Հետևաբար, հենց սկսում ենք վերլուծել, դառնում ենք մասնակից:

Կարիք կա իրականությունը համապատասխանեցնելու գործող օրենքներին: Սկզբից զգանք իրականությունը՝ իր թերություններով ու առավելություններով, հետո քննարկենք, թե ինչպես ենք այն փոփոխելու:

Նախորդ համակարգը, որքան էլ թվար զարգացած ու բարդ, մեծամասամբ ֆեյք էր:

Օրինակ, եթե ուզում ես կատարել տնտեսական վերլուծություն, չես գտնում անցյալում կատարված ճիշտ հաշվարկներ ու տվյալներ: Այսինքն, իրականությունը հասանելի չէ, քանի որ մի բան է նկարագրված թղթի վրա, մեկ այլ բան է իրականում:

Անգամ եթե ունենք վերապահումներ, պիտի պատվենք գործող օրենքները, ինչպես ընդունում ենք գործող Սահմանադրությունը՝ չնայած որ այն փոխելու մտադրություն ունենք:

Տարիներ շարունակ արտադրվել են նաև քննադատական տեքստեր: Բայց քննադատությունների միջև տարբերություններին շատ մեծ ուշադրություն չենք դարձրել, քանի որ բոլորիս ջանքերը ուղղված էին մեկ նպատակի՝ հասնել ժողովրդավարական սկզբունքների մեկնակետին: Եվ շատերիս ուշադրությունից վրիպել էին կամ գիտակցաբար մի կողմ էին դրվել տարբեր բաժանարար գծերը:

Այսօր եթե քննարկումներում լինում են բաժանարար գծեր, ապա նշանակում է՝ մենք խնդրին կարող ենք տարբեր տեսանկյուններից և մարդկային փորձառություններից նայել։

Ի վերջո, նախորդ համակարգը փորձում էր անել այնպես, որ մենք միախմբվեինք (ձեռքի հետ էլ «պահպանեինք» օլիգարխիան և ճնշող համակարգերը) ազգային-պահպանողական օրակարգի շուրջ․ «Սիրե՛ք երկիրը և լռե՛ք»: Եվ այդ պարագայում ցանկացած բարձրացված հարց լռեցվում էր որպես անթույլատրելի տարակարծություն:

Էմոցիոնալ կապն էր համարվում հանրային համերաշխության աղբյուրը:

Բայց մարդիկ երկիրը սիրելու համար կառավարող ուժի օգնության կարիքը չունեն։ Եվ այս կառավարող ուժի առաջարկը ոչ թե սիրել սովորեցնելն է (դա արվում է ինքնաբուխ), այլ առաջարկելն է այնպիսի բովանդակություն՝ իրավունք և օրինականություն, աշխատելու և ստեղծագործելու հնարավորություն, հանուն որի էլ կարելի է էմոցիոնալ կապ ունենալ:

Հանրային համերաշխությունը չի կարող լինել բացառապես «ճակատագրի բերումով» ու «սերն առ երկիր» բանաձևով, եթե չկա ազատություն, արդարություն, օրինականություն։ Համերաշխությունը աշխատում է հասարակական պայմանագրի պես: Եվ բնական է, որ կլինեն բաժանարար գծեր:

Նախկինում պահանջված էին արտահոսքային լուրերը՝ դեղին, սկանդալային երանգով, նույնը տեղի է ունենում նաև հիմա: Որտե՞ղ եք տեսնում հիմնական մանիպուլյացիաները:

Մանիպուլատիվ լրատվամիջոցները երկու հիմնական մղում ունեն՝ հրահրել ռեպրեսիա և փորձել ապացուցել, թե բան չի փոխվել: Այսինքն՝ համոզելու, թե նոր կառավարող ուժը նույնպես ռեժիմ է:

Ու եթե լրատվամիջոցն ասում է, որ անում է այն, ինչն արել է միշտ, ուրեմն նրա համար իրավիճակ չի փոխվել։

Սա նշանակում է պնդել, որ կա՛մ Հայաստանում միշտ էլ եղել է ազատ մամուլ, կա՛մ Հայաստանում այսօր էլ լրատվամիջոցներ են փակում, հետապնդում ու հրահանգում են լրագրողներին:

Կուզենայի, որ չլիներ անհրաժեշտություն մեդիա դերակատարների մասին դատողություն անելու: Մանավանդ, որ շատերս կասկածներ ունենք որոշ դերակատարների մղումների ազնվության շուրջ:

Տեղեկատվական փոթորիկները երբեմն փոխարինում են միմյանց պատահականության սկզբունքով: Օրինակ, հանրային-քաղաքական դաշտում քննարկվող մեկ նորություն կարող է արագորեն ծածկել մյուսը:

Եթե լրահոսը ձևավորվում է նաև այդ եղանակով, հավելյալ ջանք է հարկավոր ռեալ խնդիրները և լուծումները տեսանելի պահելու համար, քանի որ հնարավոր է, որ  դրանք կորչեն մեկ այլ լրատվական փոթորիկի մեջ:

Բայց իհարկե, ընթացիկ փոփոխությունների մասին պետք է մանրամասն խոսել՝ անկախ նրանից, թե դրանք մեդիային հետաքրքիր են, թե՝ ոչ:

Սոցցանցային երկխոսությունը օգնո՞ւմ է հասկանալ հանրային տրամանադրությունը, թե՞ խանգարում է:

Հենց դուրս ես գալիս սոցցանցից, հասկանում ես, որ թեժ քննարկումներն այնտեղ երբեմն պատրանք են: Շատ մարդիկ մտածում են՝ արեցինք հեղափոխություն, հիմա ուզում ենք հանգիստ զբաղվել մեր գործերով և ամեն վայրկյան քաղաքականության մեջ ներգրավված չլինել: Ասում են՝ եկեք առաջ գնանք, ինչո՞ւ ենք արգելակում:

Իհարկե, սոցիալական ցանցերին հետևում եմ, քանի որ կան դերակատարներ, որոնց հետ շփվելու օղակը ցանցն է:

Բայց երբ իրականում ես շփվում ու տեսնում մարդկանց, կարող ես սահմանել, թե որքան երկար ու որքան խորը բովանդակային խոսակցություն եք ունենալու: Իսկ սոցցանցերը չունեն մասնակցության ձևաչափի հարցում համաձայնություն (թե ով որքան է մեկնաբանելու, մինչև ուր է հասնելու զրույցը):

Առանց պայմանավորվածությունների, հաճախ նաև առանց միմյանց ճանաչելու անվերջանալի քննարկումը ունի նաև վտանգ՝ միմյանց անտեղի վիրավորելու:

Իհարկե, ձգտում եմ գտնել օգտատերերի ու լրատվամիջոցների, որոնց ընթերցելը հաճելի է: Հաճելի է ոչ թե այն պատճառով, որ ականջահաճո բաներ են ասում, այլ տալիս են տեսանկյուններ, որոնք մինչ այդ չէի նկատել:

Կարծում եմ՝ հիմա կա որակյալ քննադատության քաղց, մանավանդ այն հարցերի շուրջ, որոնցում հմուտ չես: Բազմազան տեղեկատվական հոսքերի մեջ կարևոր է գտնել այն, ինչ իրոք արժեքավոր է՝ ազնիվ մղումներով է ասվում։

Ինձ թվում է՝ ով փնտրում է բովանդակային քննադատություն, նա էլ գտնում է կամ ինքն է սկսում այն:

Եվ եկեք չմոռանանք, որ լավատեսական էներգիա գեներացնելը մեծ ռեսուրս ու աշխատող գործիք է, որն էլ մեզ բերեց լուրջ փոփոխություններ:

Ապրած լինելով ճնշող համակարգում ու այդ հիշողությունների բեռի տակ՝ մենք երբեմն ամաչում ենք լինել ուրախ և ժպտալ: Միգուցե ուրախ մարդը զայրացնում է նրան, ում տնտեսական վիճակը անտանելի է, բայց կարևոր է, որ հոգատարությամբ և լավատեսությամբ աշխատենք։ Չէ՞ որ նույնիսկ ամենալուրջ խնդիրների քննարկումները այլևս գաղջով չեն պատված:

Լավատեսությունն է, որը թույլ է տալու մեզ, Մյունհաուզենի նման ինքներս մեր մազերից քաշելով, դուրս գալ ճահճից:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *