2019.05.31,

Ստուգված է

Մայիսի 15-31 շրջանառված կեղծ և հերքված լուրերը

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան

Լրագրող, սկսնակ նշանագետ

Մայիսի երկրորդ կեսին տարբեր աղբյուրների մանիպուլյատիվ նյութերի հետ մեկտեղ, կեղծ լուրեր հնչեցրեցին թե՛ կառավարության, թե՛ ընդդիմության ներկայացուցիչները։

Գումարի հափշտակում՝ ֆեյսբուքյան գովազդի համար

Մայիսի 17-ին Ֆեյսբուքի հայկական հատվածում շրջանառվեց քաղաքական գովազդ՝ պերուական Franco Cáceres – Cusco Rock երաժշտական խմբի անունից։ Գովազդում Digital Granate նախաձեռնության անդամները խոստանում էին «մաքրել համացանցը սորոսական գրանտակերներից»։

Media.am-ը պարզեց, որ Digital Granate-ը կոտրել էր պերուացի երաժշտի էջը և գումար հափշտակել նրանից՝ Հայաստանում քաղաքական գովազդ տարածելու համար։

Ավելի վաղ Digital Granate-ի անդամներին հաջողվել էր արգելափակել քաղաքացիական ակտիվիստ, «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Լարա Ահարոնյանի էջը։ Ահարոնյանի էջը հետագայում վերականգնվեց, իսկ Digital Granate-ինը՝ արգելափակվեց Ֆեյսբուքի կողմից։ Մայիսի 20-ին նախաձեռնությունը բացեց նոր էջ, որը մինչև այժմ հասանելի է Ֆեյսբուքում։

Դատարանի կոտրված ապակին դարձավ ապատեղեկատվության նյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին արձագանքելով, մայիսի 20-ին քաղաքացիները փակեցին դատարանների դռները։ Ակցիայի ժամանակ Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց, ասելով, որ «խառնամբոխն արդեն իսկ հասցրել է կոտրել ապակիներ, քաշքշել աշխատանքի գնացող դատավորների»։

Մելիքյանի տեղեկությունը հերքեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը։ Ըստ նրա, կոտրված էր երկշերտ ապակու ներսի մասը և ակցիայի մասնակիցները դրա հետ կապ չունեին։

Քիչ անց հերքում հրապարակեց նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, նշելով, որ ապակին կոտրվել է ներսից, հավանաբար՝ ամուր փակելուց։ «Այն նկարները, որոնք առանձին աղբյուրներում հրապարակվում են, չեն համապատասխանում իրականությանը»,- նշեց Մակունցը։  

Շահարկումներ միջազգային արձագանքի շուրջ

Դատարանների դռները փակելու մայիսի 20-ի ակցիայի ժամանակ տարածվեց նաև մեկ այլ ապատեղեկատվություն։ Լրատվականները հրապարակեցին Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության հատուկ հետազոտությունների գծով տնօրեն Նեյթ Շենքհանի անձնական թվիթերյան էջում արված գրառումը, որում նա քննադատում էր Հայաստանի իշխանությունների քայլերը։

Շենքհանի խոսքերը ներկայացվեցին առանց պարզաբանման, որ գրառումը կատարվել է նրա անձնական էջում։ Օրինակ, Lurer.com-ը գրեց․ «Վտանգը միշտ այն էր, որ Փաշինյանը կրկին կվերադառնա պոպուլիզմին. 1-ին միջազգային արձագանքը»։

Այսպիսի վերնագրերի օգտագործումը տպավորություն ստեղծեց, որ Շենքհանը արտահայտել էր Freedom House-ի պաշտոնական դիրքորոմը, ինչը չէր համապատասխանում իրականությանը։

«Խիստ հավաստի» տեղեկություն

Մայիսի 25-ին «168 ժամ» թերթը գրել էր, որ ԱԳՆ նախարար Զոհրաբ Մնացականյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է Ռուսաստանի Դաշնության իր պաշտոնակցի՝ Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցից հետո։

Թերթը պնդում էր, որ հրապարակումը հիմնված է «խիստ հավաստի» տեղեկության վրա, բայց չէր ներկայացնում ապացույցներ կամ տեղեկության աղբյուր։ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հերքեց լուրը, նշելով, որ նախարարը տվյալ ժամանակահատվածում երկրում չի գտնվել։

Ծխելը վնասակար է (և՛ աղջիկների, և՛ տղաների համար)

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանին մեղադրեցին քաղաքի մանկապարտեզներից մեկում ցուցադրաբար ծխելու մեջ՝ «ծնողների և երեխաների ներկայությամբ»։ Հղում տալով «Ժամանակ» թերթին, լրատվամիջոցները գրեցին, որ Գասպարյանը ծխելու համար արժանացել է ծնողների հանդիմանանքի և շեշտադրեցին ծխելու հետ կապված գենդերային տարբերակումը․ «ինչ օրինակ է ծառայում երեխաների համար, մանավանդ՝ աղջիկների»։

Դիանա Գասպարյանը հերքել է լուրը և ասել, որ «հոդվածը գրված է պատվերով»։ Գասպարյանը նաև նշել է, որ պատրաստվում է դատի տալ «Ժամանակ» թերթին։

Անհիմն, բայց լուրջ պնդումներ

Մայիսի 23-ին լուր տարածվեց, որ ՊԲ նախկին փոխնախարար Սամվել Կարապետյանը կազմակերպել է Արցախից մի խումբ գեներալների գաղտնի հանդիպումը օլիգարխների հետ, որին ներկա է եղել նաև Սամվել Ալեքսանյանը։ Կրկին «Ժամանակ» օրաթերթին հղում տալով այս հրապարակումը վերատպեցին news.am-ը, tert.am-ը և մի շարք այլ լրատվականներ ու սունկ կայքեր։

Հոդվածը պնդում էր, որ «մասնակիցները երդվել են ամեն ինչ անել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տապալելու համար», սակայն չի ներկայացնում պնդումների ոչ մի ապացույց:

Լուրը հերքեց Սամվել Կարապետյանը, հրապարակումն անվանելով «սադրիչ ապատեղեկատվություն»։

Հին լուրը՝ նորի տեղ

Մայիսի 22-ին տարածվեց Արցախի Հանրապետության խորհրդարանի հայտարարությունը, որում խորը անհանգստություն էր արտահայտվում Հայաստանում ծավալվող իրադարձությունների շուրջ։

Լուրը, սակայն, թարմ չէր։ Արցախի խորհրդարանը հայտարարությունը արվել էր 2018 թվականին՝ Թավշյա հեղափոխության օրերին։

Հին լուրը նորի տեղ հրապարակեցին Aurora ռադիոկայանը, Azat.tv կայքը: Արցախի ԱԺ-ն հայտարարություն տարածեց՝ կոչ անելով «առանց ստուգելու չտարածել Արցախի Հանրապետության Ազգային ժողովին վերաբերող որևէ տեղեկատվություն»։

«Արսենալը» Բաքվում քոչարի չեր պարում

Բաքվում կայացած ՈՒԵՖԱ-յի աղմկահարույց եզրափակիչ խաղից առաջ «Արսենալի» հարձակվող Պիեռ Էմերիկ Օբամեյանգը թիմի մարզումներից լուսանկար հրապարակվեց։ Баграмян 26 Telegram-ալիքը լուսանկարը տարածեց ոչ ճշգրիտ մեկնաբանությամբ, գրելով, որ ֆուտբոլիստները քոչարի են պարել ի պատիվ անվտանգույթյան նկատառումներով Բաքու չմեկնած Մխիթարյանի։

Նման մեկնաբանությունով լուրը տարածվեց, ապա հերքվեց մի շարք լրատվամիջոցների կողմից։ «Քոչարիի» լուսանկարին անդրադարձավ նաև ArmComedy-ն, հրապարակելով հումորային նկար «Arsenal-ի ֆուտբոլիստները բուրդ են չփխում Բաքվի մարզադաշտում ի աջակցություն Մխիթարյանին» վերնագրով։

Կենցաղային վեճը քաղաքական ենթատեքստով ներկայացվեց

Մայիսի 26-ին տեղեկություն տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանի աջակիցների հանրահավաքի ժամանակ դանակահարվել է Para TV լրատվականի աշխատակից։

Լուրը կեղծ էր։ Ոստիկանությունը պարզաբանում հրապարակեց, նշելով, որ Para TV-ի աշխատակիցը վիրավորվել էր կենցաղային վեճի ժամանակ և ոչ թե հանրահավաքի վայրում, այլ Սարյան փողոցի բնակելի շենքերից մեկի մոտ։  

Փաշինյանի և Պուտինի չկայացած հանդիպումը նախատեսված է եղել

Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև Նուր-Սուլթանում մայիսի 29-ին նախատեսված հանդիպումը չկայացավ։ Փաշինյանը և վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը պնդեցին, որ հանդիպումը նախատեսված չէր եղել։  

Fip.am-ը նշում է, որ հանդիպման մասին ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն խոսվել է դեռևս ապրիլին, իսկ Փաշինյանը հետագայում հաստատել է նրա խոսքերը։

Վարչապետի մամուլի խոսնակն ասել է, որ Նուր-Սուլթանում կայացել է Պուտին-Փաշինյան երկու հանդիպում, որոնք ոչ պաշտոնական են եղել։

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *