2016.05.03,

Նյուսրում

«Մամուլի ազատության ժամանակը»՝ Թաթուլ Հակոբյանին

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան

Լրագրող

Լրագրող Թաթուլ Հակոբյանը շնորհվեց Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված 2016 թվականի մրցանակը ՝ Ղարաբաղյան հակամարտության հետևողական և համակողմանի լուսաբանման համար:

Մրցանակը սահմանել են ՀՀ Ժուռնալիստների միությունը, Երևանի մամուլի ակումբը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը ( նախկին «Ինտերնյուս»):

«Ինձ համար շատ կարևոր է մրցանակ ստանալ լրագրողական կազմակերպություններից և ոչ իշխանություններից: Հպարտ եմ, որ իմ անունն էլ կնշվի այն լրագրողների կողքին, որոնք ստացել են այս մրցանակը»,- ասաց Թաթուլ Հակոբյանը:

Նրա կարծիքով՝ կարևոր է, որպեսզի լրագրողները կարողանան գտնել պատասխանատու լրագրության և ազատության սահմանները հատկապես պատերազմական իրավիճակում.

«Բայց չի նշանակում, որ իշխանությունները պետք է սա օգտագործեն մեր բերանը փակելու համար: Մեր բերանները պետք է ամենից շատ բաց լինեն, որովհետև մենք այն մարդիկ ենք, որոնք պետք է տան հնարավորինս համապարփակ, իրականությանը համապատասխանող ինֆորմացիա»:

Նրա խոսքով՝ լրագրողը պատերազմական իրավիճակներում հաճախ երկընտրանքի առջև է հայտնվում և ստիպված է լինում փոխզիջումնային որոշումներ կայացնել:

«Ես մինչև հիմա կամուկացի մեջ եմ՝ պե՞տք է գրեմ վերջնական ճշմարտություն, թե մենք ինչքան տարածք ենք կորցրել: Բայց, եթե գրեմ, դա կարող է պատճառ դառնալ, որ առաջիկա ամիսների ընթացքում այլևս հնարավորություն չունենամ ոտք դնելու այն տարածքները, ուր հիմա ինձ թույլ են տալիս մտնել: Մյուս կողմից, ես հասկանում եմ, որ լրագրող եմ ու պետք է տամ ամբողջական ինֆորմացիա: Այդ մասին, միևնույն է, գրելու եմ. կգրեմ երկու-երեք ամիս հետո, կգրեմ անցյալ ժամանակով, բայց քանի որ ինձ համար հիմա շատ կարևոր է գնալ առաջին գիծ, այո՛, ես որպես լրագրող պարտվում եմ, բայց ոչ թե պետական պատասխանատվությանը, այլ լրագրությունը մասամբ զոհաբերում եմ հետագայում ինֆորմացիա ստանալու հնարավորությանը»,- ասաց Թաթուլ Հակոբյանը:

«Մամուլի ազատության ժամանակը» մրցանակը տրվում է 2006 թվականից:

Միացյալ ազգերի կազմակերպությունը մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օր է հռչակել 1993 թվականին՝ մամուլի ազատության կարևորության մասին իրազեկությունը բարձրացնելու և կառավարություններին հիշեցնելու արտահայտվելու ազատությունը հարգելու և աջակցելու իրենց պարտականության մասին, որն ամրագրված է Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրի 19-րդ հոդվածով:

Մամուլի ազատության համաշխարհային օրը հնարավորություն է՝

  • նշանավորելու մամուլի ազատության հիմնարար սկզբունքներ
  • գնահատելու մամուլի ազատության վիճակն ամբողջ աշխարհում
  • պաշտպանելու մեդիայի անկախությունը ոտնձգություններից
  • հարգանքի տուրք մատուցելու այն լրագրողներին, ովքեր զոհվել են իրենց մասնագիտական պարտականություններն իրականացնելիս:

Այս տարի Մամուլի ազատության համաշխարհային օրվա թեման է՝ «Ինֆորմացիայի մատչելիություն և հիմնարար ազատություններ. սա քո իրավունքն է»:

2016-ին #WPFD- ի ուշադրության կենտրոնում են մամուլի ազատության երեք հայեցակետեր՝

  • ինֆորմացիայի ազատությունը որպես հիմնարար ազատություն և մարդու իրավունք
  • մամուլի ազատության պաշտպանությունը գրաքննությունից և գաղտնահսկումից
  • լրագրողների անվտանգության ապահովումը օնլայն և օֆլայն:

Աննա Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *