2017.10.23,

Տեսակետ

«Հիշողության վայրերը կարող են բուժել պատմության վերքերը»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան

Լրագրող, արվեստի քննադատ

Ստամբուլի Գալաթա հունական դպրոցի շենքը (Galata Greek Primary School) արդեն մի քանի տարի է վերածվել է արվեստի կենտրոնի, որը փորձում է հուշերն ու ապագան խաչող յուրատեսակ վայր դառնալ:

1905 թվականից այստեղ տեղակայված էր հունական տարրական դպրոցը, որը հետագայում դադարեց գործել՝  կորցնելով իր աշակերտներին (1964 թվականին Թուրքիայում սկսված հույների աքսորի հետևանքով երկու օրվա ընթացքում հազարավոր հույներ աքսորվեցին կամ լքեցին Թուրքիան): 200 հազարանոց համայնքից մնաց ընդամենը երկու հազարը:

Եվ մինչև վերջերս այս գեղեցիկ, նեոդասականության ոճով կառուցված շենքը դատարկ ու անորոշ կարգավիճակում էր: «Բայց 2012 թվականին հույն համայնքը շենքը հետ վերցրեց կառավարությունից: Մինչ այդ շենքը պարապ էր. մեջն էին դպրոցական պարագաները, փաստաթղթերը, արխիվները, բայց աշակերտներ չկային: Բնականաբար, կառավարությունը ուզում էր ձեռքը դնել այս գոցված շենքի վրա, այնպես ինչպես անում էր շատ հայկական ու հունական շենքերի հետ»,- պատմում է Գալաթա հունական դպրոցի ծրագրերի ղեկավարՀերա Բույուկթաշչյանը (Hera Buyuktasciyan):

IKSV-ի (Մշակույթի և արվեստի ստամբուլյան հիմնադրամ) միջոցով դպրոցի շենքը թեթևակի նորոգվեց, լուսավորվեց, և առաջին անգամ կազմակերպվեց Ստամբուլի դիզայնի բիենալեն, իսկ հետո այն դարձավ ավելի խոշոր՝ Ստամբուլի ժամանակակից արվեստի բիենալեի հիմնական հարթակներից մեկը:

Գալաթա հունական դպրոցի շենքը, որը պահպանեց թե՛ իր անունը, թե՛ սրահների (դասասենյակների) կառուցվածքը, սկսեց իր սեփական նախագծերն անել: Հերա Բույուկթաշչյանը դպրոցի այդ ձևաչափը անվանում է «հիշողության տարածք»:

Հերան ինքն էլ շատ հետաքրքիր և վառ արվեստագետ է, մասնակցում է տարբեր միջազգային ցուցահանդեսներին ու ժամանակակից արվեստի նախագծեր համակարգում: Որպես «Արմենիթի» հայկական ազգային տաղավարի մասնակից 2015 թվականին նա արժանացել է Վենետիկի «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակին:

Հունական և հայկական արմատները նրան ակամայից դարձնում են թե՛ արվեստի ենթատեքստային ներգործությունը գնահատող, թե՛ ազգային արժանապատվության մասին մտածող:

Այս դպրոցի պատմությունը կարծես մի մեծ արվեստի նախագիծ է: Արխիվային ցուցադրություններ նախատեսու՞մ եք:

Արվեստագետ լինելով՝ միշտ մտածում եմ ժառանգության, արխիվների ուսումնասիրության մասին: Ցավոք, դպրոցից շատ բան գողացված ու ոչնչացված է. հարյուր տարվա կյանքի մասին մնացել է շատ քիչ տեղեկություն, ընդամենը 660 աշակերտական ֆայլ: Իրականում, աշակերտները շատ ավելին էին:

Մենք հայտարարեցինք ժառանգության վերականգման ծրագիր ու արխիվի հետազոտման հետ մեկտեղ դպրոցում կազմակերպեցինք տարբեր նախագծեր: Վերաբացեցինք գրադարանն ու սկսեցինք ընթերցանության երեկոներ, ցուցահանդեսներ անել: Շատ գրողներ, արվեստագետներ, համադրողներ են գալիս:

Մենք շահույթ չհետապնդող միավոր ենք, հետևաբար շատ գումար չունենք, բայց տարին մեկ անգամ հրավիրում ենք արվեստագետի, որը դպրոցում նախագիծ է իրականացնում: Նախաձեռնությունները հաճախ կառուցվում են հիշողության ու ազգային փոքրամասնությունների իրավունքների վրա:

Ստամբուլի Գալաթա հունական դպրոցի շենքը, լուսանկարը՝ istanbultourstudio.com-ի

Աշխարհում հետարքիր կերպով մոնետիզացիայի է ենթարկվում նոստալգիան: Այս դպրոցն էլ բացի արդի արվեստի հարթակ լինելուց, հիշեցնում է, որ անցյալը արդի է:

Հարկավ, այդպես է: Իհարկե, խոշոր իրադարձությունների դեպքում, ինչպես բիենալեն է, դա չի երևում, բայց մեր հարկերից մեկը դարձրել ենք դպրոցական թանգարան: Մի կողմից հունական ինքնության պահպանման վրա ենք աշխատում, մյուս կողմից՝ հրավիրում շատ հայ արվեստագետների: Հուշերի վայրի պես մի բան է այս դպրոցը:

Մեր ցուցահանդեսներին շատ են գալիս աշակերտները, մասնավորապես՝ թուրք: Երբ ես էի սովորում այս դպրոցում, ընդունված չէր ընդգծել ինքնությունը, շատերը վախենում էին անգամ խոսել այդ մասին: Բայց հիմա այսպիսի տեղերում ու արվեստի հետ մեկտեղ ասվածը դառնում է ավելի զգայուն ու տեսանելի:

Թուրքական դպրոցների աշակերտները շատ բան չգիտեն հայկական ու հունական պատմության մասին: Օրինակ, 1955 թվականի սեպտեմբերի 6-7-ը տեղի ունեցած հույների ու հայերի «պոգրոմների» մասին: Եվ պատմություն սովորելու ձևերից մեկն էլ այստեղ տեղի ունեցող հանդիպումներն են:

Քաղաքականության մեջ շատ բան հիմնված է մեղքի զգացումի վրա (երբ ասում են՝ դու՛ ես արել դա ), և այդ ճակատային լեզուն կարծես միակն է, որով սովորաբար խոսում են: Արդյունքում, դիմացինը սկսում է ոչ թե քննարկել, այլ պաշտպանվել:

Իսկ արվեստի միջոցով սովորելն ավելի դյուրին է, քանի որ կա նույնացման էֆեկտ, որն օգնում է կոտրել այլ լինելու բարդույթը (otherness) ու դիմացինի մաշկի մեջ մտնել:

Երևի պակասը տեղեկատվական է: Եզրակացություն անելուց առաջ հարկավոր է տեղյալ լինել:

Այո, և մենք փորձում ենք տեղեկատվությանը գումարել նաև էմոցիոնալ մասը: Մեր դպրոցի շենքը կառուցվել է հենց մանուկների համար և, բացի պատմական արժեքից, այն նաև ձգողականություն ունի, օրինակ շատ աշակերտներ գալիս են այստեղ՝ դաս անելու, աշխատելու, միմյանց հետ շփվելու:

Շփումը շատ կարևոր է, մանավանդ, երբ տեսնում եմ, որ շատ մարդիկ ստիպված են լքել երկիրը՝ արվեստագետներ, գիտնականներ: Իրենց ճնշված են զգում:

Գրաքննությու՞նն է ուժեղացել:

Հեղաշրջման փորձից հետո գրաքննությունը խստացավ: Շատերը զգում են, որ ազատ խոսելու դեպքում կարող են բանտարկվել կամ դժվարությունների հանդիպել: Իմ ընկերներից շատերը պարզապես փախել են երկրից:

Եվ մենք լինելով մշակութային կենտրոն՝ փորձում ենք կառուցել նոր լեզու, քանի որ գրաքննություն կա, և շենքը կառավարության հսկողություն տակ է. սա առաջին սեփականությունն է, որը վերադարձվել է ազգային փոքրամասնությանը:

Կառավարությունը ոստիկանների է ուղարկում դպրոց՝ վերահսկելու համար ցուցահանդեսները՝ արդյո՞ք կառավարության դեմ խոսք կա:

Վտանգավոր է որևէ բան կամ որևէ մեկին ուղիղ կերպով մատնացույց անելը: Այդ պատճառով էլ փորձում ենք նոր արտահայտչամիջոցներ գտնել: Այո, խոսում ենք պատմության մասին, բայց փորձում նաև նոր լեզու կառուցել:

Մենք էլ ենք սովորում, բայց ի՞նչ արած. եթե այստեղ ենք ապրում, կուզենք նոր ճամփաներ գտնել և անցյալի վերքերը բուժել:

Ներկան հասկանալու համար, պիտի սովորենք անցյալից:

Ես իրոք կարծում եմ, որ հիշողության վայրի վերածված տարածքները կարող են բուժել պատմությունը: Գալաթայի հունական դպրոցի շենքը տրավմատիկ պատմություն ունի և անցել է շատ ցավերի միջով, բայց հիմա այն, ինչը արվում է, կարծես նոր շունչ է տալիս շենքին:

Ստամբուլում շատ հին շենքեր են քանդվում ու մահանում: Կառավարությունը նաև սկսել է փակել մշակութային կենտրոնները, և շատ արժեքավոր է, որ մեր դպրոցի շենքը որպես մշակութային կենտրոն շարունակում է ակտիվ լինել:

Ստամբուլի Գալաթա հունական դպրոցի շենքը ներսից

Միշտ այդպես է, վերահսկումը սկսվում է մեդիայից ու արվեստից: Երևի ամենավտանգավոր ոլորտներն են:

Իհարկե: Բայց երբ արվեստը դիտարկում ես որպես տարբեր լեզուների հավաքածու, կարող ես շատ բան ասել: Հակառակ կողմը հաճախ չի կարողանում հասկանալ բոլոր նրբերանգները, քանի որ այդքան էլ չի հետաքրքրվում արվեստով: Միակ բանը, որ հետաքրքրում է վերահսկողին, ուղիղ քարոզն է` կա արդյոք ինչ-որ բան կառավարության դեմ, թե ոչ:

Թուրքիայում հայկական մամուլի աջակցությունը զգու՞մ եք:

Ամենաակտիվը «Ագոսն» է, որը միշտ հետաքրքրվում է արվեստով ու համայնքի խնդիրներով: Բայց թե՛ հույն, թե՛ հայ համայնքները շատ ներփակված են, նրանց հեշտ չէ դրդել տնից դուրս գալուն: Իհարկե, գալիս են ցուցահանդեսներին կամ այլ մշակութային իրադարձություններին, բայց վստահ եմ, որ պոտենցիալ այցելուներն ավելի շատ են: Չգիտեմ, թե ի՞նչն է պատճառը՝ վախը, անտարբերությունը, թե այլ բան:

Բայց ամեն դեպքում՝ մեդիա դաշտում նկատելի է «Ագոսը», իսկ ավելի հին լրագրերը՝ «Ժամանակը», «Մարմարան», արվեստի մասին գրեթե չեն գրում: Նույնն էլ հունարեն լույս տեսնող երկու լրագրերն են: Իհարկե, հույն համայնքն ավելի փոքր է, քան հայկականը, բայց օնլայն հրապարակումները հարկավ շատ չեն:

Ամենից պահանջվածը սոցցանցերն են՝ Ֆեյսբուքն ու Ինսթագրամը, որոնք ծառայում են շփումների ու տեղեկացման համար: Մանավանդ, Ինսթագրամը:

Մարդիկ հիմա ծուլացել են ու կարդալ չեն սիրում, այդ պատճառով էլ ուզում են խաբար ստանալ պատկերով: Արվեստագետների գործերի հրապարակումը Ինսթագրամում շատ ավելի ազդեցիկ է, քան մյուս սոցիալական հարթակների գրառումները:

Իրականում, մեզնով ավելի շատ հետաքրքրվում է թուրքական մեդիան: Հարկավ, հիմա տպագիր լրագիր շատ չի մնացել, բայց պահպանվում են արվեստի ամսագրերն ու պարբերականները, որոնք լուսաբանում են գրեթե բոլոր մշակութային իրադարձությունները, այդ թվում նաև ազգային փոքրամասնությունների:

Անգամ կարող եմ ասել, որ թուրքական լրագրերում ավելի շատ են գրում հայկական ու հունական արվեստի մասին, քան հայերեն ու հունարեն լրագրերը:

Իսկ ինչպե՞ս է գործում գրաքննությունը լրատվական դաշտում:

Շատ ալտերնատիվ ինֆորմացիոն աղբյուրներ հայտնվեցին Գեզի պարկի դեպքերից հետո, բայց հետո բոլորը կամաց-կամաց փակվեցին:

Երբ Վիքիփեդիայում ինչ-որ մեկը հակառակ բան գրեց Էրդողանի մասին, որոշեցին փակել ամբողջ հանրագիտարանը: Եվ արդեն երկրորդ տարին է այն փակ է Թուրքիայում:

Այս հինգ տարում արդեն տասն անգամ փակեցին ու նորից բացեցին Թվիթերը: Ես ինքս էլ ստիպված էի իմ հաշիվը փակել, քանի որ Գեզիի դեպքերից հետո բավականին համարձակ բաներ գրեցի Թվիթերում: Այդ ժամանակ Վենետիկում էի, մասնակցում էի հայկական տաղավարի ցուցահանդեսին ու շատ խառը ինֆորմացիա է ստանում Թուրքիայից: Իմ գրառումները տարբեր ազգայնական (նաև ազերի) խենթ ու խելառներ էին մեկնաբանում: Որպես արվեստագետ չէի ուզում խառնվել այդ մեկնաբանություններին ու փակեցի իմ հաշիվը:

Ընդհանրապես թրոլերը տարբեր ճամփաներ են գտնում անընդհատ հարձակվելու:

Կարծես սպասում են, որ սոցցանցերում մի բան գրես, որպեսզի միանգամից հարձակվեն: Բայց դա միայն ինտերնետում չէ, թրոլերը շրջում են հենց քաղաքում՝ հանրային վայրերում, տրանսպորտում ու հրահրում մարդկանց:

Հետաքրքիր է, որ Ստամբուլում շատացել են գլխաշորով կանայք:

Եթե նկատել եք, հիմա Ստամբուլում քչացել են եվրոպացի զբոսաշրջիկները, փոխարենը ավելացել են մարդիկ Սաուդյան Արաբիայից ու Իրանից: Շատերը դրամ ունեցող են ու այդ պատճառով՝ ցանկալի են կառավարության համար: Նրանք տներ են գնում Ստամբուլում, իսկ հանրային վայրերում թուրքերենի կողքին արդեն գրում են արաբերենով: Տաքսիմ հրապարակում արդեն բոլոր ցուցանակները նաև արաբերեն են:

Դանդաղորեն Թուրքիան փոխվում է: Տատիկս պատմում էր, որ եթե իր երիտասարդության ժամանակ հանկարծ փողոցում հայերեն կամ հունարեն խոսեիր, կգային կռնակիդ կզառնեին՝ ասելով՝ էստեղ ես ապրում, թուրքերեն խոսիր:

Իսկ հիմա արդեն փողոցում թուրքերեն խոսողների չափ արաբերեն խոսողներն են:

Իսկ շատ կանայք գլխաշոր կապում են ոչ թե կրոնական իմաստով, այլ դրամի դիմաց: Նրանց փող են տալիս, որ փակվեն: Բաժանում են հանրային տրանսպորտի անվճար քարտեր, որ ավտոբուսներ նստեն գլխաշորով ու ազդեցություն գործեն մյուս կանանց վրա: Այսպես ասած, մոբինգ անեն՝ վարկաբեկեն բաց գլխով կանանց:

Կրոնը մանիպուլյացիայի է ենթարկվում (մյուս մուսուլման երկրներում նման ագրեսիա չես տեսնի), նշանակետում են հատկապես ազատամիտ մարդիկ: Նաև այդ պատճառով է, որ շատերը ուզում են հեռանալ այստեղից: Անհայտ է ապագան:

Բայց տեսանելի ու անտեսանելի վերափոխումների ժամանակ միշտ հետաքրքիր է հետազոտել նոր իմաստները, գտնել նոր լեզու՝ դրանց մասին խոսելու համար:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *