2018.12.17,

Նյուսրում

Հետհեղափոխական հարցում

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան

Լրագրող, արվեստի քննադատ

2018-ի հոկտեմբերին Միջազգային Հանրապետական Ինստիտուտը (IRI, International Republican Institute) իրականացրել է հետազոտություն Հայաստանի բնակչության շրջանում:

Հարցվողները պատասխանել են Հայաստանի ներքին ու արտաքին կյանքին վերաբերյալ ամենատարբեր հարցերին, գնահատել են կառավարության գործունեությունն, իրենց վերաբերմունքն ու սպասելիքները, որոնք ձևավորվել են թավշյա հեղափոխությունից կես տարի անց:

IRI-ը, որը ժողովրդավարության զարգացման կազմակերպությունն է, հարցումն իրականացրել է Հայաստանի սոցիոլոգների ասոցիացիայի հետ համատեղ: Ըստ մեթոդաբանության՝ հարցումը արվել է դեմ առ դեմ, ընտրության իրավունք ունեցող 1 200 հայաստանցիների տանը, հոկտեմբերի 9-29-ը, Երևանում և 11 մարզերում:

«Լայն իմաստով, Հայաստանը շարժվում է ճի՞շտ ուղղությամբ, թե՞ սխալ ուղղությամբ» ծայրահեղ աբստրակտ հարցին, մարդկանց 72%-ը պատասխանել է՝ ճիշտ, իսկ 17%-ը պատասխան չի տվել:

Նաև վավերագրվել է, որ հարցվածների 41%-ը հնարավոր է համարել, որ կարելի է ազդել հանրապետության համար կարևոր որոշումների ընդունման վրա:

Հարցին, թե ինչ կարծիք ունեն տարբեր ինստիտուտների աշխատանքի մասին, հարցվածները նշել են նաև մեդիան:

Հայկական մեդիայի աշխատանքը դրական է որակել 66%-ը, ոչ դրական՝ 32%-ը (2%-ը դժվարացել է պատասխանել):

Միաժամանակ հարցվածների 24%-ը կարծիք է հայտնել, որ հայկական մեդիան  բաց և թափանցիկ է աշխատում, իսկ 43%-ը՝ մասնակի բաց ու թափանցիկ:

83%-ը համարում է, որ խոսքի ազատությունը առաջընթաց է ապրել, և ընդամենը 3%-ն է համարել, որ կա հետընթաց:

«Քաղաքական տեղեկություն ստանալու համար ի՞նչ աղբյուր եք օգտագործում» հարցի ռեկորդակիր պատասխանը հայաստանյան հեռուստաընկերություներն են (79%), որին հետևում է ինտերնետը (66%), հետո սոցիալական մեդիան (54%): Ռուսական հեռուստատեսությունը տեղեկության աղբյուր է համարել 28%-ը:

Այդ հարցի պատասխանները ինքնին մտոհոգվելու առիթ են տալիս, քանի որ աղբյուրների բաժանումը հանրության մեծ մասի համար կատարվում է ոչ թե հարթակների, այլ դրանց ներկայացվածության վայրի տեսանկյունից:

Իսկ հարցին, թե ո՞ր հեռուստատեսային թոք շոուներն են հաճախ դիտում, հարցման մասնակիցների 30%-ը պատասխանել է՝ ոչ մի:

Իսկ հիշատակված թոք շոուների եռյակն այսպիսին է. «Շանթի» «Մի վնասիր»-ը (17%), Հանրայինի «Լավ երեկո» (12%) և «Եկեք հասկանանք (12%):

Այն հարցվածները, որոնք զանգվածային մեդիան համարում են ոչ ազատ տարբեր քաղաքական հայացքներ արտահայտելու համար, որպես պատասխան նշում են մեդիայի կոռումպացված լինելը (38%), պետության ճնշումը մեդիայի վրա (30%), այն, որ մեդիան վատ լուրեր չի հաղորդում (22%)։

«Շաբաթական քանի՞ անգամ եք ինտերնետ մտնում» հարցին հարցվածների 50%-ը պատասխանել է, որ ամեն օր:

Հետաքրքիր ցուցանիշներ են «Ո՞ր կայքերն են հաճախ այցելում՝ լուրեր ստանալու համար» հարցի պատասխաններում:

18%-ը պատասխան չի ունեցել, 41%-ը լուրերի աղբյուր է համարել «Ազատությունը», իսկ 34%-ը՝ news.am-ը։ Այս սլայդում առկա են տառասխալներ ու բացթողումներ։ Օրինակ, Ազատություն ռադիոկայանի կայքն ու Բլոգնյուզը ներկայացված են տառասխալով, իսկ Սպուտնիկ Հայաստանի, Շանթ հեռուստաընկերության կայքերի հասցեները սխալ են ներկայացված։

Սոցիալական մեդիայի առաջատարը Ֆեյսբուքն է, այն հիշատակել է հարցվածների 82%-ը, հետո գալիս է Յություբը՝ 46%-ով: Ուշագրավ է, որ ընդամենը 2%-ն է ասել, որ սոցիալական մեդիայի ոչ մի կայք չի օգտագործում:

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *