2015.10.30,

Տեսակետ

«Հեռուստատեսությանը խելացի մարդիկ պետք չեն»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան

Լրագրող, արվեստի քննադատ

Մշակութային սոցիոլոգ, կինոգետ, «Կինոարվեստ» ամսագրի գլխավոր խմբագիր Դանիիլ Դոնդուրեյը այն հազվադեպ մասնագետներից է, ով հեռուստատեսության մասին գիտի ամեն ինչ և նույնիսկ ավելին: Արդեն երկար տարիներ՝ նա ուսումնասիրում է հեռուստատեսության բազմաշերտ ազդակներն ու դրանց ներգործությունը հեռուստադիտողների վրա:

Նա վստահ է, որ գրեթե բոլորը թերագնահատում են հեռուստատեսության կոդերն ու նշանակությունը: Եվ կարծես լուռ համաձայնել են, որ հեռուստատեսությունը կարելի է անտեսել ու հանել մարդկանց օրակարգից: Մինչդեռ իրականությունը լրիվ հակառակն է:

Հեռուստատեսային բովանդակությունը լսարանին թելադրում է վարքագծային նորմեր, որոնք էլ հաջող օգտագործում են իշխանությունները՝ որոշ հարցերում մոբիլիզացնելով, իսկ որոշներում՝ մարելով զանգվածային վախերն ու ձգտումները:

Ըստ Դանիիլ Դոնդուրեյի՝ խնդիրն այն է, որ քիչ են փորձագետները, որոնք կարող են «կարդալ» ու վերլուծել էկրանից փոխանցվող ուղերձները: Ինչը հատկապես անհրաժեշտ է Ռուսաստանում, որտեղ հեռուստադիտումները առաջնային զբաղմունք են:

Դուք ասում եք, որ հեռուստատեսությունը մեծ դեր ունի: Արդյոք այդ իրավիճակը հիմա չի՞ փոխվում ինտերնետի զարգացմանը զուգահեռ:

Ռուսաստանի քաղաքացիների 88%-ը հեռուստատեսությունը համարում է տեղեկատվություն ստանալու գլխավոր աղբյուր, ընդ որում՝ հարցվողներից շատերն օգտվում են նաև ինտերնետից, բայց, այնուամենայնիվ, գլխավոր աղբյուր են համարում հեռուստատեսությունը:

Աշխարհի սոցիոլոգներն առանձնացրել են 500 զբաղմունք, որոնք հատուկ են բոլորին՝ սկսած քնից, վերջացրած ձեռագործությամբ: Այսինքն՝ այն ամենը, ինչից կազմված է մարդու կյանքը: Եվ պարզվեց, որ զբաղմունքի բացարձակ առաջատարը Ռուսաստանում հեռուստադիտումն է: Դա նշանակում է, որ այդ 500 զբաղմունքներից ոչ մեկը (աշխատանքը գրասենյակում, երեխաների հետ շփումը, ժամանցի տեսակները և այլն) չի խլում այնքան ժամանակ, որքան հեռուստացույցի առջև նստելը:

Հեռուստադիտումների հետ չի կարող մրցել անգամ քունը:

Եվ եթե Դուք կամ Ձեր ծանոթն ասում է, որ ընդհանրապես հեռուստացույց չի դիտում, դա նշանակում է, որ իր մայրը կամ տատիկը եռակի շատ են դիտում: Ասենք՝ կիրակի օրը հեռուստացույցի առջև ոչ թե 7, այլ 10-11 ժամ են անցկացնում: Հեռուստաարտադրանքի սպառողների մեծամասնությունը կանայք են:

Միայն սերիալները (այդ գլխավոր մշակութային արտադրանքը) օրական դիտում է 105-107 միլիոն մարդ: Հավատացնում եմ Ձեզ, ոչ մի այլ զբաղմունք կամ գործունեություն համեմատվել անգամ չի կարող այս ցուցանիշի հետ, դա ահռելի թիվ է:

Իսկ անցյալ տարի մեծացավ հեռուստադիտման օրական ծավալը՝ 3 ժամ 57 րոպեից դառնալով 4 ժամ 20 րոպե (այս ցուցանիշը վերաբերում է 4 տարեկանից բարձր ՌԴ բոլոր քաղաքացիներին): 2014-ին լրատվական ու վերլուծական հաղորդումների դիտման վրա մարդիկ ծախսել են 600-900 ժամ ավելի, այսինքն` օրական 34-40 րոպե ավել են դիտել հեռուստացույց:

Եվ դիտել են լուրեր: Ստացվում է, որ յուրաքանչյուր մարդ իր կյանքի մեկ տարվա ընթացքում մեկ ամիս վատնել է հեռուստատեսության վրա:

Միայն պատկերացրեք՝ մեկ ամիս…

Կարելի՞ է ասել, թե ինչից և երբ սկսվեց Ռուսաստանի համատարած «հեռուստականացումը»:

Իհարկե, մարդիկ միշտ էլ շատ էին դիտում հեռուստացույց, բայց քանի որ ալիքները լրջորեն սկսեցին զբաղվել վախերով, վտանգներով ու մոբիլիզացիայով, հեռուստացույցի առջև անցկացրած ժամանակն ավելացավ (իմ նշած մեկ ամիս գումարածը): Մարդիկ սկսեցին ավելի շատ դիտել ոչ թե սերիալները (միշտ էին դիտում), այլ լրատվական ծրագրերը:

Լուրերի թողարկումները կարծես նույնպես սերիալներ են: Թրիլլերներ՝ կառուցված սերիալային, շարունակական սխեմայով:

Այո, շատերի համար լուրերը սերիալներ են: Ի վերջո, բոլոր մարդիկ ապրում են իրենց վախերով: Ներքին կամ ցուցադրվող, հարազատ, թե ատելի, միևնույն է, դրանք վախեր են: Եվ հեռուստատեսությունը սովորեց ղեկավարել ու խտացնել այդ վախերը:

Ռուսական հեռուստատեսությունն աննախադեպ և հզոր միջոցներով ձևափոխեց Ռուսաստանի ողջ իմաստային տարածքը: Իհարկե, դա պատրաստվում էր դեռ 2013-ից, երբ բողոքի ցույցեր տեղի ունեցան Մոսկվայում, բայց կիզակետին հասավ 2014-ին:

Ուզում եմ շեշտել՝ հեռուստատեսությունը ոչ թե ապրանք է ստեղծում, այլ բովանդակություն: Անգամ ավելի կոպիտ կասեմ՝ հեռուստատեսությունը արտադրում ու պատրաստում է զանգվածային պատկերացումներ կյանքի մասին: Իսկ դա մարդկության գլխավոր արտադրությունն է:

Ոչ մի այլ ոլորտ չի կարող համեմատվել հեռուստատեսության հետ, և ինտերնետը դեռ երկրորդական դերում է:

Զանգվածային պատկերացումները պատրաստվու՞մ են, թե ինքնաբուխ են ձևավորվում:

Պատրաստվում են այնպես, ինչպես, ասենք, իմ ձեռքի գրիչը: Այդ պատկերացումները ստեղծվում են վիրտուալ աշխարհում ու սպառվում առօրյայում: Դրանք ամեն ինչի մասին են՝ Ռուսաստանի, դրա նախագահի, Ամերիկայի, այն մասին, թե ինչպես ենք ապրելու, պատերազմելու, սնվելու, քաղցելու և այլն:

Հեռուստատեսությունը զանգվածային լրատվամիջոց չէ, անգամ զանգվածային հաղորդակցման միջոց չէ, այլ այդ ամենը՝ գումարած գլխավոր մշակութային մատրիցաների ու կոդերի պատրաստումը, որոնցով լսարանը գնահատում է ինքն իրեն ու իրեն շրջապատող աշխարհը:

Նաև ապագայի մոդելներ է գծում ու վարքագծային պրակտիկաներ գործի դնում: Հասկանում եք, հեռուստատեսությունն ավելի մեծ նշանակություն ունի, քան տնտեսությունը:

Հեռուստատեսության տարածած մշակութային մատրիցան, օրինակ, թույլատրում է կոռուպցիան: Կաշառք վերցնելու համար անգամ կարելի է գնդակահարել, բայց դա, միևնույն է, չի փոխի իրավիճակը, քանի որ մշակութային մատրիցան թույլատրում է կաշառքը (մասնավորապես չինովնիկներին): Դա փոխանցում են հեռուստահաղորդումները, թոք շոուները, սերիալները:

Ռուսաստանի մշակութային մատրիցան սերտ կապված է կրիմինալի ու բանտային կյանքի հետ, և պատահական չէ, որ քարոզվում է, թե կարևորը «հասկացությամբ ապրելն» է:

Այսինքն՝ ոչ թե օրենքով, այլ բանտի դրվածքի համաձայն:

Եվ դա աշխատում է, քանի որ բոլորին պարզ ու հասկանալի է բացատրում կյանքի մեխանիզմները՝ ի տարբերություն խրթին բազմահատոր օրենքների հազարավոր կետերի, ենթակետերի, դրույթների և այլն:

Ինչպիսի՞ զանգվածային պատկերացումներ է ամրապնդում ռուսական հեռուստատեսությունը:

Լավ գիտեք, որ մեզ համար պատմականորեն սարսափելի բառ է եղել «ֆաշիզմը», անգամ ավելի սարսափելի, քան հայհոյանքը: Իսկ հիմա ամեն անգամ էկրանից լսում ենք՝ կիևյան ֆաշիստներ, լիբերալ-ֆաշիստներ, ֆաշիստները Ռադայում…

Այդ բառի սեմիոտիկ նշանակությունը տեղաշարժվել է: Ու մարդկանց մոտ ենթագիտակցաբար պատկերացում է ստեղծվել, որ բառի իմաստն արդեն կապված չէ հաղթահարված գերմանական ֆաշիզմի հետ: Այն արդեն բոլորովին այլ տեղում է:

Ընդհանրապես շատ կարևոր է մեդիայում օգտագործվող ու անընդհատ կրկնվող բառերի ընտրությունը:

Տեսեք, տոնեցիք Հայրենական պատերազմում հաղթանակը, բայց շատ քչերը նկատեցին, որ հիմա չի խոսվում պատերազմի մասին, անգամ այդ բառը չի ասվում: Ասվում է միայն՝ հաղթանակ:

Իսկ դադարելով խոսել պատերազմի մասին՝ մենք անտեսում ենք հաղթանակի երկու կարևորագույն բաղադրիչները: Առաջինը՝ զոհերն են (ովքե՞ր են զոհվել, ո՞վ է սպանել՝ մե՞նք , թե՞ գերմանացիները, ինչպե՞ս է տեղի ունեցել, ի՞նչ գնով): Իսկ երկրորդ բաղադրիչն, իմ կարծիքով, ճակատագրական է Ռուսաստանի ներկայի համար. մենք միշտ ապրել ենք «Միայն թե պատերազմ չլինի» սկզբունքով, բայց հիմա այս հայտնի տողը բացառվել է:

Ջնջվել է ուղեղներից: Այլևս այդպես չէ, մենք ենթագիտակցաբար համաձայն ենք պատերազմի և պատրաստ ենք պատերազմելու: Իհարկե, դա արվում է նրբանկատորեն, հաղորդումների ու թոք շոուների միջոցով: Դա տեխնոլոգիա է:

Այս ամենը շատ լուրջ տրանսֆորմացիաներ է ծնում: Եվ հիմքում զանգվածային պատկերացումների ստեղծման թերագնահատումն է: Դրանցից մեկն, օրինակ, անվստահությունն է:

ՌԴ 71%-ը համարում է, որ չի կարելի վստահել մյուսներին, իսկ 49%-ը՝ որ կարելի է վստահել միայն սեփական ընտանիքին: Իսկ ինչպե՞ս կարելի է ազատ տնտեսական մրցակցություն ունենալ ու աշխատել գործընկերների հետ, երբ բնակչության մեծամասնությունը չի վստահում: Դա տապալման դատապարտված համակարգ է, որը սկիզբ է առնում մշակութային ուղերձ-ազդակներից:

Մարդիկ ոչ միայն չեն ֆիքսում, այլև ուշադրություն չեն դարձնում այս բազմահարկ ու բազմաշերտ աշխատանքին, որը կատարում է մամուլն ու լրագրողները: Լրագրողները առաջադրանքներ են ստանում՝ ինչի մասին խոսել, ինչի մասին լռել, ինչպես մատուցել:

Ասենք՝ մեր մշակութային մատրիցան այնպես է հնարվել, որ պետությունը դարձել է երկրի, հայրենիքի, ժողովրդի, լեզվի, մշակույթի հոմանիշը: Եվ եթե դու դեմ ես այս պետությանը, ուրեմն դեմ ես ամեն ինչին, այդ թվում՝ նաև լեզվին:

Մի քանի տվյալներ էլ մեջբերեմ. 72%-ը գտնում է, որ կարելի է հանրային եթերից չհնչեցնել այն տեղեկատվությունը, որը վնասում է պետությանը: Այսինքն՝ կարելի է լռել:

42%-ը կարծում է, որ կարելի է փակել սահմաններն ու պաշտպանել պետությունը ենթադրյալ թշնամիներից:

Փաստորեն, մարդկանց գիտակցության մեջ չի ամրապնդվել գրաքննության վերացումն ու սահմանների բացումը:

Երևի հեռուստատեսությունից սթափվելու հատուկ ծրագիր է պետք: Ինչը՞ կարող է օգնել:

Սթափ ընկալմանը հիմնականում նպաստում է երկու նախապայման: Տեղեկատվություն մատուցողները պետք է կորցնեն իրենց վարպետությունն ու տրամաբանությունը և անցնեն չափը: Այդ դեպքում լսարանը կսկսի կասկածել, որ ամեն ինչ այնքան էլ կարգին ու ճիշտ չէ:

Երկրորդը՝ մարդիկ պետք է հանկարծ տեսնեն տարբերությունը, որպեսզի ի հայտ գա կոգնիտիվ դիսոնասը, ու իրենք զգան, որ տրված ինֆորմացիան միանշնակ չէ և հարկավոր է ինքնուրույն գլուխ հանել դրանից: Բայց ռուսական հեռուստատեսությունը սովորել է մարել կոգնիտիվ դիսոնանսը:

Հասկանում եք, մարդը պարզապես ի վիճակի չէ երկար ժամանակ ստանալ իրարամերժ տեղեկություն մեկ առարկայի, երևույթի կամ իրադարձության մասին: Անպայման պիտի գերադաս համարվի տեսակետներից մեկը, այլապես չես հասկանա, թե ինչ վարքագծային նորմերով պիտի ուղղորդվել:

Ռուսական ալիքներին հետաքրքրում է միայն ռուսական լսարանը: Եվ այդ պատճառով էլ ալիքները պարտադրված են ցանկացած իրադարձություն տեղադրել այնպիսի համատեքստում, որը կբացատրի ռուսներին, թե ինչ է կատարվում: Ընդ որում՝ կբացատրի միանգամից ու մեկընդմիշտ: Հեռուստատեսությունը չի կարող թույլ տալ, որ լսարանը վարանի կամ կասկածի:

Կասկածը հատուկ է խելացի մարդկանց, իսկ խելացի մարդիկ ալիքներին հարկավոր չեն, քանի որ կասկածը ենթադրում է միտք, վերլուծություն և, ի վերջո, հարցեր: Իսկ երբ մարդու մոտ հարց է ծագում, նա փորձում է հավելյալ ինֆորմացիա որոնել, համեմատել, հասկանալ …

Ռուսական հեռուստատեսությունն ամեն ինչ անում է, որ լսարանը հավատա միանգամից:

Եվ եթե ռուսական ալիքները ոչ թե կոպիտ, այլ նրբորեն ու խելացի են աշխատում, կարողանում են ցանկացած նպատակի հասնել:

Ուզում եմ շեշտել, որ, իհարկե, ժողովուրդը հիմար չէ, թող չստեղծվի տպավորություն, թե մարդիկ լիակատար ապուշներ են: Պարզապես նրանց ուղեղների լվացման ուղղությամբ ահռելի ու մանկրակրիտ աշխատանք է տարվել՝ կոգնիտիվ դիսոնանսը վերացնելու համար:

Եվ հիմա արդեն պարզ է. մարդկանց մոտ վարքագծային նորմերը տեղաշարժվել են: Օրինակ՝ երբ որևէ տեղ կրակում են, սկսում ես հուզվել ու կարեկցել: Երբ կրակում են ամեն օր, շարունակում ես կարեկցել ու հուզվել, բայց ոչ այդքան ակտիվ: Իսկ երբ սկսում են սպանել ու զորք մտցնել, այլևս չես հուզվում:

Ես կոպիտ եմ խոսում, իրականում դա շատ նուրբ է արվում: Արարիչներ-հեղինակներն անգամ սարսափի մեջ են, քանի որ անհայտ է, թե որն է ելքը: Ռազմական ելք չկա, երևի, միակ ելքը քաղաքական է, բայց դա էլ այս ռեժիմի պարագայում գրեթե անհնարին է:

Իսկ կինոյից կարելի՞ է սպասել թարմ ու սթափ հոսանք:

Հեռուստատեսությունը «մաքրված» է ամբողջությամբ, անթույլատրելի բովանդակությունը պարզապես չի կարող եթեր սողոսկել: Իհարկե, երբեմն հայտնվում է նաև ընդդիմադիր բովանդակություն, բայց դրա չափաբաժինն ու համատեքստը նույնպես թույլատրված ու չափավորված է լինում: Համաձայնեցված է լինում թե՛ ընդդիմության եթերաժամանակի ծավալը, թե՛ բառապաշարը, թե՛ անձերը:

Իսկ կինոն ավելի ազատ է: Եթե կինոռեժիսորը տաղանդավոր կամ փորձառու է, նա, միևնույն է, կասի այն, ինչ ուզում է ասել:

Հարցազրույցը՝ Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *