2011.03.11,

Տեսակետ

Հեռուստատեսային գովազդը ինտերնետայինից թանկ է, բայց ինտերնետային գովազդի էֆեկտիվությունն ավելի բարձր է

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան

Լրագրող

Հարցազրույց Mail.ru պորտալի հետազոտությունների տնօրեն, «Ինտերնետային մարքեթինգ՝ գործիքների համառոտագիր» և «Համատեքստային գովազդ» գրքերի հեղինակ, ինտերնետային հետազոտությունների եւ ինտերնետային մարքեթինգի հայտնի փորձագետ Ֆյոդոր Վիրինի հետ:

Փորձագետը Մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ-ի հրավերով Հայաստանում «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում դասախոսություն կարդաց «Յոթ քայլ դեպի ինտերնետայինային գովազդի արդյունավետություն» թեմայով: Նրա հետ զրուցեցինք ինտերնետային գովազդի հեռանկարների եւ հայկական ինտերնետային գովազդի առանձնահատկությունների մասին:

Պարոն Վիրին, Ձեր դասախոսության ընթացքում նշեցիք, որ ինտերնետային գովազդն աշխարհում արդեն սկսել է գերազանցել մեդիայի այլ տիպի գովազդներին. ինչպե՞ս եք գնահատում ինտերնետային գովազդի զարգացման հեռանկարները Հայաստանում:

Իսկապես այսօր Ինտերնետայինը դառնում է գովազդի հիմնական միջոցը, որն օգտագործվում է բոլոր բրենդերի եւ ընկերությունների կողմից: Օրինակ՝ Բրիտանիայում ինտերնետայինային գովազդն արդեն գերազանցել է հեռուստատեսության գովազդին: Երբ դա կլինի Հայաստանում, շատ դժվար է ասել: Դա կախված է ձեր քաղաքական իրավիճակից, տնտեսությունից, այս շուկայի խաղացողների կամքից, բայց դա անշուշտ կլինի, հարցն այն է, թե երբ: Եթե ամեն ինչ հաջող ընթանա, գուցե 6-7 տարուց, անհաջող ընթանալու դեպքում՝ 10-15 տարուց:

Ըստ Ձեզ՝ ո՞րն է ինտերնետային գովազդի առանձնահատկությունն ընդհանրապես եւ հայկական ինտերնետային գովազդի առանձնահատկությունը մասնավորապես:

Ինտերնետային գովազդը շատ տարբերակներ, տարածքներ, կրիչներ, ավելի շատ միջոցներ ունի: Դա նշանակում է, որ այն ավելի բարդ է գովազդը տեղադրող մասնագետի համար: Կոպիտ ասած՝ ավելի շատ փորձ է պետք ինտերնետային գովազդ տեղադրելու համար: Այն ավելի շատ կրթություն, մոտեցման հասկացողություն եւ վերլուծելու կարողություն է պահանջում: Իսկ սա խնդիր է:

Քանի որ ինտերնետային գովազդն ավելի ինտերակտիվ է, այն ֆանտաստիկորեն ներգրավում է մարդուն, նրան դարձնում է գովազդի տարածման գործակալ, գովազդի մաս: Իսկ երբ ինտերակտիվությունը մարդուն դարձնում է գովազդի մաս, նա այլեւս չի հասկանում, որ դա գովազդ է, նա կարծում է, որ դա հենց ինքն է: Հեռուստատեսային գովազդը ինտերնետայինից թանկ է, բայց ինտերնետային գովազդի էֆեկտիվությունն ավելի բարձր է: Եւ ի դեպ, ինտերնետային գովազդն ավելի քիչ է նյարդայնացնում մարդկանց, որովհետեւ այն ավելի ընտրովի է: Այն թույլ է տալիս մեզ ցուցադրել այն գովազդը, որն օգտագործողի համար ադեկվատ է, իսկ այն գովազդը, որն ադեկվատ է օգտագործողի համար, նրան չի նյարդայնացնում:

Հայկական ինտերնետային գովազդի առանձնահատկությունն այն է, որ հիմա շուկան շատ փոքր է, եւ, ցավոք, այն մոտ ապագայում էլ փոքր կլինի, որովհետեւ բնակչության թիվն է փոքր: Անգամ սփյուռքի հետ միասին ընդամենը տասնհինգ միլիոն մարդ է: Սա մասշտաբների տնտեսագիտություն է: Չինացիները հայերից շատ ավելի աղքատ են, բայց այնտեղ ինտերնետի 250 միլիոն, գուցե 450 միլիոն օգտագործող կա: Անգամ եթե նրանցից յուրաքանչյուրը մեկ ցենտ բերի գովազդային հրապարակին, դա ավելի մեծ գումար կլինի, քան 15 միլիոն հայերի երբեւէ բերած գումարը:

Այս մասշտաբների տնտեսագիտությունը պետք է ինչ-որ ձեւով փոխել, իսկ ինչ-որ ձեւով փոխել կարելի է, ցավոք, այնպիսի միջոցով, որը ձեզ համար դեռ բարդ է: Այդ միջոցը կոչվում է կոալիցիա հարեւան պետությունների, մշակույթների, շուկաների հետ: Պետք է փոքր շուկաները միավորելով դարձնել մեկ մեծ շուկա: Մեծ շուկան զիլ է, նրա հետ այլ կերպ են խոսում: Այս խնիդրը, ցավոք, միայն այսպես է լուծվում: Բայց նախ եւ առաջ պետք է սովորել խոսել ներսում: Սեմինարի ընթացքում տեսա, որ մասնակիցները շատ հաճելի մարդիկ են, ովքեր, սակայն, անգամ միտք չունեն միասին նստելու եւ փորձելու կառուցել այս շուկան:

Ձեր կարծիքով՝ ինտերնետային գովազդն  ինչպե՞ս  կտրանսֆորմացվի ապագայում:

Այն կխաչասերվի բջջայինի հետ: Այն արդեն հիմա դառնում է ավելի ինտերակտիվ, տեխնիկապես ավելի բարդ եւ, ինչը շատ կարեւոր է, շատ անհատական: Mail.ru-ն արդեն տեղադրում է այդպիսի գովազդ: Գովազդ, որտեղ հենց բանների վրա կարող ենք գրել ամենը, ինչ գիտենք մարդու մասին: Yahoo-ն եւ Facebook-ը  նույնպես տեղադրում են նման գովազդներ:

Սա նշանակում է, որ գովազդը նպատակաուղղվում է կոնկրետ մարդուն: Facebook-ը գիտի, որ դուք ոչ միայն 23-ամյա Աննան եք, որն ապրում է Երեւանում եւ աշխատում է որպես լրագրող, այլեւ որ Դուք շուն ունեք, եւ այդ շունը սքոչթերյեր է՝ 3 տարեկան, որին Դուք շատ եք սիրում եւ որի անունը Վասյա է: Եւ պատկերացրեք, որ Դուք ստանում եք գովազդ՝ «Աննա, հատուկ Ձեր սքոչթերյերի համար մենք առաջարկում ենք այս կամ այն…»: Ահա թե ինչ է կատարվում արդեն հիմա. գովազդը դառնում է շատ անհատական եւ անձնական:

Դրան գումարած՝ բջջայինը, հեռուստատեսությունը, ինտերնետայինը, ռադիոն, թերթերը՝ բոլորը միավորվում են, եւ Դուք սկսում եք անհատական գովազդ ստանալ բոլոր ալիքներով: Այն, ինչ պատմում եմ, ֆանտաստիկա չէ, արդեն կա, պարզապես մեխանիզմներն են դեռ անավարտ:

Հարցազրույցը վարեց Աննա Բարսեղյանը


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *