2019.02.05,

Նյուսրում

Հեռարձակման ոլորտի օրենսդրական փաթեթ է մշակվում

author_posts/gagik-aghbalyan
Գագիկ Աղբալյան

Լրագրող

2018-ի հեղափոխությունն ու ընտրությունները Հայաստանում վերգետնյա հեռարձակման ոլորտում լուրջ փոփոխություններ անելու հնարավորություն են ստեղծել։

Հայաստանի լրագրողական համայնքը երկար տարիներ փորձում էր փոփոխել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը, որը թվային դարում չէր նպաստում մեդիայի զարգացմանը։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Երևանի մամուլի ակումբը ժամանակ առ ժամանակ օրենսդրական տարբեր առաջարկներով են հանդես եկել, որոնց մի մասը ներկայացվել է նախորդ խորհրդարանին։ 

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ) նախապատրաստում է հեռարձակման ոլորտում նոր օրենքի նախագիծ, որը գործընկեր կազմակերպությունների հետ քննարկելուց հետո կներկայացվի խորհրդարանական երեք խմբակցություններին։

Ծանուցում՝ լիցենզավորման փոխարեն

ԽԱՊԿ-ի նախագահ Աշոտ Մելիքյանն առաջարկում է ազատականացնել հեռարձակման ոլորտը։ Որպես ստացված փորձ՝ Մելիքյանը բերում է հարևան Վրաստանի օրինակը, որտեղ փոխվել է հեռուստա և ռադիոընկերությունների լիցենզավորման կարգը։ Այնտեղ լիցենզավորումը փոխարինել են ծանուցմամբ։

«Մեզ մոտ տրամաբանությունը հետևյալն է․ եթե դու լիցենզավորված ընկերություն չես, ապա հեռուստատեսություն չես։ Մինչդեռ ցանկացած ՍՊԸ կարող է, չէ՞, բացել կայք և ինտերնետ հեռարձակում իրականացնել։ Օրենքը սա չի արգելում։ Ինչու՞ օրենքը պետք է խոչընդոտի, որպեսզի նույնն արվի եթերային հեռարձակմամբ։ Թվայնացումից հետո սա շատ իրական է, որովհետև մեկ հաճախականության վրա կարող են մի քանի հեռուստաընկերությունների ծրագրեր իրականացնել։ Հիմա ինչու՞ պետք է եթերային հեռարձակողը և ինտերնետ հեռարձակողը անհավասար պայմաններում գործեն։ Մեզ մոտ էլ պետք է ներդրվի ծանուցման ինստիտուտը»,- ասում է Աշոտ Մելիքյանը։

Եթե որևէ մեկն ունի գրանցված ընկերություն, ունի ֆինանսներ, տեխնիկա, անձնակազմ, եթե օրինապաշտ տնտեսվարող է, պետք է իրավունք ունենա հեռուստատեսություն բացելու։ Սա լրագրողական համայնքի առանցքային մոտեցումներից մեկին է։ Ըստ Մելիքյանի՝ իրավաբանական անձն ընդամենը պետք է ՀՌՀ-ին ծանուցի, որ հիմնում է իքս անվանումով հեռուստեսություն, այս կամ այն ուղղվածությամբ, ներկայացնի փաստաթղթեր։ ՀՌՀ-ն ուղղակի պետք է հետևի, որպեսզի օրենքը չխախտվի։

Մասնավոր մուլտիպլեքսորների պահանջ

«Թվային դարաշրջանում Հայաստանում հեռուստատեսության ոլորտում ստեղծվել է անալոգային ժամանակաշրջանի սինդրոմ։ Միայն պետական մուլտիպլեքս ստեղծվեց, և բոլորն անխտիր՝ թվային և ոչ թվային հեռուստաընկերությունները, խցկված են մի տեղ։ Այնինչ թվայնացման գործընթացը ենթադրում է ստեղծել նաև մասնավոր մուլտիպլեքսներ»,- պատմում է Աշոտ Մելիքյանը։

2018 թվականին ՀՌՀ-ն արդեն երրորդ անգամ չեղյալ է համարել մասնավոր մուլտիպլեքսորի մրցույթը։ Կազմակերպությունները չեն դիմում, որովհետև օրենքում նախատեսված պայմանները բիզնեսի առումով անհրապույր են։ Տարեկան տուրքը սահմանված է 100 միլիոն դրամ։ Արևելյան Եվրոպայի երկրներում անհամեմատ էժան է, օրինակ Ռումինիայում՝ 18 հազար եվրո։

Մրցույթի չկայացման արդյունքում անալոգային հեռարձակմամբ մարզային հեռուստատեսությունները շարունակում են զրկված մնալ թվային հեռարձակման  հնարավորությունից։ Մեդիա կազմակերպություններն առաջարկում են օրենքում սահմանել փոքր մուլտիպլեքսորների հնարավորությունը։

«Թող կարողանան մուլտիպլես ստեղծել մեկ կամ մի քանի համայնքի, մեկ կամ մի քանի մարզի ընդգրկմամբ, կամ հանրապետական, և թող օրենքը չարգելի»,-ասում է ԽԱՊԿ նախագահը։

Մեդիա կազմակերպությունները փոփոխություններ կառաջարկեն նաև Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի, ինչպես նաև ՀՌՀ գործառույթների վերաբերյալ։

Գագիկ Աղբալյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *