Հարցեր, որոնք կօգնեն տարբերակել վստահելի լրատվամիջոցը

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան

Լրագրող, արվեստի քննադատ

Կայքառատ ու աղմկոտ տեղեկատվական դաշտում հաճախ բարդ է կողմնորոշվել, թե որ լրատվամիջոցներն են արժանի վստահության, իսկ որոնք՝ ոչ միայն վստահելի չեն, այլև ենթակա են անտեսման:

Եվ եթե ուզում եք ինֆորմացիայի գիտակից սպառող լինել, այլ ոչ թե պասիվ ընթերցող, ցանկալի է փորձել պարզել տեղեկատվական հարթակի իրական կարգավիճակն ու դիրքավորումը:

Վստահելի լրատվամիջոցները կարելի է տարբերակել մի քանի պարզ հատկանիշներով (ավելի բարդ, ստորջրյա մանիպուլյատիվ հնարքներին հիմա չենք անդրադառնա):

  1.  Ո՞րն է վստահելի լրատվամիջոցի առաջին նախապայմանը

Վստահելի լրատվամիջոցը երբեք անանուն չէ: Որպես պրոֆեսիոնալ լրատվամիջոց դիրքավորվող կայքն անպայման պարունակում է տեղեկություն հիմնադիրների, խմբագրակազմի, թղթակիցների մասին, նշում կոնտակտային տվյալները՝ խմբագրության հասցեն, հեռախոսահամարները, էլեկտրոնային հասցեները և այլն:

Սովորաբար կայքերն ունենում են «Մեր մասին» բաժինը, որտեղ նշված ինֆորմացիայից բացի կարող է հրապարակված լինել նաև լրատվամիջոցի հայեցակարգը կամ աշխատանքային սկզբունքները:

Իսկ կայքի էջերում չեն կարող հայտնվել անստորագիր նյութեր կամ էլ այնպիսի հրապարակումներ, որոնք ստորագրված են ֆեյք հեղինակների անուններից: Այսինքն՝ պետք է հնարավորություն լինի զանգահարելու կամ հաղորդագրություն գրելու թե՛ գլխավոր խմբագրին, թե՛ յուրաքանչյուր լրագրողին:

Անտեսման ենթակա կայքերը սովորաբար չունեն հասցե և հետադարձ կապի հնարավորություն չեն տալիս:

  1. Լրատվամիջոցի մասին բաց տվյալները որքանո՞վ են երաշխավորում ինֆորմացիայի հավաստիությունը

Մասամբ են երաշխավորում, քանի որ դա ընդամենը մեկնակետ է: Ստուգման հաջորդ քայլը բուն նյութերի կառուցվածքն է: Այսինքն՝ լրագրողների պրոֆեսիոնալիզմը: Կան մի քանի պարտադիր պայմաններ (և ոչ միայն լրագրության ոլորտում), որոնց մասին արժե հիշել միշտ: Լրագրողական նյութերը պետք է լինեն անաչառ, ազնիվ ու բարեխիղճ:

Եվ որպեսզի այդ պարտադրանքը չհնչի մերկապարանոց հայտարարության նման, ավելացնենք, որ առաջնահերթը նյութի հասկանալի ու ամբողջական լինելն է: Նյութը կարդալուց հետո ընթերցողին պիտի պարզ լինի, թե ինչը, որտեղ և երբ է կատարվել:

Իհարկե, պետք է նաև հղում արվի սկզբնաղբյուրին, այլ ոչ թե որպես լրատվական առիթ նշվի մշուշոտ «մեր տեղեկություններով» կամ «մեր աղբյուրների համաձայն» նախերգանքը:

Փաստացի, ճշտված տեղեկության ու տարբեր կողմերի կարծիքների հավասարակշիռ առկայությունը կհուշի, որ տվյալ լրատվամիջոցը կարելի է դասել վստահելիների շարքը:

  1. Շատ ու բազմազան նյութերը վկայու՞մ են պրոֆեսիոնալիզմի մասին

Ոչ միշտ, քանի որ հիմա համացանցում շատ են ագրեգատոր կայքերը, որոնք ոչ թե սեփական լրահոսն են ստեղծում, այլ տարբեր հարթակներից հավաքում են տեղեկությունն ու տեղադրում իրենց կայքում առանց լրացուցիչ ստուգման ու ճշտման:

Նպատակը այցելություններ ապահովելն է, ինչը նշանակում է, որ շեշտադրումն արվելու է սկանդալային ու թեթևամարս ինֆորմացիայի վրա, որի ստուգումը պարտադիր պայման չէ:

Հիշեք, որ լուրեր հրապարակող կայքերը դեռ լրատվամիջոցներ չեն:

Ավելի շուտ կուտակողներ են, որոնք կարող են կասկածելի, ուղղորդված կամ անթաքույց սուտ հրապարակել՝ առանց հիմնավորումների ու հղումների: Լուրերը սովորաբար ներկայացվում են ճչացող ու գայթակղիչ վերնագրերով:

  1. Արդյո՞ք վատ է, որ վերնագիրը ճչացող ու սկանդալային է

Ճչացող վերնագիրը ո՛չ վատ է, ո՛չ լավ, դա պարզապես լրատվամիջոցի ոճի հարց է: Միակ խնդիրն այն է, որ վերնագիրն ու նյութը չպիտի հակասեն միմյանց ու միտումնավոր չշփոթեցնեն ընթերցողին:

Պատահում է այնպես, որ վերնագիր է դառնում որևէ մեկի ասած միտքը, բայց այն ներկայացվում է ոչ թե որպես կարծիք կամ վարկած, այլ փաստ (առանց չակերտների): Հնարավոր է, որ վերնագիրը ընդհանրապես նյութի հետ կապ չունենա: Այսինքն՝ կատարի խայծի դեր:

Վերնագրերի կառուցումը գրեթե առանձին լրագրողական ճյուղ է, քանի որ հիմա արագ զարգացող իրադարձությունների պայմաններում կարևորվում է ոչ միայն այն, թե ինչ ես գրում, այլև՝ ինչպես ես դա մատուցում: Պրոֆեսիոնալ լրատվամիջոցները փորձում են լավ անել թե՛ մեկը, թե՛ մյուսը:

Լուրի ձևավորումը չպիտի զիջի բովանդակությանը: Կամ էլ՝ քիչ զիջի: Իսկ վերնագիրը ձևավորման մաս է, քանի որ դա առաջինն է, որը աչք է ծակում: Հետո արդեն գալիս է մանրուքներ նկատելու ժամանակը:

  1. Որո՞նք են կարևոր մանրուքները

Լուրը արժեք չունի, եթե դրա համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում: Արդեն ասացինք, որ նյութը պետք է հեղինակ ունենա, բայց պակաս կարևոր չէ, որ տեքստում տեղ գտած տեղեկությունն էլ իր հեղինակային հասցեն ունենա:

Եթե տեսնում ենք, որ ինֆորմացիան մատուցվում է ստորագրված լուսանկարով, կամ լուսանկարի օգտագործման իրավունքները խախտված չեն, ուրեմն լրատվամիջոցը աշխատում է «մաքուր»:

Նույնը վերաբերում է նաև տեքստին. եթե կարդում եք, որ, օրինակ, այսինչ մարդը այսինչ բանն է ասել, ձեզ պետք է հնարավորություն տրվի ստուգելու այդ խոսքը՝ այցելելով սկզբնաղբյուրը:

Օրինակ՝ հիպերհղում տրվի այն լրատվամիջոցին, որը դա առաջինն է հրապարակել: Դրանով չի խարխլվի ո՛չ գործընկերների, ո՛չ ընթերցողների վստահությունը:

Լավ կլինի, որ սկզբնաղբյուրի դերում լինեն միջազգային լրատվական գործակալությունները կամ, եթե խոսքը տեղական թեժ ինֆորմացիոն առիթի մասին է, ականատեսներն ու անմիջական մասնակիցները: Այսպես ասած՝ ապահովվի լուրի «աութենտիկ» բաղադրիչը:

Կարևոր մանրուքներից է նաև էմոցիոնալ հանդարտությունը: Եթե տեսնում եք, որ հրապարակումները ջանում են չափազանց հուզական արձագանքի արժանանալ ու խտացնում են գույները, արդեն չվստահելու իրավունք եք ստանում:

Մի մոռացեք, որ վստահելի լրատվամիջոցը դատարան չէ: Ոչ էլ պատվերներ ընդունող գրասենյակ:

  1. Ինչպե՞ս տարբերակել պատվերով գրված հոդվածները

Հաճախ պատվիրատուները շատ նրբազգաց ու խելամիտ չեն լինում, և եթե կայքերում ուզում են մրցակիցներին «սևացնող» կամ իրենց գովերգող նյութեր պատվիրել, դա անում են ճակատային կամ փնթի կերպով:

Պատվերով հոդվածները տարբերակելու համար ուշադրություն դարձրեք մեղադրանքների հիմնավորումներին: Եթե հնչում է մեղադրանք, ուրեմն մեղադրվողին պետք է խոսքի իրավունք տրվի: Իսկ եթե մեջբերվում են աննախադեպ աճի մասին խոսքեր, դրանք պետք է թվերով ու վիճակագրական տվյալներով ուղեկցվեն:

Իրականում պատվերով գրված լրագրողական նյութերը կռահվում են բնազդաբար: Աշխատեք չկորցնել կասկածելու, ստուգելու, նորից կասկածելու ու նորից ստուգելու բնազդը:

Կասկածելն ու չվստահելը հիմնարար իրավունքներ են: Իսկ պրոֆեսիոնալ ու վստահության արժանի լրատվամիջոցը միշտ հաշվի է առնում իր ընթերցողների իրավունքները:

Այդ մասին ցանկալի է հիշել բոլոր, անգամ՝ լիակատար տեղեկատվական սովի հանգամանքներում: Այսինքն՝ եթե լրատվամիջոցն իր ընթերցողներին միամիտ հիմարի տեղ չի դնում, այն արդեն վստահություն է ներշնչում:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *