2011.05.23,

Քննադատ

Հանրային ուշադրության եւ հանդուրժողականության մասին

author_posts/mesrop-harutyunyan
Մեսրոպ Հարությունյան

Կոչումով` արձակագիր

Այս պահին մեկ տասնյակից ավելի դատավարություն է ընթանում ընդդեմ զանգվածային լրատվության միջոցների: Ընդ որում, բոլորն էլ ոչ թե հասարակ մահկանացուների (պայմանական ասած), այլ հանրային դեմքերի (դարձյալ պայմանական ասած) հայցերի հիման վրա: Թե ինչն է այդպես վրդովեցնում քաղաքական եւ հասարակական գործիչներին, այլ քննարկման թեմա է: Ես այսօր պիտի անդրադառնամ ոչ թե նրանց  ու հայց ներկայացնելու նրանց դրդապատճառներին, այլ հանրային անձի կարգավիճակին եւ այդտեղից բխող որոշակի հանդուրժողականությանը:

Տարբեր առիթներով բազմիցս ասվել է, որ հասարակական դեմքերը պիտի ավելի հանդուրժող լինեն քննադատության նկատմամբ, քան հասարակ մահկանացուները: Մեկնաբանությունը շատ պարզ է՝ նրան իրենք են իրենց ԿԱՄԱՎՈՐ դրել հանրության ուշադրության կենտրոնում, եւ նրանց յուրաքանչյուր քայլ, արարք, խոսք դառնում է հանրային քնարկման առարկա, իսկ հանրային քննարկումը, բնականաբար, ծավալվում է ոչ միայն փողոցում, երթուղային տաքսու ուղեւորների շրջանում, բակային «բեսեդկայում», այլեւ, բնականաբար, մամուլի էջերում: Իսկ 21-րդ դարում, երբ մեդիա դաշտն ընդլայնվել է՝ իր մեջ ներառելով նաեւ համացանցն ու ցանցային լրատվամիջոցները, ապա ամենաբուռն քննարկումներն ընթանում են այնտեղ եւ հատկապես բլոգային միջավայրում ու սոցիալական ցանցերում: Որովհետեւ, եթե թերթով կամ հեռուստատեսությամբ դու ընդամենը կարող ես կարդալ կամ լսել մեկ-երկու կարծիք, ապա համացանցում կարող ես ինքդ մասնակցել քննարկումներին, արտահայտել  քո տեսակետը, վիճել, բանավիճել, համաձայնել կամ չհամաձայնել: Նման դեպքերում համացանցը դառնում է (լրիվ դրական իմաստով եմ ասում, թող իմ բարեկամները հանկարծ չվիրավորվեն նման համեմատությունից), նույն «բեսեդկան» կամ 70-80-ականների «Կոմայգին»՝ «Արարատի» խաղերից հետո, որտեղ ամենակատաղի բանավեճեր էին ընթանում թիմի հերթական հաղթանակի, ներքին խոհանոցի, ֆուտբոլիստների միջեւ կոնֆլիկտների, սրա կամ նրա ասածի եւ այլ հարցերի շուրջ: Ի դեպ, հընթացս քննարկվում էին նաեւ այլ՝ մշակութային, քաղաքական, սոցիալական հարցեր:

Այսքան երկարացնում եմ այս համեմատությունը, որովհետեւ համացանցային վերջին մի քանի քննարկումներ բուռն ու բացասական, հաճախ քննարկմանը մասնակցած մարդկանց հասցեին վիրավորական արտահայտություններով արձագանքներ են առաջացրել հատկապես շոու բիզնեսի ներկայացուցիչների մոտ: Խոսքը «Տաշիր 2011» մրցանակաբաշխությունից եւ «Եվրոտեսիլից» հետո սկսված քննարկումներին ու դրանց արձագանքերին է վերաբերում:

Հատկապես առաջինի դեպքում ինձ խիստ զարմացրել էր հայտնի երգչուհիների բուռն ու վիրավորական արձագանքը սոցիալական մեդիայում ընթացող քննարկումների ու քննադատության նկատմամբ: Ընդ որում, նրանք ոչ թե ըստ էության պատասխանում էին քննադատություններին ու առաջարկություններին, այլ իրենց պատասխանը հանգեցնում էին հետեւյալին՝ «դուք ո՞վ եք, որ մեզ ասեք, թե ինչ անենք…»: Ստացվում, որ երբ պետք է դահլիճներ լցնել, ծափահարություններ ստանալ ու այս ամենի շնորհիվ նաեւ բարձր հոնորարներ՝  հասարակությունը  «պուպուշ» է,  իսկ երբ այդ նույն հասարակության արձագանքը բացասական է, ուրեմն այն «քը՞խ» է եւ պետք է  վիրավորե՞լ այդ հասարակության ներկայացուցիչներին: Շաբաթներ շարունակ այդ մրցանակաբաշխությունը գովազդվում էր, մի ամբողջ երեկո՝ ներկայացվում: Այսինքն այն, բնականաբար, հանրության ուշադրության կենտրոնում էր, եւ բնականաբար, դրա կազմակերպիչներն ու մասնակիցները պիտի ակնկալեին հանրության արձագանքը, որը կարող է լինել ինչպես ծափահարությունների, «բռավո» բացականչությունների, այնպես էլ քննադատության, սուր քննադատության եւ անգամ հայհոյանքների տեսքով: Նա, որ իրեն դնում է հասարակության ուշադրության կենտրոնում, ակնկալելով միայն գովասանք՝ ավելի լավ է չզբաղվի ոչ մի տեսակի հանրային գործունեությամբ: Նա, ով զբաղվում է, պիտի պատրաստ լինի ամեն տեսակի արձագանքի: Ախր, սա այնքան պարզ բան է, որ ես նույնիսկ ամաչում եմ այս մասին նորից հիշեցնել:

Նույնը կատարվեց նաեւ «Եվրոտեսիլի» առաջին կիսաեզրափակիչից հետո, երբ Հայաստանի ներկայացուցիչը դուրս մնաց հետագա պայքարից: Ավանդական մեդիայի եւ սոցիալական ցանցերի արձագանքն ու քննարկումները բուռն էին: Բայց ահա դրան հաջորդում է հայտնի երգչուհու հետեւյալ արձագանքը՝ «Ի՞նչ կասեի  այդ մարդկանց։ Ռուսերեն մի բառ կա՝ «заткнитесь»։ Այդքան բան։ Հերի՛ք է, էլի։  Ովքե՞ր եք  դուք, ի՞նչ շնորհք ունեք։  Դուք փորձեք   մի  բան լավագույնն  անել, հետո  ամպագորգոռ  մեծ–մեծ  խոսեք։ Հիմնականում, որ տեսնում  եմ, թե ինչ մակարդակի  մարդիկ են և ինչ  էժանագին  մրցույթներ են դնում արտիստների մեջ.  սա գնար, լավ կլիներ, նա գնար, ավելի լավ կլիներ… այսպես չի կարող։ Վեջացրե՛ք այդ դիլետանտիզմը։ Հատկապես  սոցիալական  ցանցերում  նման  բաներ գրելը  հավասար է դավաճանության։ Ոնց կարելի է սոցիալական  ցանցերում  գրել՝  պարտվեց, ու սկսել  քննադատել, ու սպանել–ոչնչացնել մարդուն» (մեջբերված է «7օր» ինտերնետային հրատարակությունից):

Այսինքն՝ ի՞նչ, դուք՝ շոու բիզնեսի ներկայցուցիչներդ, անքննադատելի՞ եք, ձեզ չի՞ կարելի մատնացույց անել աչքի վերեւի հոնքը… Ծիծաղելի տրամաբանություն է: Նման դեպերում ստիպված եմ լինում ասել. եթե չեք ուզում քննադատությունների արժանանալ կամ եթե չեք ուզում, որ ձեր կյանքը դառնա հասարակական քննարկման առարկա, մի զբաղվեք այնպիսի գործով, որով ձեզ դնում եք հասարակության ուշադրության կենտրոնում: Ի վերջո, աշխարհի բնակչության 99 տոկոսը՝ հասարակ մահկանացուներ են, որոնք ապրում են իրենց կյանքով, եւ ոչ ոք հրապարակային չի քննարկում ոչ նրանց ստացած նվերները, ոչ նրանց սիրուհիների կամ ավտոմեքենաների թիվը, թերեւս իրենց որոշ բարեկամ կամ չարեկամ հարեւաններից բացի. սրանք էլ իրենց տներում, իրենց պստլիկ «բեսեդկայում» եւ ոչ թե զանգվածային-հրապարակային:

Այսքանն ասելուց հետո՝ եւս մի բան: Արդյո՞ք իմ խոսքը նշանակում է, որ հանրային դեմքերը պիտի անտարբեր լինեն իրենց հասցեին հնչող քննադատության նկատմամբ եւ լռեն ու չարձագանքեն, ինչ է, թե պետք է հաշվի առնել սեփական դիրքն ու հանդուրժող լինել քննադատության նկատմամբ: Քավ լիցի: Նրանք էլ, մեզ նման ունեն կարծիքի իրավունք եւ բնականաբար, կարող են արձագանքել: Սակայն այդ արձագանքն էլ պիտի լինի համարժեք: Ընդ որում, ավելի լավ է՝ պատասխան հրապարակման տեսքով, որը ըստ էության կլինի, եւ ոչ թե «դու ո՞վ ես…» կամ «հալա մի նայեք ովքեր են ասում», «մի քո արածներին նայիր, հետո մեզ ասա…» նախադասություններով: Պատասխան պիտի տալ մտքին եւ ոչ թե քննարկել պատասխանողի անձը: Այդ դեպքում հանրային գործչի պատասխանն էլ կընկալվի իբրեւ հանդուրժողական:

Մեսրոպ Հարությունյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *