2018.12.20,

Նյուսրում

Հանրայինի խորհուրդը հանրային կարծիքը կպարզի նոր ընթացակարգով

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը» (ՀԿՈՒԿ) 2019թ․-ից չի գործի։

Կառավարության և խորհրդի համատեղ քննարկման արդյունքում որոշվել է լուծարել կենտրոնը։ Այս մասին Media.am-ին հայտնել է խորհրդի անդամ Ստեփան Զաքարյանը՝ հավելելով, որ որոշումը կայացվել է օպտիմալացման ծրագրի շրջանակներում։

Կենտրոնի լուծարման մասին կառավարության որոշում դեռևս չկա, բայց  2019թ. պետբյուջեում այդ կառույցի ծախսերն ընդգրկված չեն։ Նախորդ տարիներին պետբյուջեից կենտրոնին հատկացվել է տարեկան 44 մլն 326 հազար դրամ։

Գալիք տարվա պետբյուջեով «Հանրայինի խորհրդի ծախսերն աճել են 1 մլրդ 32 մլն դրամով, որը պայմանավորված է ԱԱՀ-ի գումարի նախատեսմամբ, «Հոգևոր-մշակութային հեռուստատեսային ծառայություններ» միջոցառման ծախսերի աճով։ Միաժամանակ, ծախսերը նվազել են 219 մլն դրամով, որը պայմանավորված է «Ռադիոհեռուստատեսային ծառայություններ» և «Հասարակական կարծիքի ուսումնասիրման ծառայություններ» միջոցառումների և հանրային հեռուստաընկերության շենք շինությունների հիմնանորոգման ավարտմամբ»:

Ստեփան Զաքարյանն ասում է, երբ կառավարությունը առաջ քաշեց օպտիմալացման հարցը, որոշեցին լուծարել հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը, որի գործունեությունը այդքան էլ արդյունավետ չէ և բացի այդ ծախսատար է։ Սա, նրա խոսքով, միակ լուծարվող ընկերությունը չէ։

«Այն, ինչ անում է այդ կենտրոնը, կարող ենք նաև պատվիրել ու գումար տնտեսել։ Հիմա կան կազմակերպություններ, որոնք կարողանում են չափել հեռուստատեսության և ռադիոյի հաղորդումների վարկանիշները, ինչպես նաև այլ հետազոտություններ անել ավելի էժան գներով»,- ասում է նա։

Թե ինչ կազմակերպությունների են պատվիրելու այդ հետազոտությունները, ինչպես են ընտրելու կազմակերպություններին, Ստեփան Զաքարյանի խոսքով, կորոշեն Հանրային հեռուստատեսության ու ռադիոյի պատասխանատուները։

ՀԿՈՒԿ-ի տնօրեն Թամարա Գևորգյանն ասում է, որ կենտրոնը լուծարելու շուրջ քննարկումներ իր հետ չեն եղել։ Այդ մասին տարբեր տեղերից լսելուց հետո նամակներ է հղել վարչապետին՝ փորձելով հանդիպել ու քննարկել հարցը, սակայն հանդիպումն այդպես էլ չի կայացել։

Կենտրոնի լուծարման մասին նրան բանավոր տեղեկացրել են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդից։

Թամարա Գևորգյանը համաձայն չէ այն կարծիքի հետ, որ կենտրոնը արդյունավետ չի գործում։

«Եթե արդյունավետության տեսանկյունից կրճատումներ են նախատեսում, պետք է ուսումնասիրեն կենտրոնի գործունեությունն ու հետազոտությունների կարևորությունը, քննարկումներ անեն, հետո որոշեն»,-ասում է նա։

Թամարա Գևորգյանը պատմում է, որ կենտրոնը տարեկան առնվազն 10 հետազոտություն է արել և երբևէ անարդյունավետության մասին խոսք չի եղել։

«Ես պիտի առնվազն տեղյակ լինեի, եթե նման խնդիրներ կան։ Շատ ուրախ կլինեի, որ խորհուրդը մի հատ նիստ աներ ու այդ հարցերը քննարկեր»,-ասում է կենտրոնի ղեկավարը։

Նա ասում է, որ խորհրդում այդպես էլ չհասկացան, որ կենտրոնը կարող է ոչ միայն մեդիայի ուսումնասիրության, այլ նաև հանրային վերահսկողության լուրջ գործիք լինել։

Դրա համար, ըստ նրա, պետք էր նաև արված որոշ հետազոտությունների արդյունքները հրապարակային դարձնել ու քննարկումներ կազմակերպել, ինչը չարվեց։

Քննարկումների պահանջն ամրագրված է օրենքով։ 2018թ․ գարնանը հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքում փոփոխություն է արվել․ օրենքի 31-րդ հոդվածի 14 կետի համաձայն՝ խորհուրդը առնվազն տարին երկու անգամ կազմակերպում է հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության գործունեության վերաբերյալ հասարակական կարծիքի ուսումնասիրություններ ու հրապարակում դրանց արդյունքները։

Անահիտ Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *