2015.12.28,

Քննադատ

Հայաստանի մեդիա իրադարձությունները 2015-ին

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Հայաստանում մեդիա դաշտի 2015-ի իրադարձությունները դիտեք ժամանակացույցի (timeline-ի) օգնությամբ

2015թ.-ին Հայաստանը մի քանի անգամ համաշխարհային մեդիայի ուշադրության կենտրոնում էր: Այս տեսակետից տարին, թերևս, աննախադեպ էր:

Միջազգային մեդիան Հայաստանի մասին

Տարին սկսվեց Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությամբ: Այս դեպքը ռուսական և միջազգային լրատվամիջոցներում բազմաթիվ հրապարակումների առիթ դարձավ: Հայաստանում հասարակությունը հատկապես դժգոհ էր ռուսական մեդիայի կողմնակալ աշխատանքից:

Ապրիլին Հայաստան ժամանեց Քիմ Քարդաշյանը, և Հայաստանի մասին հրապարակումների թիվն աշխահում կտրուկ աճեց: Իսկ երբ Քարդաշյանի ռեփեր ամուսին Քանյե Ուեսթը Երևանի Կարապի լճում անվճար համերգ տվեց, հետն էլ թռավ ջուրը, ինտերնետը իրական ժամանակում խոսեց և քննարկեց Հայաստանը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, անտարակույս, 2015-ի ամենամեծ և կարևոր մեդիա իրադարձությունն էր Հայաստանի համար: Ապրիլի 24-ն ու 25-ը միջազգային խոշոր կորպորացիաների կողմից հայկական  թեմայի նկատմաբ հետաքրքրության կիզակետն էին:

Հունիսի 19-ից հուլիսի 6-ը Երևանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ #ElectricYerevan անունը ստացած բողոքի ցույցերը յուրօրինակ ներքաղաքաքան և ներհայաստանյան իրադարձություն էին, որ ներկայացվեցին և վերլուծվեցին համաշխարհային մեդիայում:

Լրագրողական աշխատանք

#ElectricYerevan-ի նկատմամբ աշխարհի ուշադրությունը պայմանավորված էր նաև ոստիկանության՝ լրագրողների դեմ իրականացրած հատուկ գործողությամբ: Հունիսի 23-ի վաղ առավոտյան ոստիկանությունը, օգտագործելով ջրանետ մեքենա, ցրեց ցուցարարներին: Այդ առավոտյան ոստիկանները ծեծի ենթարկեցին լրագրողներին, կոտրեցին  տեսախցիկներ և ֆոտոխցիկներ, առգրավեցին լրագրողների աշխատանքային գործիքներն ու տեսանկարահանող սարքերի հիշողության քարտերը: Ոստիկանության օպերացիայի հետևանքով ֆիզիկական բռնության ենթարկվեց 13 լրագրող ու օպերատոր, խոչընդոտվեց տարբեր լրատվամիջոցների 15 ներկայացուցչի օրինական մասնագիտական գործունեությունը:

Լրագրողների աշխատանքը խոչընդոտելու երկրորդ մեծ ալիքը դեկտեմբերի 6-ին էր՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը: Տասնյակ դեպքերում լրագրողները ենթարկվեցին ֆիզիկական բռնությունների, նրանց օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտվեց:

Սահմանադրական դատարանը ստիպված եղավ հաստատել լրատվամիջոցների՝ տեղեկատվության աղբյուրը պաշտպանելու իրավունքը: Պատճառը 2014թ.-ից Հայաստանի տարբեր դատական ատյաններում քննվող մի գործ էր, որով ոստիկանության քննիչ Գարիկ Բեգոյանը պահանջում էր «Հրապարակ» թերթին և  iLur.am  լրատվական կայքին պարտավորեցնել բացահայտել իրենց տեղեկատվության աղբյուրները:

Մեդիա դաշտ

2015թ.-ից սկսեց հեռարձակվել «Արարատ TV»-ն: Այն փոխարինեց նույն կապուղիով աշխատող «Լայմ» հեռուստաընկերությանը:

Պանարմենիան մեդիա գրուպը համալրեցին tert.am և blognews.am լրատվական կայքերը:

Անալոգային թվային հեռարձակման անցնելու ժամկետը 2015թ.-ի հուլիսի 1-ից տեղափոխվեց 2016թ.-ի հունվարի 1: Դեկտեմբերին Ազգային Ժողովը փոփոխեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը՝ թույլատրելով մասնավոր մուլտիպլեքսորի (կազմակերպություն, որը իրականացնելու է թվային հեռարձակումը) գոյությունը և իրավունք տվեց թվային հեռարձակման լիցենզիա չունեցող մարզային  հեռուստաընկերություններին շարունակել անալոգային հեռարձակում իրականացնել, մինչև մասնավոր մուլտիպլեքսորի մուտք գործելը: Բացի դրանից կառավարությունը որոշեց, որ անալոգային հեռարձակումը հասանելի կլինի այնքան ժամանակ, քանի դեռ  սոցիալապես անապահով ընտանիքները անվճար չեն ստացել թվային հեռարձակման ազդանշանն ընդունելու համար անհրաժեշտ DVB-T2 կցուրդները:

Թվային հեռարձակման անցնելու հետ կապված փոխվեց Հայաստանում հեռուստատեսային լսարանի չափումներ իրականացնող ընկերությունը: Հեռացող «GFK» շվեյցարական հետազոտական ընտանիքի արտոնագրով աշխատող «Տելեմեդիակոնտրոլ» հայաստանյան ընկերության փոխարեն աշխատելու է «Ադմոսֆեր Արմենիա» նորաստեղծ մասնավոր ընկերությունը, որի գործընկերը «Նիլսեն Ադմոսֆեր» չեխական ընկերությունն է:

Ինտերնետային գովազդը Հայաստանում սկսեց վաճառվել ոչ թե ամսական կտրվածքով, այլ ցուցադրությունների քանակով:

Թվիթերում աշխատեցին հայերեն հեշթեգերը:

Մեդիադաշտը ոգեշնչելու, թվային միջավայրում մեդիա բովանդակությունը քննարկելու համար Հայաստանում անցկացվեցին «Թվապատում» միջազգային մեդիա կոնֆերանսն ու «Թվապատում» լրագրողական մրցույթը:

Հայաստանում մեդիա դաշտի 2015-ի իրադարձությունները դիտեք նաև ժամանակացույցի (timeline-ի) օգնությամբ:

Գեղամ Վարդանյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *