2019.04.25,

Նյուսրում

Հայաստանի հեռարձակման ցանցը՝ թվերով և փաստերով

author_posts/gagik-aghbalyan
Գագիկ Աղբալյան

Լրագրող

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հրապարակել է տարեկան հաշվետվություն, ըստ որի՝ նախորդ տարի  հեռուստածրագրերի մոտ 4000 դիտարկում է կատարվել, հեռուստատեսության և ռադիոյի ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջները խախտելու հիմքով հարուցվել է 11 վարչական վարույթ։

Դրանցից 6-ի մասով վարչական վարույթը կարճվել է։ «Քրոսս հիթեք» հեռուստաընկերությունն առանց հանձնաժողովի թույլտվության իրականացրել է ոչ սեփական հեռուստածրագրերի հեռարձակում, որի համար տուգանվել է 500 հազար դրամի չափով։

«Ար» հեռուստաընկերությունը ծխախոտի գովազդ ցուցադրելու համար տուգանվել է 300 հազար դրամի չափով։ «Դար 21» հեռուստաընկերությունը և «Շարկ» ՍՊԸ-ն առանց իրավատիրոջ թույլտվության ցուցադրել են ֆիլմ, ինչի համար ստացել է գրավոր նախազգուշացում։

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ արձանագրվել է Ընտրական օրենսգրքի պահանջի խախտման 1 դեպք, որի հիման վրա հանձնաժղովի կողմից հարուցվել է վարչական վարույթ։ «Ռադիոհայ» ռադիոընկերությունը նախընտրական քարոզչության համար արգելված օրերին հեռարձակել է քարոզչական նյութեր, ինչի համար տուգանվել է 1 միլիոն դրամով։  

2018 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գործել է 100 լիցենզավորված հեռուստաընկերություն։ Դրանցից 35-ը վերգետնյա է, 65-ը՝ կաբելային։ Նույն ժամանակահատվածում Հայաստանում գործել է 18 ռադիոընկերություն։

Առանց լիցենզիայի՝ օրենքով սահմանված կարգով, գործել են Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը, Շողակաթ ՀԸ-ն, Շիրակի հանրային հեռուստառադիո ՓԲԸ-ն, ինչպես նաև միջպետական պայմանագրի հիման վրա վերահեռարձակվել են RFI (Ֆրանսիա) ռադիոծրագրերը և «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության Հայաստանի մասնաճյուղի ռադիոծրագրերը։

Դիմումների համաձայն դադարեցվել է հեռուստառադիոծրագրերի կաբելային հեռարձակման 2 լիցենզիա և հեռուստածրագրի եթերային հեռարձակման 1 լիցենզիա, ինչպես նաև իրականացվել են լիցենզիաների վերաձևակերպման գործառույթներ։ Արագածոտնի մարզային հեռուստատեսությունը («Երևան մեդիա հոլդինգ» ՍՊԸ) հրաժարվել է լիցենզիայից և դադարեցրել հեռարձակումը թվային ցանցում։ Տավուշի մարզային հեռուստատեսությունը սնանկ է ճանաչվել։ Հանձնաժողովը «Տավուշ-ՏՎ» ՍՊԸ-ին տրված հեռուստածրագրերի եթերային հեռարձակման լիցենզիայի գործողության դադարեցման պահանջով դիմել է վարչական դատարան։ Սպասվում է, որ դատարանն արդեն մայիս ամսին վճիռ կկայացնի։

Չի գործում նաև Վայոց Ձորի մարզային հեռուստաընկերությունը։ Հանձնաժողովի կանխատեսումներով մոտակա 1-2 տարում մի քանի հեռուստաընկերություններ նույնպես կարող են հրաժարվել լիցենզիայից և դադարեցնել հեռարձակումը։

Հաշվետվության մեջ նշված է, որ մասնավոր մուլտիպլեքսորի առջև դրած պայմանների մեղմացումը (տարեկան տուրքի նվազեցում, ամբողջ հանրապետությունով սփռման պահանջի մեղմացում, հանրային մուլտիպլեքսի ցանցի որոշ ծավալի վարձակալություն հնարավորություն և այլն) այս բիզնեսը կարող է շահավետ դարձնել պոտենցիալ ներդրողների համար։

Հանձնաժողովը 2018 թվականի հունիսի 23-ին հայտարարել է մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման մրցույթ, սակայն դեկտեմբերի 28-ին այն հայտարարվել է չկայացած՝ սահմանված ժամկետում դիմումներ չներկայացվելու հիմքով։

«Անհրաժեշտ է մշակել և ընդունել մասնավոր մուլտիպլեքսի գործունեության նոր հայեցակարգ, օրենքում ամրագրել մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության նոր, ներդրողների համար գրավիչ պայմաններ։ Պետության օժանդակության կարիք ունեն հատկապես մարզային հեռուստաընկերությունները։ Այդ օժանդակության շնորհիվ կնվազի հեռարձակողների կախվածությունը մարզային և համայնքային իշխանություններից, պետությունը տվյալ մարզի բնակչության համար անհրաժեշտ հոսքեր կապահովի»,- նշված է հանձնաժողովի հաշվետվության մեջ։

Գագիկ Աղբալյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *