2011.03.31,

Քննադատ

Հալալն ու հարամը լրագրության մեջ. արդյո՞ք բլոգը ԶԼՄ է

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան

Մեդիա հետազոտող

Վերջերս մեզանում եւ նույնիսկ ձեզանում շատ է քննարկվում ավանդական եւ այլընտրանքային ԶԼՄ-ների միջեւ հարաբերությունների հարցը: Հիմնական խնդիրներից մեկն է՝բլոգերը լրատվամիջո՞ց են, թե՞ ոչ:

Այս հարցը, բնականաբար, շատ է հուզում հիմնական երկու ներգրավված կողմերին՝ բլոգգերներին, որոնք ուզում են դերակատար լինել տեղեկատվական դաշտում, եւ ավանդական խմբագիրներին, որոնց զզվեցրել են նորեկները:

Խմբագիրների զայրույթը կարելի է հասկանալ. նրանք մարդկային, ֆինանսական, տեխնիկական ռեսուրսներ են ծախսում՝ ինչ-որ մի իրադարձություն լուսաբանելու համար: Եւ մեկ էլ հայտնվում է մի կիսագրագետ բլոգգեր, ես կասեի` բոսյակ (օգտագործում եմ ենթադրական միջինացված խմբագրի ենթադրական չարտասանվող մտքերը) եւ մի անգրագետ գրառումով ավելի մեծ լսարան գրավում: Բա չզայրանա՞ս:

Ավելին՝ այդ անգրագետներին սկսում են վերագրել նաեւ հեղափոխություններ, զանգվածային ազդեցություն եւ այլն: Սրանից հետո սկսվում է երկրորդ շրջանը. ամբոխները, այլընտրանքային լրատվամիջոցներով ոգեւորված, սկսում են իրար հետեւից բլոգեր բացել: Եթե մի 5 տարի առաջ մարդիկ ընկերների համար էին բլոգեր բացում, այսօր շատերը բլոգ են բացում են ԶԼՄ-2 դառնալու համար: Բա ո՞նց չդառնաս, եթե ամենուր ասում են, որ դառնալու ես:

Հետո բացվում են բլոգգերների դասեր: Պաշտոնական: Ոչ պաշտոնական: Գաղտնի: Ընդհատակյա: Անցնում ենք երրորդ փուլին: Ով բլոգ չունի, կամ գոնե Ֆեյսբուքի հաշիվ, լուրջ մարդու տպավորություն չի թողնում: Բայց այս փուլը արդեն այս հոդվածի հետ կապ չունի, այնպես որ վերադառնանք նախորդ երկու փուլերին:

Իսկապես խնդիր է առաջանում: Մի ենթադրական անգրագետ կարող է խփել գրագետ լրագրողների (ասեմ, որ կրկին ենթադրական) մի մեծ խմբի գործին: Եւ այդպես էլ լինում է եւ լինելու է, քանի որ իրականությունը փոխվել է: Արդեն ուշ է փորձել անցյալ դարի չափանիշներով պահանջել գնահատել լրատվական դաշտը: Ինտերնետը գոյություն ունի, այն էլ ոնց գոյություն ունի, բլոգերն էլ, սոցիալական ցանցերն էլ:

Խմբագիրներից ով հասկացել է դա, արդեն շուտվանից ինքն էլ, իր լրատվամիջոցն էլ նաեւ բլոգ են դարձել: Ինչ էլ լինի, միեւնույն է, ԶԼՄ-ներն ավելի հզոր են: Բլոգգերները հաղթում են միայն առաջին պահին`օպերատիվությամբ: Հետո գալիս են այն ԶԼՄ-ները, որոնք կարողանում են աշխատել այլընտրանքային լրատվամիջոցների հետ: Իսկ ամենավերջում տաշտին մոտենում են այն ԶԼՄ-ները, որոնք դեռ փորձում են միայն ավանդական մնալ: Եվ իրենց շատ ժամանակ արդեն չեն էլ նկատում:

Իսկ իրականությունն այն է, որ համացանցն ամեն ինչ փոխել է: Մեյդան են եկել բլոգգերներ, ֆեյսբուքերներ, թամբլրչիներ, բայց տեղեկատվական դաշտում մի արժեք է կայուն մնացել` վստահելի աղբյուր: Պարզապես հիմա նման աղբյուր կարող է լինել նաեւ բլոգգերը: Իսկ 1943 թվականին դա կարող էր լինել պարտիզանական թռուցիկը, 70-ականներին` սամիզդատի տպագիր գիրքը, 88-ին` Օպերայում կախված պաստառը: Ինչը վստահելի է, հալալ է: 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *