2011.11.16,

Քննադատ

Կյանքի ու հորինվածքի արանքում

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան

Լրագրող, արվեստի քննադատ

Հայրենական հեռուստատեսային լրատվական հաղորդումները որպես կանոն լուրջ չեն ընդունվում մեր համաքաղաքացիների կողմից:

Սակայն եթե հաշվի առնենք, որ շատերի տանը հեռուստացույցը գրեթե շուրջօրյա միացրած է (որպես ֆոն), ապա էկրանին հայտնվող լուրերը, այսուամենայնիվ, գտնում են իրենց հասցեատերերին (նույնպես որպես ենթագիտակցական ֆոնային շերտ):

Եվ շատ հետաքրքիր է հետևել, թե ինչպես են քարոզչական հնչերանգները դրական քող գցում ցանկացած ռեպորտաժի ու իրադարձային պատկերի վրա ու դանդաղորեն սողոսկում մարդկանց ուղեղների մեջ որպես վիրտուալ-հեքիաթային իրականություն:

Մեր հեռուստալուրերի մեջ կարևորը պոզիտիվն է իր ամենալայն սպեկտրով, և այդ արհեստական պոզիտիվն, այսուամենայնիվ, շատ լավ գործում է:

Այն «սպանում» է լուրն ու միաժամանակ օժտում այն պատրանքով:

Կար ժամանակ, երբ հեռուստադիտողը էկրանից ոչ թե «ի՞նչ ցույց կտան», այլ «ի՞նչպես ցույց կտան» հարցի պատասխանն էր սպասում:

Խորհրդային հեռուստադիտողը գիտեր, որ պետք է փորձել ոչ թե լուրը, այլ լուրի տողատակը կարդալ: Ենթատեքստային «պատերազմներում» կոփված հեռուստադիտողին խաբելը դժվար էր, նա վստահ էր, որ երբ ուրախ-երջանիկ ինֆորմացիան շատանում է, երկրում ինչ-որ բան լրջորեն խափանվել է:

Այսօրվա մեր հեռուստալսարանը բոլորովին այլ է, նրան արդեն չի հետաքրքրում ոչ «ինչը» (ակտուալ «ինչ» գտնելու համար ավելի մոբիլ ու չխմբագրված աղբյուրներ կան, և դրանց շարքում հեռուստատեսությունը հաստատ առաջնային դիրքում չէ), ոչ էլ՝ «ինչպեսը»:

Լուրի մատուցումը կռահելի ու միակողմանի է դարձել: Եվ եթե հաշվի առնենք, որ օրվա լուրերը գրեթե նույն խոսքերով ու նույն կադրերով մի ալիքից մյուսն են թափառում, ապա միակողմանիությունը սկսել է կրել համատարած բնույթ: Պարադոքս է, բայց հենց դրանում է մեր հայրենական հեռուստատեսության գրավչությունը:

Որպես գերակշռող ու խրախուսվող լուրային ֆորմատ ընտրվում է բարյացակամ-հաճելի-երջանիկ հնչերանգը:

Եվ տպավորություն է, որ ռեպորտաժները ստեղծվում են մեկընդմիշտ ընդունված (դեռ սովետական տարիներից) տրաֆարետով:

Առաջին, երկրորդ կամ էլ նախավերջին ու անհայտ դեմքերը հանդիպեցին, քննարկեցին, մասնակցեցին, ներկայացում դիտեցին, մարզեր այցելեցին, ծառ տնկեցին, սրա կամ նրա վրա արդարացի ու խիստ մատ թափ տվեցին…

Եվ այդ ամենն արեցին ի նպաստ և ի բարօրություն հայրենիքի:

Անգամ այն դեպքերում, երբ խոսքը տհաճ պատահարների կամ աղետալի դեպքերի մասին է, էկրանը առաջարկում է ազգովի հպարտանալ այդ դեպքերի արագ լուծմամբ կամ էլ առնվազն ահազանգման փաստով: Ավելին լրատվությունը չի առաջարկում:

Նման առույգ-մանկական ֆորմատը (համեմված երգ ու պարով) ստեղծում է նոր որակի հեռուստալսարան, որի ուրվագծվող դիմանկարի մասին արժե մտորել հոգեբաններին:

Որպես «բարիդրացիական» դրամա բեմադրված ու մատուցված լուրը ընտելացնում ու հաշտեցնում է շատերին իրականության հետ:

Վերջերս, օրինակ, զրուցելով մի հեռավոր գյուղի բնակիչների հետ, որոնք հիմնականում Հանրային ալիքն են դիտում, համոզվեցի, որ հեռուստաէկրանն իրենց համար հեքիաթային հարթություն է, որտեղ իրենք «սիրուն-սիրուն ու ուրախ-ուրախ» բաներ են տեսնում:

Ուշագրավ է, որ հեքիաթն իրենք տեսնում են փաստագրական (իբրև թե) ռեպորտաժների մեջ, իսկ իրական (իբրև թե) կյանքը՝ սերիալներում:

Կյանքի ու հորինվածքի նման ընկալումը կարելի էր զավեշտալի համարել, եթե իրականում այն մտահոգիչ չլիներ:

Ողջ հեռուստանեգատիվը հատուկ խողովակաշարով ուղղվում է դեպի սերիալը, իսկ լուրը ձերբազատվում է խնդրահարույց հարցադրումներից ու սկսում է շողշողալ որպես «մաքուր» բեմադրություն: Հենց լուրն է ընկալվում որպես երևակայական իրականություն, մանավանդ, որ այն միշտ «երջանիկ ավարտ» է ունենում կամ գոնե նշմարվում է դրա մոտալուտ գալուստը:

Ասենք, վերին ատյանների միջամտության կարիքն է լինում ճիշտ այնպես, ինչպես հին հունական ողբերգություններում երկնքից իջնող Բարձրյալն էր արդարություն հաստատում: Իսկ սերիալները, որոնք դերասանական խաղի ու չեղած բանի վրա են հիմնված, ձեռք են բերում փաստի ուժ:

Լուրն ու սերիալը անբաժան «քույրերի» նման իրենց ֆունկցիաներով փոխանակվել են: Դա նորօրյա հեռուստատեսային ռազմավարությունն է:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *