2012.04.28,

Նյուսրում

Խորհրդարանական ընտրությունների ֆեյսբուքյան մոնիտորինգը

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան

Լրագրող

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնը հրապարակել է օնլյան մեդիաների կողմից Ֆեյսբուք սոցիալական ցանցում մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրությունների լուսաբանման մոնիտորինգի առաջին արդյունքները: Հետազոտական կենտրոնը դիտարկել է օնլայն մեդիաների (news.am, tert.am, 1in.am, zham.am, 7or.am) ֆեյսբուքյան էջերում խորհրդարանական ընտրությունների հետ կապված նյութերը, դրանց «like»-երը, «share»-երը եւ «comment»-ները:

«Մենք ղեկավարվել ենք միայն փաստացի տվյալներով՝ ինչքան like կա, ինչքան share կա եւ ինչքան comment կա, այսինքն՝ այն տվյալներով որոնք մեզ հասանելի են եղել: Դա համարում ենք լսարանի ակտիվության աստիճան»,- ասում է «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը:

Մոնիտորինգի համաձայն՝ պաշտոնական քարոզարշավին մոտենալուն զուգընթաց ընտրությունների հանդեպ ֆեյսբուքյան օգտատերերի հետաքրքրությունը մեծացել է, որի մասին վկայում են ընտրությունների եւ այլ թեմաներով նյութերի «like»-երի, «share»-երի եւ «comment»-ների քանակի համեմատությունը:

region-chart2

«Ռեգիոնը» նաեւ մոնիտորինգի է ենթարկել, թե օնլայն մեդիաների ֆեյսբուքյան էջերը խորհրդարանական ընտրություններին մասնակցող որ կուսակցության մասին որքան եւ ինչ բնույթի հիշատակումներ են արել (դրական, բացասական, չեզոք): Մոնիտորինգի համաձայն՝ փետրվար եւ մարտ ամիսներին օնլայն մեդիաներից ամենաշատ նյութերն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է tert.am-ը՝ 652: 7or.am-ը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է 580 նյութ, 1in.am-ը՝ 539, zham.am-ը՝ 455, իսկ news.am-ը 246:

region-chart1

Սոցիալական մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը գտնում է, որ շատ բարդ է Ֆեյսբուքը մոնիտորինգի ենթարկել:

«Այս համակարգը նույնիսկ պաշտոնապես արգելում է իր մեջ զանգվածայնորեն տեղեկատվություն քաղելը` data mining-ը: Բացի այդ՝ դուք ներսում չեք կարող փնտրել: Գրառումների մեծ մասը արվում է կա՛մ ընկերների համար, կա՛մ ընկերների ընկերների համար: Այդ ամեն ինչից ելնելով՝ ամբողջական պատկեր ֆեյսբուքից ստանալ գրեթե անհանարին է: Կարելի է ինչ-որ մասնավոր պատկերներ ստանալ»,- ասում է նա:

Փորձագետի խոսքերով՝ միայն օնլայն մեդիաների ֆեյսբուքյան էջերը քիչ բան են ասում:

«Լրատվամիջոցի ֆեյսբուքյան էջի վրայի like-երը եւ comment-ները լրատվամիջոցի մասին շատ բաներ չեն բացատրում, օրինակ՝ լրատվամիջոցը կարող է ֆեյսբուքում շատ պոպուլյար լինել, ընթերցվել, բայց ոչ իր էջից, իր էջերի վրա քիչ այցելուներ ունենալ եւ հակառակը: Միայն համադրելով կարելի է ինչ-որ բան ստանալ»,- ասում է նա:

Լաուրա Բաղդասարյանն ասում է, որ ֆեյսբուք սոցիալական ցանցի տեխնիկական առանձնահատկություններով պայմանավորված՝ մոնիտորինգում ներկայացված թվերը ոչ թե բացարձակ են, այլ տեղեկատվական:

«Մեթոդաբանական իմաստով հնարավոր է ֆեյսբուքը մոնիտորինգի ենթարկել: Բացարձակ թվեր ներկայացնել հնարավոր չէ, որովհետեւ այսօրվա բացարձակ թվերը վաղը կարող են փոխվել: Մեր ուսումնասիրությունը իրազեկային բնույթի է, ընդհանուր միտումները ցույց տալու եւ ինտերակտիվության աստիճանը որոշելու համար»,- ասում է նա:

Հետազոտական կենտրոնի մոնիտորինգի երկրորդ փուլը նվիրված է լինելու պաշտոնական քարոզարշավի ընթացում Ֆեյսբուքում քաղաքական կուսակցությունների պաշտոնական էջերի եւ ցանցում առավել ակտիվ գործունեություն ծավալող պատգամավորության թեկնածուների անձնական էջերի դիտարկմանը` նախընտրական քարոզչության ակտիվությանը, բովանդակությանը, ընտրողների հետ երկխոսություններին եւ քննարկումներին:

Աննա Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *