2019.01.22,

Նյուսրում

Լրատվամիջոցն անսասան է․ դատարանի վճիռը կբողոքարկվի

author_posts/gagik-aghbalyan
Գագիկ Աղբալյան

Լրագրող

Հունվարի 18-ին առաջին ատյանի դատարանի վճռով 1in.am կայքին պարտավորեցվել է հերքում տպագրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին հրապարակված չորս հոդվածների վերաբերյալ։

Խոսքը 2018 թվականի հունիս ամսին 1in.am կայքում և «Ժամանակ» օրաթերթում հրապարակված «Գրիգոր Գրիգորյանը ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ, վերջինս կարող է կալանավորվել», «Ռոբերտ Քոչարյանի խուճապը, երկրորդ նախագահը` բանտի ճանապարհին», «Հակահեղափոխության արյունոտ սիմվոլը` Ռոբերտ Քոչարյան» և «Քոչարյան-Սարգսյան․ Արյունոտ քսանամյակի շահառուները» հոդվածների մասին է։

Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը հայց է ներկայացրել դատարան, հայտնելով, որ այս հոդվածներում «Սկիզբ մեդիա» ընկերությունը արատավորել է հայցվորի պատիվը և արժանապատվությունը։

Հայցվորը խնդրել է պարտավորեցնել «Սկիզբ Մեդիա»-ին հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և պարտավորեցնել ընկերությանը՝ զրպարտության դիմաց Ռոբերտ Քոչարյանին վճարել փոխհատուցում 2 միլիոն դրամի չափով։  

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանի վճռի համաձայն՝ հերքում պետք է տպագրվի այն մասին, որ նշված հոդվածներում Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ տեղեկատվությունները իրականությանը չեն համապատասխանում և զրպարտություն է:

Լրատվամիջոցը պետք է հայցի Քոչարյանի ներողամտությունը վերջինիս վերաբերյալ զրպարտություն պարունակող տեղեկատվություններ հրապարակելու և տարածելու, ինչպես նաև նրա պատիվը և արժանապատվությունը արատավորելու համար:

Առաջին ատյանի վճռի համաձայն՝ հերքումը պետք է հրապարակվի վճիռն օրինական ուժ ստանալուց հետո երկու օրվա ընթացքում՝ առավոտյան ժամը 09:00-ին սահմաններում (վճիռն օրինական ուժի մեջ կմտնի հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում, եթե չբողոքարկվի):

Դատարանը մասնակի է բավարարել զրպարտության դիմաց փոխհատուցման վերաբերյալ 2 միլիոն դրամի պահանջը, որպես փոխհատուցում սահմանելով 400 հազար դրամ։

«Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ ներկայացուցիչ, փաստաբան Սահակ Գագինյանը Media.am-ին հայտնեց, որ առաջին ատյանի վճիռը պարտադիր բողոքարկելու են Վերաքննիչ դատարանում։ Թե առաջին ատյանի վճռի որ կետերն են խոցելի, փաստաբանը չբացահայտեց։ Ասաց՝ սպասեք հայցին։ Բողոքարկման ժամկետն օրենքով 30 օր է։

Ըստ փաստաբանի՝ վճիռը բողոքարկելու են և՛ գումարի պահանջի, և՛ հերքման մասով: «Մենք դեռ դատարանում հայտնել ենք մեր դիրքորոշումը։ Պարզապես օրենսդրական ու փաստական հիմքերը կշարադրենք առաջիկա օրերին։ Դատավորին երկու անգամ ինքնաբացարկ է հայտնվել՝ տարբեր հիմքերով, բայց դատարանը գտավ, որ միայն մեկ հիմքով է ինքնաբացարկը: Այս և այլ հարցերի շուրջ մեր բողոքը նույնպես Վերաքննիչում պետք է ներկայացնեմ»,- ասաց Սահակ Գագինյանը:

Այդ ընթացքում 1in.am-ը հերքման փոխարեն հրապարակել է պնդում, որ Ռոբերտ Քոչարյանի ձեռքերն արյունոտ են։ Կայքը գրում է, որ բացի իրավական հարթությունը, խնդիրը քննարկելի է հատկապես քաղաքական հարթության վրա։

«Մարտի 1-ի գործում արձանագրվել է էական առաջընթաց, ու Ռոբերտ Քոչարյանին առաջադրվել է մեղադրանք՝ սահմանադրական կարգը տապալելու հատկանիշներով։ Պնդել ենք ու շարունակում ենք պնդել, որ Ռոբերտ Քոչարյանն է արյունոտ այդ ոճրի կազմակերպիչը, ու, բնականաբար, չենք պատրաստվում որևէ հերքում տպագրել մեր լրատվամիջոցի հարթակում։ Ավելին՝ համոզված ենք, որ նախաքննության ու դատավարության ընթացքում դրվագ առ դրվագ հաստատվելու են մեր հրապարակումներում տեղ գտած բոլոր պնդումները»,-սա մի հատված է 1in.am-ի պնդումից։

1in.am-ի պնդում-հայտարարության մեջ առաջին ատյանի դատարանի որոշումը բնութագրվում է որպես «անհեթեթ»։

Գագիկ Աղբալյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *