2013.02.02,

Քննադատ

Լրատվական կայքերի մի խնդրի մասին Հայրիկյանի դեմ մահափորձի լուսաբանման օրինակով

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

 

Հայաստանի ցանցային լրատվամիջոցները նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը լուսաբանեցին «որքան արագ ու որքան շատ, այնքան լավ» սկզբունքով։ 

Լրահոսը առատ էր ԱԻՄ նախագահի դեմ հարձակման, նրա առողջական վիճակի մասին մանրամասներով։ Լրագրողները ժրաջան էին ու դիմացկուն։ Կայքերի այցելուները ստանում էին ժամի համար կարեւոր հիմնական տեղեկատվությունը։

Սակայն հիմնական մարտավարությունը, որի մասին նշեցի՝ արագությամբ հաղորդվող լուրերի մեծ քանակություն, երբեմն ոչ այնքան արդարացված է լինում։ 

Կայքերի լրահոսում հանդիպում էին արտահայտություններ, որոնք որոշ դեպքերում ոչ միանշանակ կարող էին ընկալվել («Րաֆֆի Հովհաննիսյանի կինը ողջ գիշեր եղել է Հայրիկյանի կողքին») կամ ընթերցողի մոտ ոչ տեղին ժպիտ առաջացնել («…այս պահին Հայրիկյանը փորձում է քնել»)։ 

Ընթերցողը ուզու՞մ է կարդալ Հայրիկյանի նախաճաշի կամ օրվա ռեժիմի մասին ընդհանրապես՝ բոլոր մանրամասներով։ Սա ռեալիթի շոու՞ է, թե՞ արտակարգ դեպքի լուսաբանում։

Հայրիկյանի վրա կրակցոների դեպքում դասական երեք մեծ սյուժե կար, որի շուրջը պտտվում էին բոլոր փոքր ու մեծ լուրերը, ռեպորտաժները.

– Մահափորձի մանրամասները, ինչ է կատարվում դեպքի վայրում (Տպագրիչների փողոցում),

– Հայրիկյանի առողջական վիճակը,

– Քաղաքական, պետական, հասարակական գործիչների, հարազատների մեկնաբանությունները։

Ցանցային մեդիաներն ընտրել էին հետեւյալ սկզբունքը՝ յուրաքանչյուր նոր ստացվող տեղեկատվությունը հրապարակվում էր նոր հոդվածի տեսքով։ Դասական մոտեցումը, երբ ընդհանուր մեծ վերնագրերով նյութերը լրացվում են նոր մանրամասներով՝ վերնագրերում ստանալով համապատասխան (ԼՐԱՑՎԱԾ) հավելումը, հիմնականում անտեսված էր։

Չեմ ասում, որ առատ ու մի քանի րոպեն մեկ թարմացվող լրահոսը վատ է կամ խիստ անհարմար է։ Բայց Հայրիկյանի դեպքի լուսաբանումը Հայաստանի ցանցային մեդիաների համար էլի մի խնդիր բացահայտեց։ 

Լրատվական կայքերը հարմարեցված չեն արտակարգ դեպքերը հատուկ ռեժիմով լուսաբանելուն։ Կայքերը հիմնականում (բացառությունը թերեւս, azatutyun.am-ն է) չունեն ճկուն կառուցվածք, երբ հնարավոր է հիմնական մենյուին ավելացնել նոր բաժին։ Տվյալ դեպքում, կայքերի մենյուներում օրինակ, «Մահափորձ Հայրիկյանի դեմ»  կամ «Հայրիկյան» վերնագիրը օգտատիրոջը կօգներ միանգամից ֆիլտրել օրվա կարեւոր իրադարձության մասին լուրերը։ 

Նման մոտեցման օրինակի համար հեռու պետք չէ գնալ։ Ռուսական gazeta.ru ընթացիկ կարեւոր իրադարձությունների համար վաղուց մենյուի հատվածում առանձին տեղ է հատկացրել։ 

Հայաստանում լրատվական կայքերը նախագծելիս արտակարգ դեպքերի հնարավորությունը, հատուկ հավելվածներն այնքան էլ հաշվի չեն առնում։ 

Բայց արտակարգ դեպքեր, ուզենք թե չուզենք լինում են եւ դրանք արտակարգ լուսաբանում են պահանջում։ Ընտրությունների ժամանակ էլ, սովորաբար, կայքերն արտակարգ ռեժիմով են աշխատում։ Ու շատ կայքերի լրահոսը նաեւ ուղիղ եթերի կամ ինտերնետային լեզվով ասած՝ «live blogging»-ի ժանրում է լինում։ 

Ու այստեղ էլ համապատասխան գործիքներ կան, որ Հայաստանի լրատվական կայքերն անտեսում են։ Օրինակ, ScribbleLive-ը։ Այն հնարավորություն է տալիս ընթացիկ զարգացող իրադարձության կենդանի ժապավեն ստեղծել՝ ներառելով տեքստ, ֆոտո, վիդեո, օնլայն քվեարկություն, ուղիղ հեռարձակում։ Սա վճարովի ծառայություն է, սակայն այնքան թանկ չէ, որ Հայաստանի ցանցային մի քանի լրատվամիջոցներ չկարողանան դրա դիմաց վճարել։ 

ScribbleLive-ը, մասնավորապես, օգտագործում է ռուսական «Մոսկովսկիե Նովոստի»-ին։ Այս կայքի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Բոգոմոլովը անցյալ տարի Բարքեմփ Երեւանի ժամանակ պատմում էր, թե ինչքան էֆեկտիվ է եղել ScribbleLive-ը, օրինակ, Մոսկվայում ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքները լուսաբանելու համար։ Գուցե Հայաստանում է՞լ փորձարկեն «live blogging»-ի այս գործիքը։

Գեղամ Վարդանյան

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *