2018.07.25,

Քննադատ

Լրատվական դաշտը փոթորիկից առաջ

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Վերջին օրերին ամենաքննարկվող ու ակտուալ թեմաներից է լրատվական դաշտը, որտեղ ինչ ասես կարելի է հանդիպել և կողք կողքի՝ ճիշտ ու սխալ, կարծիք ու հավակնություն, բամբասանք ու փաստ, սենսացիաների պատրանք ու պատրանքային աղբյուրներ, հղումներ անանուններին ու անանուն տագնապներ:

Եվ ամենակարևորը՝ տարբեր մանր ու խոշոր շահեր (և շատ հաճախ ստվերային):

Բոլորը, անգամ հենց լրագրողները, դժգոհ են զանգվածային լրատվական միջոցների աշխատանքից, և լրատվամիջոցների գործի մասին արտահայտվելը ավելի ակտուալ թեմա է, քան կոռուպցիոն բացահայտումները, որոնք  հետհեղափոխական լրահոսի հիմքն են:

Խոսվում է լրատվամիջոցներին պատասխանատվություն կանչելու, ներքին կարգավորման, էթիկական հանձնաժողովներ ու տարբեր վերահսկող մեխանիզմներ ստեղծելու մասին:

Մի խումբ լրատվամիջոցներ էլ որոշեցին, որ ստեղծված քաոսային իրավիճակում հարկավոր է դիմել նոր կառավարությանը՝ կոչ անելով վերահսկել մեդիա-սոցցանցեր կամուրջները ու վերադառնալ աշխատանքի այն մոդելին, որը թույլ էր տալիս քիչ թե շատ պահպանել ստատուս քվոն:

Հեղափոխությունը լուրջ ցնցում էր իրենց տեղն ու խորշը մեծ ջանքերով գտած շատ լրատվամիջոցների համար, որոնք գիտեին, թե ինչը, ինչի համար և երբ են հրապարակում:

Գրեթե նույնպես, ինչպես դատավորները, որոնք ձևակերպված մասնագիտական պահանջներից բացի միշտ ունեին ներքին ու չգրված օրակարգ (դատական գործերը բացվում, կարճվում կամ լուծում էին ստանում մասնագիտությունից դուրս գտնվող անձանց հորդորներով կամ ուղիղ հրամաններով):

Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետ իր առաջին ուղերձներից մեկը հղեց հենց դատավորներին՝ ասելով, որ այլևս ցուցումներ չեն լինի, պարզապես աշխատեք, հիշեք ձեր մասնագիտության երևացող կողմի մասին և մոռացեք տարբեր ստվերային կապերն ու կապանքները:

Նիկոլ Փաշինյանը հանրային կապերի լուրջ մոդերատոր է և շատ լավ հասկանում է, որ հարկավոր է ոչ թե էմոցիոնալ տեքստեր ասել, այլ ընդհակառակը, հիշեցնել կարևորի մասին զուսպ, գրեթե ուղեցույցային լեզվով:

Որ այլևս մասնագիտական համայնքը ինքն է իր դատավորը, ուղեցույցը և պատասխանատուն:

Այդ ուղերձը նաև լրատվամիջոցների համար էր պիտանի, և շատ լրատվամիջոցներ փորձեցին (նաև անկեղծորեն) հարմարվել նոր իրականությանը, որտեղ կարևոր էր հիշել մասնագիտության մասին՝ անջատ քաղաքական պատեհապաշտությունից ու սեփականատերերի շահերից:

Լրագրությունը որպես հանրային մասնագիտություն ու հանրային գործիք ստիպված է լինել բաց ու զանգվածային:

Իսկ երբ կան ստվերային կապեր ու պարտավորություններ, անձնական պայմանավորվածություններ ու գաղտնի պահվող ֆինանսական հոսքեր, լրատվամիջոցը սկսում է մանևրել ազատության ու ստվերի արանքում: Լրատվամիջոցը իրեն չի զգում հարմարավետ և ազատ:

Միգուցե դա կանխազգալով էր, նոր կառավառության անդամները գերադասում են ուղիղ դիմել լսարանին, շրջանցելով լրատվամիջոցներին:

Եվ ամենասխալ քայլը, որը կարող են անել լրատվամիջոցները, նեղսրտելն ու բողոքելն է: Բավականին երկար ժամանակ լրագրությունը եղել է քաղաքական ուժերի կցորդը, օրվա լրահոսն ու օրակարգը թելադրել է ոչ թե հանրությունը, այլ կուսակցությունները:

Եվ լրատվամիջոցները չեն ընդդիմացել ու չեն խրախուսել իրենց աշխատակիցների ընդդիմանալու պոռթկումը, ավելին՝ շատ դեպքերում կատարվել է հակառակ սելեկցիան, երբ լրատվամիջոցներին բնավ էլ պետք չեն եղել կոմպետենտ՝ բանիմաց ու տեղյակ լրագրողներ, նախընտրել են գործ ունենալ հեշտ կառավարվող սկսնակների հետ, որոնց կոմպետենտության աստիճանը թույլ չի տվել ընդդիմանալ խմբագրական ռազմավարությանը:

Իսկ հիմա հանրությունն է ընդդիմանում լրատվամիջոցներին: Եվ որոշ դեպքերում արդեն հաշիվ պահանջում՝ չստուգված, կեղծ, փնթի, պսևդոհրատապ ու անթաքույց մանիպուլյատիվ տեղեկություն հրապարակելու համար:

Կարծես դադար լինի փոթորիկից առաջ, և այդ փոթորիկի սպասումը կա՛մ կհաղթահարվի ու կմեղմվի, կա՛մ առիթ կդառնա կոռուպցիոն մեդիա սկանդալների համար: Մանավանդ, որ առջևում տարբեր լուրջ ընտրություններ են:

Երևի սա այն իրավիճակն է, երբ չարժե արագ փոփոխություններ սպասել և առավելևս փոփոխությունները սպասել ուրիշներից:

Իհարկե, լավ կլինի, որ փոթորիկը մեղվի, իսկ տվայտանքները օգնեն լինելու ազատ: Ի վերջո, ազատությունը մի նյութ է, որի մասին արժե հիշել ամեն օր, աշխատանքի գնալու, գլխավոր խմբագրի հետ զրուցելու և ցանկացած լուր, սոցցանցային ստատուս կամ բաց նամակ գրելու ընթացքում:

Էմոցիաներն ու մեղադրանքներին հանգիստ կարելի է դիմադրել, եթե լրատվական դաշտն իր մեծամասնությամբ լինի կոմպետենտ: Եթե առանձին լրագրողը լինի կոմպետենտ ու հանդես գա որպես մեդիա դաշտի ինքնուրույն խաղացող:

 

Նունե Հախվերդյան

 

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *