2017.06.22,

Տեսակետ

«Լրագրողն ունի նույն հնարավորությունները, ինչ հյուսնը կամ հովիվը, և դա հիանալի է»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան

Լրագրող, արվեստի քննադատ

«Թվապատում» մեդիա կոնֆերանսի այս տարվա առանցքը մեդիայի կառավարումն էր: Այս խառը և անկայուն իրավիճակում, երբ ռմբակոծվում ենք ինֆորմացիայով, կենսական պահանջ է լրատվամիջոց-լսարան հարաբերությունների վերանայումը:

Այդ երկկողմանի հարաբերությունների (վստահության, կապվածության, նաև՝ կախվածության և անգամ՝ սիրո) մասին էր մեդիա թրեյներ Վսեվոլոդ Պուլյայի  վարպետության դասը:

Ռուսաստանցի լրագրող ու պրոդյուսեր, Russia Beyond The Headlines հարթակի գլխավոր խմբագիր Վսեվոլոդ Պուլյան առաջարկեց չմոռանալ, որ լրատվամիջոցի մրցակիցները ոչ թե այլ լրատվամիջոցներն են, այլ՝ ողջ մեդիա բովանդակությունը:

«Լրագրողներն այսօր գրում են մարդկանց համար, որոնք անընդհատ շեղվում են: Եվ եթե քո նյութը կարդալու ընթացքում ընթերցողը հաղորդագրություն է ստանում իր մայրիկից ու շեղվում է, ուրեմն մենք պետք է մրցակցենք նաև մայրիկի հետ»,-ասաց նա:

Լսարանը միշտ իրավացի՞ է։

Ասեմ այսպես՝ լսարանը չի կարելի անտեսել: Իհարկե, լսարանը բազմազան է, զանգվածային և հաճախ անհասկանալի: Բայց եթե խոսում ենք կոնկրետ պարբերականի թիրախային լսարանի մասին, ապա, այո, այն միշտ իրավացի է:

Պարզապես որպես գլխավոր խմբագիր ու մեդիա մենեջեր պետք է հասկանալ, թե ինչպիսի լսարան է քեզ պետք և հետո արդեն քո արտադրանքը ադապտացնել լսարանի պահանջներին: Խոսքը հենց հարմարեցնելու մասին է, ինֆոթեյմենթից անցում կատարելու դեպի ուղիղ ներգործության լրագրություն:

Պահանջված է պարզ, մատչելի ու ուրախ լրահոսը՝ անկախ թեմայի սրությունից: Պահանջված են նաև պարզ, կարճ ու մատչելի գրող լրագրողները:

Տեմպն է փոխվել, մարդիկ արագ են կարդում: Եթե չկարողանան հասկանալ խորը թաքնված ենթատեքստը, պարզապես մինչև վերջ չեն կարդա, կտեսնեն միայն այն, ինչը մակերեսում է: Ամեն դեպքում՝ ինֆորմացիայի փաթեթավորումը պետք է լինի գրավիչ:

Ինձ թվում է, որ լսարանին ավելի շուտ պետք է բացատրել, օգնել հասկանալ: Եվ պատահական չէ, որ ամենապահանջված ձևաչափերից է բացատրական լրագրությունը:

Ավելի լավ է ոչ թե շղարշել հիմնական ասելիքն ու շեշտադրել դրա ոչ միանշանակությունը, այլ հստակ ու մատչելի բացատրել, թե ինչ է պատահել, ինչպիսի համատեքստում, ինչ է դա նշանակում և ինչ պետք է անել:

Եթե լավ եք ճանաչում ձեր ընթերցողներին, ուրեմն գիտեք նաև նրանց մտահոգող հարցերն ու ցանկանում եք օգնել նրանց հասկանալ հարցի էությունը:

Օրինակ, մենք փորձում ենք բացատրել, թե որն է ռուս չինովնիկների որոշումների ընդունման տրամաբանությունը, ինչ շահեր ունի Ռուսաստանը տարբեր տարածաշրջաններում: Կամ՝ ինչու էին մարդիկ հունիսի 12-ին դուրս եկել փողոց՝ բողոքելու:

Մենք բացատրում ենք, առանց համարելու, որ կա միակ ու անկրկնելի տեսակետ: Ուզում ենք, որ մեր ընթերցողներն ավելի լավ գլուխ հանեն Ռուսաստանում ընդունվող այս կամ այն որոշումներից ու գործընթացներից:

Լրագրությունը չի կարող գոյատևել վակուումի մեջ՝ կտրված լսարանից: Եթե չկա լսարան, չկա նաև լրագրություն:

Որքանո՞վ են մեդիայի անկախության վրա ազդում ֆինանսական աղբյուրները: Ռուսաստանում ու նաև Հայաստանում կան լրատվամիջոցներ, որոնք չէին ունենա լսարան, եթե չունենային փող:

Իհարկե, պետական աջակցություն ստացող մեդիա միավորումները լրջորեն խեղաթյուրել են Ռուսաստանի շուկան:

Ես ինքս էլ այդպիսի մեդիայում եմ աշխատում, պարզապես մեր թիրախային լսարանը արտասահմանում է: Դժվար է պատկերացնել մի պարբերական, որն ունի լայն միջազգային սփռում և ինքնածախս է: Ռուսաստանում սկզբունքորեն նման բան լինել չի կարող: Ճիշտն ասած, արտասահմանում էլ նման օրինակների ծանոթ չեմ:

Կարևոր է, որ գովազդային շուկան գործի սթափ, առանց շեղումների: Այն պարբերականները, որոնք ստանում են պետական ֆինանսավորում, գործում են նաև կոմերցիոն շուկայում ու դեպի իրենց քաշում նաև գովազդային գումարները, որոնք կարող էին ուղղվել այդ թվում նաև անկախ, մասնավոր ընկերություններին:

Այո, դա պրոբլեմ է:

Իսկ որքանո՞վ է հեռուստատեսությունն ազդում ռուսական հասարակության վրա: Միգուցե ոչ միայն շեղում է, այլև օգնում՝ առաջ բերելով հարցեր:

Մենք հեռուստատեսության հետ չենք մրցակցում, մանավանդ՝ դաշնային ալիքների: Բայց իհարկե, Ռուսաստանում հեռուստացույցը շարունակում է մնալ ինֆորմացիայի հիմնական աղբյուր:

Հեռուստադաշտում պետությունն իր ուզած իմաստներն ու ուղերձները տեղ հասցնելու մենաշնորհ ունի: Մյուս կողմից տեսնում ենք, որ Ռուսաստանը բավականին մեծ ծավալով ինտերնետին միացած երկիր է, ինչը նշանակում է, որ հասանելի է նաև կարծիքների, հետաքննությունների ու բլոգային հեռարձակման ամենատարբեր ու պայծառ ներկապնակը:

Այսինքն, հասանելիություն կա, հարցը լսարանի կրթված ու գրագետ լինելն է: Կարևոր է քննադատաբար վերաբերելն այն ամենին, ինչի մասին պատմում է հեռուստացույցը:

Կարծում եմ, որ հենց դպրոցից է հարկավոր մեդիա գրագիտություն սովորեցնել: Երեխան պիտի իմանա, որ հեռուստաէկրանից ասվածին չի կարելի անվերապահորեն վստահել:

Մոսկվայի համալսարանի լրագրության բաժնում ես վարում եմ հատուկ դասընթաց, որի ժամանակ հաճախ ենք խոսում մեդիա գրագիտության մասին: Եվ ոչ միայն ուսանողների, այլև աշակերտների հետ:

Դպրոցականները լրիվ ուրիշ սերունդ են, նրանց քննադատական մտածողությունը բոլորովին այլ մակարդակի է, քան մեծահասակներինը:

Ի՞նչն է հատկապես բնութագրում 14-16 տարեկանների սերնդին:

Նրանք սովոր են ապրել տեղեկատվական գերծանրաբեռնվածության պայմաններում: Եվ դրա շնորհիվ ավելի լավ են կարողանում կառուցել ֆիլտրեր՝ հասկանալով, թե որ տեղեկությունը պետք է իրենց հասնի և որը պետք է շրջանցի:

Երևի դա էլ օգնում է պատանիներին տեսնել աշխարհն ավելի ամբողջական կերպով, ինչն իրենց ծնողներն անում են դժվարությամբ:

14-16 տարեկաններն ավելի շատ բան գիտեն, ավելի շատ բան են փնտրում և ավելի շատ են կարդում:

Իհարկե, կա ռիսկ, որ այդ սերունդը կդառնա ալգորիթմների՝ սոցցանցերի ու լուրերի ագրեգատորների, ստրուկը:

Բոլորս էլ գիտենք, որ կա փուչիկի ֆենոմեն, և երբ մարդը սեղմում է like կոճակը կամ մեկնաբանում այն, ինչը համընկնում է իր սեփական տեսակետի հետ, ապա որոշ ժամանակ անց այս կամ այն ցանցային ծառայությունը անպայման սկսում է ցույց տալ նրան միայն այն նորությունները, որոնք հաստատում են այդ տեսակետը:

Լայնորեն լուսաբանվեց այն դեպքը, երբ ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ Քլինթոնի և Թրամփի կողմնակիցները միմյանց փոխանցեցին իրենց ֆեյսբուքյան հաշիվներն ու յուրաքանչյուրի աչքերը «բացվեցին»: Շատերը խոստովանում էին, որ չգիտեին, թե կա նաև այլ իրականություն: Այսինքն, ոչ Թրամփն է այդքան վատը, ոչ էլ Քլինթոնն է այդքան դիվային:

Նոր սերունդը մի կողմից ավելի լավ է պատրաստված կյանքին, բայց մյուս կողմից՝ կարող է դառնալ ալգորիթմների զոհ: Եվ այդ իրավիճակի հետ ստիպված ենք հաշվի նստել:

«Թվապատում» կոնֆերանսի ժամանակ հաճախ էր հնչում այն միտքը, որ այսօր ամենալավ ժամանակն է լրագրողների համար: Իրո՞ք այդքան ոգևորիչ է:

Ոգևորիչն այն է, որ այսօր ցանկացած մարդ կարող է լրագրող դառնալ, իսկ պրոֆեսիոնալ լրագրողի համար դա լուրջ մարտահրավեր է:

Եթե նախկինում մի հիանալի հյուսնի մասին պատմելու համար հարկավոր էր նրա մոտ ուղարկել լրագրողին, ապա հիմա հյուսնն ինքն է բացում իր սեփական բլոգը, հավաքում լսարան ու պատմում իր մասին: Այսօր հեղինակ են բոլորը:

Տեղի ունեցավ հեղինակային նյութերի պայթյուն: Մարդկության գոյության տարիներից (հնագույն ժամանակներից մինչ 20-րդ դարի վերջը) աշխարհում եղել է 300 միլիոն հեղինակ, որոնք թողել են սեփական հեղինակային հետքը:

Իսկ հիմա մի քանի միլիարդ մարդու հասանելի են ինքնադրսևորման գործիքները, և բոլորը պոտենցիալ հեղինակներ են:

Մի կողմից դա ապշեցնում է, իսկ մյուս կողմից՝ վախեցնում, քանի որ յուրաքանչյուրը կարող է ինքն իրեն վերածել մեդիայի: Հիմա արդեն կան բլոգերներ, որոնց լսարանը գերազանցում է դաշնային պարբերականների լսարանը, մինչդեռ այնտեղ աշխատում են հարյուրավոր ու հազարավոր մարդիկ ու ներդրված են մեծ գումարներ:

Ինչպե՞ս կարող են այս պայմանները չոգևորել իսկական լրագրողներին: Իհարկե, ոգևորում են, քանի որ լրագրողն ունի նույն հնարավորությունները, ինչ հյուսնը կամ հովիվը:

Այսինքն, լրագրողը պետք է իր շուրջը հավաքի որքան կարելի է մեծ լսարան և փորձի ազդել նրա հայացքների վրա, նպաստել մշակութային մակարդակի աճին: Եվ իհարկե, լսարանից ստանա հետադարձ կապ ու ճանաչի նրան:

Անձամբ ինձ համար դա ամենակարևորն է: Երբ վիճակագրական տվյալների (թրաֆիկի, այցելությունների, դիտումների և այլն) հետևում տեսնում եմ իրական, կենդանի մարդկանց, մեծ քանակությամբ ադրենալին եմ ստանում:

Եթե քեզ պատասխանում ու մեկնաբանում են, քեզ շնորհակալ են, անգամ քննադատում են, դու հասկանում ես, որ լսարանը անտարբեր չէ: Եվ ուրեմն քո գործն էլ անիմաստ չես արել՝ նոր գիտելիքներ ես տվել ու զվարճացրել ես:

Լրագրող լինելը ոչ միայն ոգևորող, այլև պարզապես հիանալի է:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի
Լուսանկարները՝ Գագիկ Աղբալյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *