2015.04.01,

Նյուսրում

Լուսանկարի օգտագործման վեճ. Էդգար Բարսեղյանը News.am-ի դեմ

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան

Լրագրող

Լուսանկարիչ Էդգար Բարսեղյանը News.am-ից 40.000 դրամ է պահանջում՝ իր լուսանկարն առանց թույլտվության օգտագործելու համար: News.am-ի փաստաբան Արամազդ Կիվիրյանը փաստեր է պահանջում:

Լրատվական գործակալությունը 2015 թվականի մարտի 23-ի իր՝ «Զինծառայողն ասել է՝ վատ եմ, վատ եմ, ջուր տվեք ու ուշաթափվել. մանրամասներ» նյութում տեղադրել էր լուսանկարիչ Էդգար Բարսեղյանի լուսանկարը, այնուհետեւ հեռացրել այն կայքից, երբ Էդգար Բարսեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ պահանջելով փոխհատուցել լուսանկարի օգտագործման դիմաց:

«Եթե News.am-ը վճարում է լրագրողին, որը գրում է տեքստը, ինչու՞ չպիտի վճարի լուսանկարչին, որն այդ տեքստը իլյուստրացնում է: Հատկապես, որ այն պահին, երբ լուսանկարս տեսա իրենց կայքում, նյութն արդեն մոտ 10.000 տարածում (share) ուներ՝ կայքի տվյալներով: Այսինքն՝ կոպիտ հաշվարկով ստացվում է, որ նյութը մոտ 40.000 դիտում է ունեցել, եթե համարենք, որ ամեն չորրորդը տարածել է այն: Այդ նյութի կողքին գովազդ կար տեղադրված, ինչը նշանակում է, որ կայքը գումար է վաստակում իմ հաշվին»:

էդգար Բարսեղյանին զայրացրել է ոչ միայն այն, որ լուսանկարն առանց թույլտվության է օգտագործվել, այլեւ այն, որ այն սխալ համատեքստում է ներկայացվել:

«Այս լուսանկարը Razm.info-ի կազմակերպած՝ բանակային թեմայով լուսանկարչական մրցույթի հաղթողն էր, որի դիմաց ստացած գումարը փոխանցել եմ նկարում պատկերված զինվորի մորը: Լուսանկարը մահվան հետ որեւէ կապ չուներ: Սա առաջին դեպքը չէ, երբ News.am-ն առանց թույլտվության օգտագործում է այլ մարդու լուսանկար. ֆեյսբուքյան գրառմանս տակ մի քանի այլ մեկնաբանություններ էլ կան, որտեղ News.am-ից պահանջում են չգողանալ իրենց լուսանկարները: Կարծում եմ՝ շատ կարեւոր է, որ խմբագիրները սովորեն պատասխանատվությամբ մոտենալ հարցին, հասկանան, որ դա ինչ-որ մեկի սեփականությունն է եւ այն գողանալը չի տարբերվում նրանից, որ, ասենք, ես մտնեմ խմբագրություն, վերցնեմ ինձ դուր եկած նոութբուքը, դուրս գամ ու վերադարձնեմ միայն այն ժամանակ, երբ ինձ ասեն՝ գիտես դա մեր նոութբուքն էր, կամ էլ չվերադարձնեմ ընդհանրապես»,- ասում է Էդգար Բարսեղյանը::

Ֆեյսբուքում գրառում կատարելուց բացի՝ լուսանկարիչը կայքի գլխավոր խմբագրին նամակ է գրել, որում նշել է իր պահանջները:

«Առաջարկել եմ հարցը լուծել խաղաղ ճանապարհով, սակայն դեռեւս պատասխան չեմ ստացել: Հուսամ՝ դեռ կստանամ, քանի որ սա շատ սկզբունքային հարց է թե՛ ինձ, թե՛ շատ այլ լուսանկարիչների համար: Սա նաեւ կարեւոր նախադեպ է ոլորտի համար: Պատասխան չստանալու դեպքում կդիմեմ դատարան»,- ասում է Էդգար Բարսեղյանը:

News.am-ի փաստաբան Արամազդ Կիվիրյանի խոսքով՝ եթե Էդգար Բարսեղյանը գտնում է, որ խախտվել է իր հեղինակային իրավունքը, կարող է դիմել դատական պաշտպանության:

«Տեղեկատվության չեմ տիրապետում, որ News.am կայքի կողմից անօրինական ձեւով օգտագործվել է լուսանկար: Ես այդպիսի լուսանկար չեմ տեսել ինքս: Ցանկացած իրավիճակի վերաբերյալ եզրակացություն, այդ թվում՝ նաեւ իրավական գնահատական տալու համար նախ եւ առաջ պետք է ծանոթանալ հանգամանքներին: Եթե լուսանկար է օգտագործվել, որը հետագայում հանվել է, այստեղ բազմաթիվ հարցեր են առաջանում՝ արդյո՞ք այդ լուսանկարը հանդիսանում է հեղինակային իրավունքի օբյեկտ, թե՞ ոչ, արդյո՞ք դա պատկանում է իրեն հեղինակային իրավունքով, թե՞ ոչ: Միգուցե ինքը Էդգար Բարսեղյանը ներկայացնի իր իրավունքները այդ լուսանկարի նկատմամբ: Թող ներկայացնի այդ փաստերը, մենք ուսումնասիրություն կկատարենք, ըստ այդմ նաեւ դիրքորոշում կարտահայտենք»,- ասում է Արամազդ Կիվիրյանը:

News.am-ի փաստաբանի խոսքով՝ լուսանկարը կայքից հեռացնելով՝ վերականգնվել է նաեւ լուսանկարչի խախտված իրավունքը:

«Եթե լուսանկարը տեղադրված է եղել ինչ-որ ժամանակահատված եւ հետո հեռացվել է, եթե պատկերացնենք, որ տեղի է ունեցել ինչ-որ խախտում, ապա այդ խախտումը վերացել է: Բացի այդ՝ կողմը պետք է փաստարկի, որ իրեն պատճառվել է վնաս: Կա՞ այդ վնասի չափը, էդգար Բարսեղյանը նշու՞մ է, թե ինչ վնաս է վերջինս կրել, ինչպես է այն գնագոյացել: Այդ ամենը պետք է մանրամասն հասկանալ: Թող ներկայացնի իրեն պատճառված վնասը, այդ բոլոր փաստերը, մենք կքննարկենք, կտեսնենք իրավիճակը»,- ասում է Արամազդ Կիվիրյանը:

Աննա Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *