2015.10.26,

Քննադատ

Իսլամական պետության զարհուրելի տեսանյութերը՝ փորձություն մեդիայի համար

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան

Լրագրող

Tert.am-ը վերահրապարակեց Իսլամական պետության տեսանյութը «ԻՊ-ը մահապատժի է ենթարկել սիրիացի զինվորին՝ տանկի տակ գցելով (տեսանյութ 18+)» վերնագրով:

Տեսանյութում պատկերված էր, թե ինչպես է Իսլամական պետության տանկն անցնում նարնջագույն զգեստ հագած 19-ամյա տղայի վրայով, խոշոր պլանով ցուցադրվում էր գետնին հավասարեցված նրա մարմինը, կոտրտված, արյունոտ ոսկորները, անճանաչելի դեմքը կամ ավելի շուտ դրա մնացորդը՝ ցրիվ տված ուղեղով:

Նյութի վերնագրում որեւէ բան չէր նշվում բռնության կամ սպանության տեսարանների մասին: Այն ուներ միայն «18+» նշումը, որը դիտելիս դիտողը կամ ընթերցողը չի ակնկալում դաժան տեսարան: «18+» պիտակը ենթադրում է չափահասների բովանդակություն՝ էրոտիկ, բաց տեսարաններ, մարմնի մասերի ցուցադրում, բայց ոչ բռնություն կամ սպանություն:

Նյութում չկար նաեւ տեսանյութի նկարագրությունը կամ նախազգուշացում դրանում հնարավոր դաժան տեսարանների մասին. այն միայն ասում էր. «Տեսանյութում պատկերված սիրիացի պատանդը կրում է ԻՊ-ի մահապատիժների համար ավանդական դարձած նարնջագույն կոմբինեզոնը: Մահապատիժը տեղի է ունենում Հոմս քաղաքում»:

Այս նյութը մեծ արձագանք ստացավ սոցիալական մեդիայում: Ֆեյսբուքում շատ օգտատերեր քննադատեցին այն, ինչից հետո Tert.am-ը հեռացրեց տեսանյութը:

Ինչպես ասում է Washington Post-ի հայազգի լրագրող Քարուն Դեմիրճյանը, լրագրությունն ամենօրյա պայքար է ձախողման դեմ:

Լրատվամիջոցներն ամեն օր պայքարում են մեդիա դաշտում իրենց դիրքերը չզիջելու, չձախողելու համար, ամեն օր կանգնում են երկընտրանքի առջեւ, որոշումներ են կայացնում վիճահարույց լուսանկար կամ տեսանյութ հրապարակելու կամ չհրապարակելու մասին: Ու խմբագրության էթիկայից, քաղաքականությունից եւ ճաշակից ելնելով՝ ընդունում այդ որոշումները:

Միջազգային որոշ լրատվամիջոցների դիրքորոշմամբ՝ լրագրությունը պետք է ներկայացնի փաստերը, նույնիսկ եթե դրանք տհաճ են կամ զարհուրելի. մեդիան չպետք է զտի կատարվածը կամ աչք փակի իրականության վրա, որովհետեւ որքան շատ մարդ տեսնի իրականությունը, այնքան մեծ կլինի այդ իրականությունը փոխելու հավանականությունը:

Նրանք կարծում են, որ նման տեսանյութերը պետք է ներկայացնել առանց մոնտաժելու, հում տեսքով՝ վերնագրում նշելով, թե ինչ կարող է սպասել ընթերցողը կամ դիտողը: Փաստարկն այն է, որ լսարանն այնքան խելացի է, որ ինքնուրույն կարող է որոշել կարդալ, դիտել, թե փոխել ալիքը կամ փակել էջը:

Սակայն հոգեբաններն ասում են, որ դա ոչ միշտ է այդպես: Նրանց համոզմամբ՝ հավանականությունը, որ մարդ կխուսափի բռնության տեսարան դիտելուց, եթե այն մատուցվում է իրեն, գրեթե զրոյական է: Նյութը որքան ցնցող ու դաժան է, այնքան ավելի շատ դիտում եւ տարածում ունի: Բացի այդ՝ նման տեսարանները հրահրում են նույնատիպ դաժանության եւ ագրեսիայի:

Մեդիայի շրջանում նմանատիպ քննարկումներն անսպառ են. դրանք ծավալվում են ամեն անգամ, երբ որեւէ ցնցող բան է կատարվում՝ Իսլամական պետության զինյալներն են գլխատում, թե մեկ այլ սպանություն է տեղի ունենում, ասենք, հեռուստաընկերության ուղիղ եթերում (Վիրջինիայում լրագրողների սպանությունը): Եվ ամեն անգամ լրատվամիջոցը դարձյալ որոշում է կայացնում, թե ինչպես պետք է լուսաբանի իրադարձությունը:

Այս անգամ նույնիսկ Mirror-ի եւ Dailymail-ի պես դեղնավուն կայքերը, որոնք վերնագրերում ԻՊ-ի հասցեին օգտագործել էին «հրեշներ» եւ «հիվանդագին մեթոդներ օգտագործող» արտահայտությունները, 19-ամյա գերիի տանկային վրաերթի տեսանյութը ամբողջությամբ չհրապարակեցին: Նրանք տեսանյութը ներկայացրին մոնտաժված՝ առանց դաժան տեսարանների եւ խոշոր պլանների:

Որովհետեւ ինտերնետի դարաշրջանում մարդիկ ունեն ընտրության հնարավորություն. ցանկության դեպքում կարող են ինքնուրույն գտնել Իսլամական պետության բոլոր սարսափազդու սպանությունների տեսանյութերը ու դիտել դրանք: Այդ հարցում նրանք մեդիայի կարիքը չունեն:

Իսլամական պետության բռնությունների տեսանյութերը հրապարակելով՝ մեդիան դառնում է գործիք ԻՊ-ի ձեռքում, քարոզչության մաս՝ տարածելով այն ահ ու սարսափը, որը ԻՊ-ը նպատակ ունի սերմանել: Ահաբեկչական կազմակերպությունների այստեսակ տեսանյութեր հրապարակելը նրանց տալիս է այն, ինչ ուզում են՝ հայտնիություն, լուսաբանում եւ իրենց ուղերձը տեղ հասցնելու հարթակ:

Իսլամական պետության զինյալների կողմից լրագրող Ջեյմս Ֆոլիի սպանությունից հետո New York Times-ն իր առաջին էջում հրապարակեց Ֆոլիի պատկերը՝ կոկորդին ահաբեկչի սեղմած դանակով: Ֆոլիի կտրված գլխի պատկերն ավելին չէր ասելու, քան դահճի առջեւ ծնկի իջած լրագրողի անօգնական վիճակը:

Ինչպես եւ տանկի առջեւ կանգնած՝ ձեռքերն ու ոտքերը կապած՝ նարնջագույն զգեստով 19-ամյա գերիի պատկերն ամբողջությամբ փոխանցում է տեղի ունեցածի ողջ սարսափը/ողբերգությունը, այն զգալու համար մասնատված մարմնի խոշոր պատկերներ հարկավոր չեն:

Աննա Բարսեղյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *