2019.03.15,

Ստուգված է

Ինչ լուրեր շրջանառվեցին ու հերքվեցին մարտի 1-ից 15-ը

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան

Լրագրող, սկսնակ նշանագետ

Մարտի առաջին կեսին հայկական մեդիա տիրույթը «ցնցեցին» սենսացիոն և կեղծ լուրեր Ջորջ Սորոսի, «Զվարթնոց» օդանավակայանը Փաշինյանի համար փակելու, ԵՊՀ-ի հաջողությունների և այլ թեմաների վերաբերյալ:

Կենսաթոշակների ուշացում

Մարտի սկզբին մի քանի լրատվականներ, այդ թվում՝ armtimes.com-ը, shabat.am-ը, yerkir.am-ը, գրեցին, որ թոշակները փոքր-ինչ կուշանան. վճարումը կսկսվի մարտի 5-ից: Դեռ 2013-ին, սակայն, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հայտարարել էր, որ կենսաթոշակների վճարման մեկնարկի օրը ամսվա երրորդ աշխատանքային օրն է:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հերքեց ուշացման մասին լուրը, ասելով, որ կենսաթոշակների վճարումը կատարվում է ամսվա առաջին երեք աշխատանքային օրվա ընթացքում, և քանի որ մարտի 5-ը ամսվա երրորդ աշխատանքային օրն էր, դա ուշացում համարվել չէր կարող:

ԿԳ նախարարի՝ Աննա Հակոբյանի հիմնադրամին գաղտնի գումար փոխանցելու հրահանգը

Մի քան լրատվամիջոց, հղում կատարելով past.am-ին, գրեցին, որ ԿԳ նախարար Արային Հարությունյանը հրահանգել էր դպրոցներին գաղտնի գումար փոխանցել Աննա Հակոբյանի հիմնադրամին:

Խոսքը, ըստ երևույթին, մանկական քաղցկեղի դեմ պայքարի նախաձեռնության՝ «City of Smile»-ի մասին էր, որի նվիրատուների ցուցակում կար նաև Պուշկինի անվան համար 8 դպրոցը:

Դպրոցներին հրահանգ տալու մասին լուրը հերքեց նախարար Արայիկ Հարությունյանը՝ անվանելով այն «զրպարտություն»:  

ԵՊՀ ռեկտորի ոչ ճշմարիտ պնդումները բուհի հաջողությունների մասին

Արամ Սիմոնյանը 24news.am կայքին տված հարցազրույցում պնդեց, որ հեղինակավոր ռեյտինգներում ԵՊՀ-ն աշխարհի բոլոր համալսարանների 10%-ի մեջ է, իսկ իր դեմ արտերկրից ուղղորդվող գրոհ է ընթանում: Media.am-ը պարզեց, որ Սիմոնյանի խոսքերը չեն համապատասխանում իրականությանը: Նրա նշած ռեյտինգներից մեկում ԵՊՀ-ն չէր մտնում նույնիսկ առաջին 50%-ի մեջ, իսկ երկրորդ ռեյտինգում թեև առաջին 10%-ի մեջ էր, բայց ռեյտինգն ինքնին չէր գնահատում բուհերի ակադեմիական հաջողությունները:

Արտերկրից կազմակերպված գրոհի ապացույց որպես Սիմոնյանը բերեց «Ռեստարտ» նախաձեռնության անդամների՝ Ջորջ Սորոսի հիմնադրամից դրամաշնորհ ստանալու փաստը: Սակայն Սորոսի հիմնադրամից բազմաթիվ դրամաշնորհներ էր ստացել նաև ԵՊՀ-ն, այդ թվում՝ Սիմոնյանի պաշտոնավարման բոլոր տարիներին:

Ենթադրություններ նոր քրեական օրենսգրքի մասին

Livenews.am կայքում հրապարակված հոդվածը պնդում է, որ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը եվրոպացի պաշտոնյաներին խոսք է տվել ընդունել 2017 թվականին մշակված քրեական օրենսգրքի նախագիծը:

Media.am պարզեց, որ հոդվածի հեղինակը հրապարակել էր իր հին հոդվածներից մեկի ձևափոխված տարբերակը, որում գրեթե նույն մեղադրանքները ներկայացնում էր նախկին արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին:

Մեղադրանքների պատճառը մեկն էր. օրենքի նախագծում խտրականության սահմանումը, որը դեռ 2017-ին չէր ընդունվել: Երկու հոդվածներն էլ կառուցված էին նույնասեռականության թեմայի շուրջ շահարկումների վրա:

ՀԱԿ-ը՝ կառավարությունում

Yerevan.Today լրատվականը գրել է, որ Հայ Ազգային Կոնգրեսի իրավական հանձնաժողովի ղեկավար Արմեն Խաչատրյանն աշխատանք է ստացել կառավարությունում: Կայքը եզրակացրել է. «Տեր-Պետրոսյանը, փաստացի, թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր մարմիններում իր ներկայությունը լրջորեն ապահովել է կադրերի միջոցով»:

Խաչատրյանը հերքել է կառավարությունում աշխատանքի անցնելու մասին լուրը:  

Փաշինյանի համար փակել են «Զվարթնոց» օդանավակայանը

Analitik.am-ը հայտնել է, որ իր աղբյուրների համաձայն, Իրանից Նիկոլ Փաշինյանի վերադարձի ժամանակ «օդանավակայանի բոլոր չվերթները կանգնեցվել են, թռիչքուղիները (полоса) թռիչքից առաջ՝ 19:00-ից փակվել են, ու Հայաստանի օդային տարածքի մուտքն արգելվել է ուրիշ օդանավերի համար»։

Fip.am-ը ստուգել է տեղեկությունը և պարզել, որ նշված ժամանակահատվածում Զվարթնոց օդանավակայանի չվացուցակների մեջ ոչ մի արտառոց փոփոխություն չի եղել:

Սորոսի մասին

Մարտին գործարար Ջորջ Սորոսի մասին կեղծ լուրերը հայկական մեդիայում բազմաթիվ էին: Նրան մեղադրեցին Հայաստանի պետականության քանդման, «այլասերվածության» քարոզի, Ադրբեջանից և Թուրքիայից տարբեր ճանապարհներով Հայաստան գումարներ բերելու մեջ և այլն:

Վերջին մեղադրանքը հնչեցրել էր նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ի դեպ, հայկական քարոզչությունը Ադրբեջանում տարածելու մեջ էլ Սորոսին մեղադրում էր Իլհամ Ալիևի գրասենյակը:  

Ջորջ Սորոսի գործունեությունը ամբողջ աշխարհում բազմաթիվ կեղծ լուրերի և դավադրության տեսությունների առարկա է: Դրանք բազմիցս հերքվել են և՛ Հայաստանում, և՛ աշխարհի այլ երկրներում:  

Քաղցկեղը բուժելու ևս մի կեղծ միջոց

Ֆեյսբուքում սկսեց նորից տարածվել Tert.am-ի՝ 2015 թվականին հրապարակված քաղցկեղը սպանող մրգի մասին  հոդվածը՝ «[…] գուանաբանա. 10 000 անգամ ավելի արդյունավետ, քան քիմիաթերապիան»:

Թեև հրապարակումը հին է, բայց վտանգավոր ապատեղեկատվություն է. տարբեր առիթներով բժիշկները հերքել են այս մրգի արդյունավետությունը քաղցկեղի բուժման համար: Օրինակ, քաղցկեղի հետազոտական և բժշկական կենտրոնների Cancer Treatment Centers of America ցանցը իր կայքում այս մրգի՝ բուժման նպատակով օգտագործման մասին զգուշացում է հրապարակել, նշելով, որ չկան գիտական տվյալներ այն մասին, որ միրգը մարդկանց քաղցկեղ է բուժում: Զգուշացումներ է տարածել նաև ԱՄՆ սննդի և դեղերի վերահսկման պետական վարչությունը:

Գուանաբանա թարմ ուտելը վտանգավոր է վերնագրով հրապարակում ունի կեղծ լուրերի ստուգմամբ մասնագիտացած Snopes կայքը։

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *