2014.01.30,

Քննադատ

Ինչ անել տպագիր մամուլի հետ

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

2014-ի հունվարից Հայաստանում տպագիր թերթերից մի քանիսը թանկացան 50 դրամով: «Առավոտ»-ը հիմա 200 դրամ արժե, «Հայոց Աշխարհ»-ը՝ 150:

Այս տարվա հունվարից էլ չի տպագրվում Հայաստանի ամենահին օրաթերթերից մեկը՝ «Ազգ»-ը: «Ազգ»-ի խմբագիր Հակոբ Ավետիքյանը հաշվել էր, որ միայն Երեւանում 13 օրաթերթ կա, որոնց համար շուկա չկա:

«Իմ հաշվարկներով, ամբողջ հանրապետությունում 15 հազար ընթերցող է մնացել։ Այս ընթացքը ոչ մի լավ բան չի խոստանում տպագիր մամուլին, ընդամենը խղճուկ տպաքանակ»,- ասել էր Ավետիքյանը:

2013թ.-ի աշնանը «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ-Հայաստանը (ՀՌԿԿ) սոցհարցում էր անցկացրել՝ պարզելու համար հայաստանցիների լրատվական նախասիրությունները, պատկերացումներն ու ակնկալիքները մեդիա դաշտից: 

Հարցվածները նաեւ տպագիր մամուլի վերաբերյալ հարցերի են պատասխանել: Հարցումից պարզ է, որ թերթերը Հայաստանում այլեւս նորություններ ստանալու խողովակ չեն:

news source
Հարցվածների միայն 1%-ն է նշել, որ թերթերը ընթացիկ իրադարձությունների եւ նորությունների մասին տեղակատվության ամենակարեւոր աղբյուրն են:

current events 
19%-ը նշել է, որ ամեն օր է օգտվում տպագիր թերթերից եւ շաբաթաթերթերից, 9%-ը՝ շաբաթը մի քանի անգամ: 64%-ը պատասխանել է, որ երբեք չի օգտվում տպագիր մեդիայից:

Համազգային թերթերին, որպես տեղեկատվության աղբյուրի, լիովին վստահում է հարցվածների 3%-ը: «Ավելի շուտ վստահում եմ» պատասխանը տվել է 21%-ը: Ընդ որում՝ վստահությունը թերթերի նկատմամբ նվազել է: 2011թ.-ին նմանատիպ հարցման ժամանակ այս հարցերի համար ստացվել էին ավելի մեծ թվեր՝ 5% եւ 32% համապատասխանաբար:
print read

«Թերթեր կարդու՞մ եք» հարցին դրական է պատասխանել ընթերցողների 28%-ը (2011-ին՝ 33%): Թերթ ընթերցողների 54%-ն էլ ասել է, որ նախընտրում է տպագիր տարբերակը (2011-ին՝ 77%):

objective covering
2013թ.-ին հարցվածների միայն 5%-ն է լիովին համաձայն, որ թերթերը օբյեկտիվ են լուսաբանում իրադարձությունները: «Ավելի շուտ համաձայն եմ» պատասխանն է տվել հարցվածների 24%-ը: Այս ցուցանիշն էլ 2011թ.-ի համեմատ նվազել է: Այն ժամանակ համապատասխան հարցերի պատասխանները եղել են համապատասխանաբար 7% եւ 37%:

Հարցվածների միայն 3%-ն է նշել, որ համազգային թերթերը անկախ են իշխանությունների եւ/կամ գործարար ոլորտի վերահսկողությունից: 20%-ը նշել է, որ թերթերը որոշ չափով են անկախ, 23%-ը՝ բնավ անկախ չեն:

Այն, որ Հայաստանում տպագիր թերթերի շուկան փոքրացել է եւ նորությունների համար տպագիր մեդիայից օգտվողների թիվը նվազում է, ակնհայտ է: Նաեւ այդ պատճառով է, որ թերթերի խմբագիրներն ու սեփականատերերը քայլեր են արել դեպի ինտերնետային շուկա:

Հակոբ Ավետիքյանն ասում է՝ «Կայքերը շատ ծանր վնաս հասցրին՝ մեր ժողովրդին սովորեցրին ինֆորմացիայի համար չվճարել»:

Իմ կարծիքով՝ տպաքանակը պահպանել ցանկացող թերթերի համար դժվար կլինի 100-200 դրամով վաճառել երեկվա նորությունները:

Ամեն օր կրպակից թերթ գնողը պետք է վստահ լինի, որ իր գումարի դիմաց որակյալ վերլուծություն, ֆոտոպոտմություններ, ինֆոգրաֆիկաներ կստանա: Նման որակի արտադրանք պատրաստելու համար էլ մեդիաներին անհրաժեշտ կլինի ոչ թե մեկ օր, այլ մի քանի շաբաթ: Սա էլ նշանակում է լրացուցիչ աշխատակազմ, ներդրումներ, գուցե նաեւ թերթերի գների բարձրացում:

Պատրա՞ստ են տպագիր մեդիայի ղեկավարները նման քայլերի, պատրա՞ստ են ընթերցողներն ավելի շատ վճարել որակյալ ու վստահելի լրագրության համար: Սրանք բաց հարցեր են, որոնց պատասխանները ավելի շուտ բացասական են:

Նշածս փոփոխությունները հնարավոր են միայն կոնվերգենտ խմբագրությունների դեպքում, երբ թերթը խմբագրության բազմաթիվ արտադրանքներից մեկն է միայն:

Գեղամ Վարդանյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *