2011.03.01,

Նյուսրում

Ինչպես էր աշխատում մեդիան 2008-ի մարտին

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

2008թ.-ի մարտի մեկը Հայաստանում աշխատող լրագրողների համար ամենադժվար օրերից էր: Աշխատանքը սկսվեց լուսադեմին Ազատության հրապարակից եւ տեղափոխվեց Գրիգոր Լուսավորիչ փողոց: Օրն ավարտվեց Արտակարգ իրավիճակի մասին նախագահական հրամանագրով:

Երեւանում 20-օրյա արտակարգ իրավիճակ հայտարարող հրամանագրի 4-րդ կետը մեդիայի աշխատանքի մասին էր: Այն սահմանում էր. «զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում»:

Արտակարգ իրավիճակը արտակարգ պայմաններ ստեղծեց լրատվամիջոցների եւ լրագրողների համար: Հեռուստատեսային ալիքները բացառապես պետական տեղեկատվություն էին հաղորդում, «Ազատություն» ռադիոկայանը չէր հեռարձակվում: Սահմանափակվեց ինտերնետ հրատատարակությունների աշխատանքը: Փակ էին azatutyun.am, hzh.am, a1plus.am եւ շատ այլ հայտնի կայքեր:

Ինտերնետային գրաքննությունն իրականացվում էր երկու ուղղությամբ։ Նախ՝ Հայկական ինտերնետ ընկերակցությունը պարզապես սառեցրեց մի քանի դոմեյներ .am տիրույթում։ Այսինքն՝ կայքերը հասանելի էին միայն իրենց IP հասցեներով:

Հետագայում Հայկական ինտերնետ ընկերակցությունը, ապօրինի գործողությունների պատճառով հայտնվելով միջազգային ճնշման տակ, տեղեկացրեց, որ դոմեյնները սառեցվել են պարտադրվել է ԱԱԾ–ի կողմից եւ տարածեց հետեւյալ հայտարարությունը. «Երբ 2008 թ. մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարվեց, Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայությունը Հայաստանի ինտերնետ ընկերակցությանը խնդրեց ժամանակավոր սառեցնել որոշ դոմեյններ»։

Ճնշման տակ էին նաեւ ինտերնետ պրովայդերները: Նրանց կարգադրվեց արգելափակել ելքը դեպի հայկական լրատվական կայքերը, որոնք .am տիրույթում չէին: Օրինակ, armenialiberty.org-ը: Հարվածի տակ անգամ YouTube-ը: Այն Հայաստանում արգելափակվեց 2 օրով:

Արտակարգ իրավիճակի օրերին Հայաստանում ինտերնետից օգտվողները սովորեցին շրջանցել լրատվական բլոկադան, օգտվելով անանուն պրոքսիների ծառայություններից: Դրանց օգտագործումը ինտերնետ պրովայդերների կողմից արգելափակված լրատվական եւ ընդդիմադիր կայքերը դիտելու համար համատարած էր:

Այլընտրանքային տեղեկություն որոնելու ու տարածելու հիմնական միջոցները դարձան բլոգերը, սոցիալական ցանցերը: Հենց բլոգերները սկսեցին օնլայն ներկայացնել մարտի 1-ի իրադարձությունները՝ այդ պահին դառնալով լրատվության միակ աղբյուրը։ Ամենաակտիվը Livejournal–ի բլոգերներն էին։ Լրատվությունը տարածվում էր էլեկտրոնային փոստով: Օգտագործվում էր բջջային հեռախոսների ներուժը: Տեղեկատվությունը տարածվում էր sms-ների, իսկ լուսանկարներն ու տեսաերիզները՝ bluetooth տեխնոլոգիայի օգնությամբ:

2008-ի արտակարգ իրավիճակի օրերը խթան դարձան Հայաստանում ինտերնետային տեխնոլոգիաների զարգացման համար: Լրատվության այլընտրանքային ռեսուրսներն ավելի ու ավելի հանրամատչելի են դառնում:

Գեղամ Վարդանյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *