Ինչո՞ւ է օֆշորի թեման հետաքրքիր լրագրողներին

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան

Լրագրող

Օֆշորային պատմությունները հետաքրքիր են մարդկանց: Դրանք ասես առանձին սերիալներ լինեն՝ ամեն հաջորդն ավելի է բորբոքում նյարդերը, լարում սպասումը: Թեմային ծանոթ լրագրողները գիտեն սա, զարգացնում են իրենց պատմությունները, նոր մանրամասներ գտնում, գնում կոռուպցիոն շղթայի հետքերով:

Օֆշորային թեմաներով սեփական հետաքննությունը սկսել ցանկացող լրագրողների համար այստեղ հետաքրքիր տեղեկություններ կան այն մասին, թե շղթայի որ մասում փնտրել կոռուպցիոն ռիսկեր:

Օֆշորներում կարող են «թաքնվել» հայտնի գործարարներ

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) հրապարակած Պանամայի փաստաթղթերում բազմաթիվ հայերի անուններ կային: Նրանք, ովքեր քիչ թե շատ հայտնի քաղաքական դեմքեր էին՝ բացահայտվեցին, սակայն շատերն այդպես էլ անհայտ մնացին:

Վերջին տարիներին հայաստանյան մեդիայում օֆշորի հետ կապված շրջանառվեցին բարձրաստիճան պետական պաշտոնյաների ու հայտնի մարդկանց անուններ՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյան, Միհրան Պողոսյանը, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան:

Սակայն չի բացառվում, որ անհայտ անուն-ազգանունների հետևում հայտնի գործարարներ և քաղաքական գործիչներ կան: Օֆշորային ընկերությունների իրական սեփականատերերը մեծամասամբ քողարկվում են այլ մարդկանց՝ բարեկամների, հազարատների անվան տակ: Սա օֆշորում գործունեություն ծավալելու ամենագրավիչ առավելությունն է: Անձնական տվյալները խիստ գաղտնի են պահվում մինչև այն պահը, երբ ձևական փայատերերի ու տնօրենների մատակարարումից օգտվելիս բանկերը պահանջում են իրական սեփականատերերի անձնագրերը:

Այսինքն սեփականատերը, եթե անգամ նա ընկերության իրական տերը չէ, օֆշորում երկար չբացահայտված չի կարող մնալ, ինչ-որ մի փուլում սկսելու է ակտիվանալ, գործունեություն ծավալել, տեսանելի դառնալ (չնայած շատ հաճախ փողերը հաշվեհամարներում տարիներով քնում են):

Մյուս կողմից տվյալների արտահոսքի և գաղտնազերծման պահանջ կարող է առաջանալ հաքերային հարձակումների կամ երկրների միջև թափանցիկ գործունեության համաձայնությունների արդյունքում:

 

Ինչու է վատ օֆշորը երկրի բյուջեի համար

Մեր երկրի բյուջեում սոցիալական ծախսերի համար հատկացումներն արդեն մի քանի տարի է համարյա նույն են՝ ո՛չ ավելանում են, ո՛չ պակասում: Պետության բյուջեն ձևավորվում է հարկերից՝ ինչքան շատ հարկ հավաքագրվի, այնքան շատ սոցիալական խնդիրներ կլուծվեն:

Ընկերություններն օֆշորներում գրացվելով խուսափում են Հայաստանում հարկվելուց: Դե հիմա պատկերացրեք, թե չգանձված հարկերի պատճառով ինչ հնարավորություններ է կորցնում երկիրը և քաղաքացին:

Այդ ընկերությունները քաղաքական անկախություն ունեն, ազատված են ոչ միայն հարկերից, այլև պարտադիր աուդիտից: Միակ հնարավոր պահանջը կարող է լինել ամենամյա ֆիքսված տուրքերի մուծումը, որն անհրաժեշտ է ընկերության գործող ստատուսը երկարաձգելու և իրավաբանական հասցեն պահպանելու համար:

Օֆշորային ընկերությունը կարող է մասնակցել պետգնումներին

Պետական գնումներին կարող են մասնակցել ինչպես Հայաստանում, այնպես էլ օֆշորային գոտիներում գրանցված ընկերություններ (սեփականատերերը կարող են լինել Հայաստանի քաղաքացիներ և ոչ միայն):

Ասենք պետությանն անհրաժեշտ է տպագրական ծառայություն, մի քանի ընկերություններ գնային առաջարկ են ներկայացնում: Մրցույթի արդյունքում հաղթում է այն ընկերությունը, որն իր ծառայության համար ավելի մատչելի գին է առաջարկում: Օֆշորում գործունեություն ծավալող ընկերությունը կարող է ավելի շահավետ գին առաջարկել, քանի որ տեղական ընկերության հետ աշխատելու դեպքում ազատված է հարկերից, պարտադիր աուդիտից և մանևրելու ավելի շատ հնարավորություններ ունի: Բացի այդ, այս ընկերությունները տիրապետում են պետգնումների ընթացակարգերին, ունեն պետության հետ աշխատելու փորձ և թրծված մասնագետներ:

Տեղական ընկերություն այս անհավասարության պայմաններում կորցնում է պետությանը որպես առևտրային գործընկեր: Հետևելով այս գործընթացին՝ լրագրողը կարող է մրցույթում հաղթած ընկերությունների «պոչից բռնել», հետաքննությունների շարք սկսել:

Եթե հիշում եք, 2014թ-ին  Վերահսկիչ պալատը բարձրաձայնեց այս խնդրի մասին, նշելով, որ արհեստականորեն ստեղծվում են ոչ ռեզիդենտ կամ օֆշորային գոտում գրանցված կազմակերպություններ` պետգնումներին մասնակցելու համար: Խնդրին քրեական ընթացք չտրվեց, կարծես պետությունը չնկատեց այս երևույթը:

Օֆշորում ապօրինի փողերն օրինականացվում են

Բոլորիս համար պարզ է, որ մարդիկ աշխատավարձով միլիոնավոր դոլարներ չեն դիզում: Տարբեր անօրինական ճանապարհներով մեր երկրում կուտակված փողը դժվար է օրինական շրջանառության մեջ մտցնել: Որպեսզի այս փողը եկամուտ բերի, տնօրինողներն այն հիմնականում շրջանառում են վաշխառությամբ կամ ֆինանսավորում մերձավորների բիզնեսները: Միայն առավել համարձակներն են ընկերություն կամ ընկերություններ գրանցում օֆշորային գոտիներում և սկսում գործարքներ իրականացնել տեղական ընկերությունների հետ (գնում ապրանքներ, վճարում ծառայությունների դիմաց, արտահանում, ներկրում)՝ այս ճանապարհներով օրինականացնելով գումարը:

Այստեղ մի նրբություն կա, օֆշորային կազմակերպություններն ունենում են մերձավոր կամ գործընկեր ընկերություններ Հայաստանում, որոնք հիմնականում նորաստեղծ կամ ոչ հեղանակավոր կազմակերպություններ են: Կայացած կազմակերպությունները նման ռիսկային գործիքներից, որպես կանոն, խուսափում են:

Օֆշորային փողերով ահաբեկչություններ են իրականացվում

Այսօր աշխարհին անհանգստացնում է օֆշորային գումարներով ֆինանսավորվող ահաբեկչությունների վտանգը: Դեռ ոչ մի կազմակերպություն հստակ չի գնահատել օֆշորային գումարների ողջ ծավալը, սակայն փորձագիտական գնահատականներով օֆշորում ակտիվ կամ պասիվ վիճակում տրիլիոնավոր դոլարներ կան, որոնք ամեն պահ կարող են «պայթել»:

Օֆշորային գոտիների վերահսկողությամբ զբաղվող, կարելի է ասել, միակ ազդեցիկ կառույցը Արժույթի միջազգային հիմնադրամն է (ԱՄՀ): Չնայած սեփականատերերին բացահայտելու և ահաբեկչությունների ռիսկը նվազեցնելու համար աշխատանքներ է տանում նաև «Փողերի լվացման դեմ ֆինանսական միջոցների մշակման խումբը» (FATF):

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *