2017.05.26,

Ստուգված է

Ի՞նչ եկամուտներով բնակարան ձեռք բերեն երիտասարդ գիտնականները

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան

Լրագրող

Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան հաշվետու ժողովի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը խոստացել է երիտասարդ գիտնականների համար եկամտային հարկով բնակարանի ձեռքբերման հավասար պայմաններ ստեղծել:

Մանրամասներ ծրագրի մասին

Երիտասարդ մասնագետներին բնակարանով ապահովելու ծրագիրը մեկնարկել է 2011թ-ից: «Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին» բնակարանային ապահովության սոցիալական պետական ծրագրով բաշխվել է 1532 բնակարան, շահառու է 2100 անձ:

Ծրագրի իրականացումը վստահվել է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ին, որի  նախագահն է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը, իսկ հոգաբարձուների խորհրդի նախագահն է Սերժ Սարգսյանը:

Ծրագիրը հաջող ընթացք ունեցավ, պայմանները հնարավորություն տվեցին երիտասարդներին բնակարան ձեռք բերել նախ Ծարավ Աղբյուր փողոցում, հետո  շարունակվող ծրագրի նոր բազմաբնակարանային համալիրում՝ Պարույր Սևակ հասցեում: Նոր համալիրի շինարարական աշխատանքները ավարտվելու են սույն թվականի նոյեմբերին:

Այս ծրագրից չեն կարող օգտվել այն երիտասարդները, որոնց ամսական եկամուտները գերազանցում են 500 հազար դրամը, ունեն սեփականության իրավունքով պատկանող բնակարան կամ բնակելի տուն և չեն պատրաստվում մշտապես բնակվել ձեռքբերվող բնակարանում:

Փոքրիկ ֆինանսական հաշվարկ

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը, օգտվելով տեղեկատվական բաց տվյալներից, հաշվարկել է, արդյո՞ք երիտասարդ գիտնականները ունեն բավարար միջոցներ դառնալու այս ծրագրի շահառու:

Կրթության ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձը ամենացածրերից է և ոլորտային միջին աշխատավարձերից ցածր է մոտ 28 տոկոսով: Օրինակ, համեմատության համար պետք է նշել, որ պետական հատվածի ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում միջին ամսական աշխատավարձը 563 հազար դրամ է, Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում՝ 312 հազար, պետական կառավարման համակարգում 217 հազար, իսկ կրթության և գիտության ոլորտում 115 հազար դրամ:

Նշենք նաև, որ բնակարանի կարիք ունեցող երիտասարդ գիտնականները, բացի սկզբնական կապիտալից, պետք է ամսական կատարեն մոտ 120 հազար դրամի վարկային մարումներ:

Տոկոսագումարի հաշվարկման ելակետային պայմաններն են՝ վարկի սկզբնական գումար` 10 մլն դրամ, վարկի ժամկետ՝ 120 ամիս, տարեկան տոկոսադրույք՝ 8.5% (10.5%, որից 2% սուբսիդավորում), մարման եղանակ՝ անուիտետային: Այս ելակետային պայմաններով ամսական մարումը կկազմի 124 հազար դրամ, ինչն ավելի բարձր է, քան երիտասարդ գիտնականների միջին ամսական անվանական աշխատավարձը:

Ավելին, չափորոշիչների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վարկավորվելու համար բավարար մակարդակ է 300-350 հազար դրամ եկամտի առկայությունը: Եթե ընտանիքում ամուսինները երիտասարդ գիտնականներ են, և նրանց ամսական  միջին աշխատավարձը գումարային 230 հազար դրամ է կազմում (115 000×2=230000), նրանք չեն կարող դառնալ այս ծրագրի շահառու:

Բանկերը հաշվարկում են, որ ընտանեկան ընդհանուր եկամտի մեջ  բնակարանի վարկային մարումը պետք է կազմի 35 տոկոսը: Մնացածը գումարը պետք է ուղղվի այլ ծախսերի, մասնավորապես սնունդ, հագուստ, տրանսպորտ, կոմունալ, բանկային այլ վճարումներ և այլն: 230 հազար դրամ աշխատավարձի դեպքում վարկը մարելուն պետք է ուղղվի այս գումարի 35%-ը կամ 80500 դրամը, այն դեպքում, երբ ընտանիքը պետք է հոգա նաև կենցաղային ծախսերը:

Սնվել-հագնվե՞լ, թե՞ բնակարան ձեռք բերել

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների, մեր երկրում նվազագույն պարենային զամբյուղի արժեքը մեկ շնչի հաշվով կազմում է 32 հազար 727.5 դրամ՝ ամսական կտրվածքով, և 392 հազար 729.6 դրամ՝ տարեկան կտրվածքով: Նվազագույն պարենային զամբյուղի արժեքը հաշվարկվում է Առողջապահության նախարարության կողմից մշակված՝ սննդամթերքի կազմի, կառուցվածքի և էներգետիկայի մեթոդաբանության համաձայն:

Միևնույն ժամանակ, նվազագույն սպառողական զամբյուղը, որը բաղկացած է երկու մասից` նվազագույն պարենային զամբյուղ և ոչ պարենային ապրանքների ու ծառայությունների արժեք, կազմել է 57 հազար 927.6 դրամ՝ ամսական կտրվածքով, և 695 հազար 131.4 դրամ՝ տարեկան կտրվածքով:

Եթե երիտասարդ ընտանիքում ապրում է երեք անձ՝ ծնողները և երեխան, նրանց ամսական ծախսերը կազմում են 175 հազար դրամ, որին հաճախ կարող են ավելանալ այլ չնախատեսված ծախսեր: Եթե սրան էլ գումարենք վարկի մարումը՝ երիտասարդ ընտանիքը պետք է ունենա նվազագույնը 260-280 հազար դրամ ամսական եկամուտ:

Փաստեր դատողության համար

ԱՎԾ տվյալներով, Հայաստանում կա շուրջ 5000 գիտաշխատող։ Թվերը ցույց են տալիս, որ գիտության ոլորտում ներգրավված աշխատողների թվաքանակը նվազման միտում ունի: Հաշվի առնելով ներկա ոչ մրցունակ գիտական արդյունքները և ցածր աշխատավարձերը, լրջագույն կասկածներ են առաջանում երիտասարդ գիտնականների բնակարանային ապահովման ծրագրի հետ: Եթե իհարկե ծնողները ֆինանսապես չեն աջակցում կամ կողմնակի եկամուտներ չեն ներկայացվում:

Պետք է նշել, որ հաշվետվողականությունը ևս գոհացուցիչ չէ, մասնավորապես կայքում հասանելի են միայն 2013թ. ֆինանսական հաշվետվությունները:

Մեդիան խնդրի մասին

Երիտասարդների համար երկրում մնալու, ընտանիք կազմելու հիմնական խնդիրը բնակարանային ապահովությունն է: Պետությունը դա գիտակցելով ընթացք է տվել մի ծրագրի, որը, ըստ մեդիայի, բավականին խնդրահարույց է: Հրապարակումների հիմնական շեշտադրումը կանխավճարի բարձր շեմն է, ամուսինների ընդհանուր տարիքը, բարձր տոկոսադրույքը:

Այս պայմաններում դժվար է հասկանալ՝ ինչու է կառավարությունը  ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թթ-ի ծրագրի առանցք համարում ամուսնացած ընտանիքներին, առանց տարիքային սահմանափակման, միջին եկամուտ ներկայացնելու դեպքում, հիպոթեքային վարկի տրամադրումը:

Գայանե Ասրյան
Արտակ Մանուկյան, տնտեսագետ


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *