2015.12.22,

Քննադատ

Ժանրի ճգնաժամ

author_posts/lilit-avagyan
Լիլիթ Ավագյան

Լրագրող

Ժամանակի ընթացքում հյուծվեց ու մարեց ՀՀ նախագահի կամ նրա խոսնակի՝ լրագրողների հետ հանդիպելու ավանդույթը

Դեկտեմբերի 17-ին ՌԴ նախագահ Վ. Պուտինն իր պաշտոնավարման ընթացքում թվով 11-րդ մեծ ասուլիսը հրավիրեց: Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ ասուլիսին հավատարմագրվել էր 1390 լրագրող: 3 ժամ ուղիղ եթերում շփվել աշխարհի լրատվամիջոցների հետ, ենթադրում է մտավոր և ֆիզիկական լուրջ պատրաստվածություն:

ՌԴ նախագահի հերթական ասուլիսը արթնացրեց ոչ այնքան վեհ ցանկություն՝ համեմատել: Ե՞րբ է ՀՀ նախագահը վերջին անգամ շփվել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Սերժ Սարգսյանի ս.թ. դեկտեմբերի 2-ի ասուլիսը, ինչպես ասում են, «պատասխանատու» հեռուստաընկերությունների լրագրողների հետ, հաշվի մեջ չէ: Տաղտկալիորեն երկար, մի քանի ամսվա վաղեմության մտքերը կրկնել՝ լրագրողների անուններով ընդմիջելով, վկայում էր ժանրի ճգնաժամի մասին:

Սակայն արժանին պետք է մատուցել ՀՀ նախագահի մամուլի խոսնակին: Նրա անունն իմանալու համար հարկ եղավ դիմել որոնողական կայքի օգնությանը: Գործող նախագահի մամուլի քարտուղարի անունն է Վլադիմիր Հակոբյան : Ըստ նույն աղբյուրի՝ 2006-ից մինչ 2015-ը աշխատել է… ԱԱԾ-ում :

Նրանից առաջ ՀՀ նախագահի մամուլի խոսնակը Արման Սաղաթելյանն էր: Հիշում ենք նրան դեռևս Ուրախների և հնարամիտների ակումբից: Դժվար է ասել՝ ուրա՞խ էր նա, թե՞ ոչ, սակայն ակնհայտորեն հնարամիտ էր: Կազմակերպել Սերժ Սարգսյանի հանդիպումը 2 տասնյակից ավելի լրագրողների հետ՝ պայմանով, որ այն «փակ» է լինելու, ոչ միայն հնարամիտ է, այլև, եթե կուզեք, սրամիտ (2013 թ., սեպտեմբերի 12): Նախագահի մամուլի խոսնակի պաշտոնում հաճելի լռությունից հետո միայն, «Այո»-ի քարոզարշավի ընթացքում, պարզվեց, թե որպիսի մեծ հռետոր էր թաքնված այդ համեստ պաշտանյայի՝ Ա. Սաղաթելյանի ներսում:

Նրան նախորդել էր ժամանակին այնքան հետաքրքիր ու գրագետ մի լրագրող՝ Արմեն Արզումանյանը: Նրա մասին տեղեկություն էի փնտրում, երբ Wikiwond.com կայքում հանդիպեց սա. «Արմեն Արզումանյան: Հայ լրագրող, ՀՀ պետական գործիչ, պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով»: ՀՀ պետական գործի՞չ, մեդալակի՞ր…

Լա՜վ, ամեն ինչ՝ հերթով:

Երբ Հայաստանի նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, հատկապես՝ նրա պաշտոնավարման առաջին շրջանում, նախագահն` անձամբ, կամ նրա լրատվական ծառայությունը, պարբերաբար հրավիրում էին լրագրողներին, բրիֆինգներ կազմակերպում: Վիքիփեդիայում Տեր-Պետրոյանի էջում նշվում է,  որ ՀՀ առաջին նախագահը առանձին հարցազրույցներ է տվել կոնկրետ թերթերի, լրատվական գործակալությունների: Մեծ ասուլիսով հանդես է եկել 1992 թ. նոյեմբերի 11-ին , Նախագահի երդման առաջին տարեդարձի առթիվ: Անցավ որոշ ժամանակ, և Տեր-Պետրոսյանը դժգոհեց հայ լրագրողների ինտելեկտից՝ վստահեցնելով, որ նրանց կողմից իրեն ուղղված հարցերն անհետաքրքիր ու բովանդակազուրկ են, և վերջ դրվեց ասուլիսի ինստիտուտին: Տեր-Պետրոսյանի երկրորդ և վերջին ասուլիսը, ըստ վերոնշյալ աղբյուրի, 1997 թ-ի սեպտեմբերի 26-ին էր: Ներկա էր 100-ից ավելի լրագրող: Դա այն պատմական ասուլիսն էր, որի ընթացքում հնչեց Սերգո Երիցյանին ուղղված չարագուշակ կանխատեսումը՝ «Լավ չես ապրի, Սերգեյ ջան, մինչև Ղարաբաղի հարցը չլուծվի»:
 
1992-93 թթ. Լ. Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղարը Ռուբեն Շուգարյանն էր: 1993-94 թթ.՝ Արամ Աբրահամյանը: Լրագրողների հետ իրենց աշխատանքը պրն Աբրահամյանն այսպես է նեկայացրել. «Խնդրում եմ անհամեստություն չհամարել. երբ Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղարը Շուգարյանն էր, մենք շաբաթը մեկ անգամ մամուլի ասուլիսներ էինք կազմակերպում: Հիմա չգիտեմ` ասուլիսների պարբերականությունը քանի՞ ամիսը մեկ է («Առավոտ», 23 դեկտեմբերի, 2013): 1995-1998 թթ., մինչև Տեր-Պետրոսյանի հրաժարականը, նրա մամուլի քարտուղարը Լևոն Զուրաբյանն էր:

Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, 1994 թ-ին, Հայաստանում արգելվեց «Ազատություն» ռադիոկայանի վերահեռարձակումը՝ «Ռադիոկայանի պատրաստած նյութերի 80 տոկոսը հակապետական բնույթ ունեն» հիմնավորմամբ: («Ազատության» վերահեռարձակումը Հայաստանում վերականգնվեց 1998-ին):
1994 թ. դեկտեմբերի 28-ին Լ. Տեր-Պետրոսյանի հրամանագրով կասեցվեց ՀՅԴ գործունեությունը Հայաստանում. Փակվեցին Դաշնակցության ավելի մեկ տասնյակ լրատվամիջոցներ, այդ թվում «Երկիր», «Ազատամարտ» թերթերը:

1998-1999 թթ. նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որն ուներ ավտորիտար ղեկավարի իմիջ, փորձեց իր մասին կարծիքը կոտրել՝ լրատվական հարցերով խորհրդական ընտրելով ամերիկահայ Կասյա Աբգարյանին: Վերջինիս աշխատաոճը թարմ էր. Պատմում էր նախագահի մասին ամեն ինչ, ընդհուպ՝ որտեղ է հանգստանում, ինչ ծրագրեր ունի՝ բացի պաշտոնական այցերից և այլն: Նրա ներկայությունը նախագահականում կարճ տևեց (1998-99):

Տիկին Աբգարյանին փոխարինեց Վահե Գաբրիելյանը: Հետաքրքիր էր լրագրողների հետ ծանոթանալու նպատակով հանդիպումը նախագահականում. լրագրողները նրան ճանաչեցին իբրև սրամիտ, զարգացած, լավ դաստիարակված մեկին: Իր նախորդի պես՝ Վ. Գաբրիելյանն էր նվազագույնը շաբաթը 2 անգամ հանդիպում էր լրագրողներին: Նա, թերևս, ՀՀ նախագահի մամուլի վերջին քարտուղարն էր, որի անձը և խոսքը հետաքրքիր էին լրագրողներին (1999-2003):

Չմոռանանք, որ Ռ. Քոչարյանի օրոք, 2002 թ. ապրիլի 2-ին, եթերազրկվեց «Ա1+» հեռուստաընկերությունը, իսկ 2007-ին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը դարձյալ հեռարձակումը դադարեցնելու վտանգի առաջ էր ( ինչը, բարեբախտաբար, տեղի չունեցավ):

Իր պաշտոնավարության ընթացքում Ռ. Քոչարյանը չորս անգամ հրավիրել է հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին՝ զրույցի: Պաշտոնավարության վերջին երեք տարիներին հրավիրյալների կազմը նեղացավ. ցուցակում միայն «ամենապատասխանատու» երեք հեռուստաընկերություններն էին:

Ժամանակի ընթացքում հյուծվեց ու մարեց ՀՀ նախագահի կամ նրա խոսնակի՝ լրագրողների հետ հանդիպելու ավանդույթը:

Եկավ անդեմ, նախագահին լրագրողներից պաշտպանող մամուլի նոմենկլատուրային քարտուղարների շրջանը՝ Աշոտ Քոչարյան (2003-2005), Վիկտոր Սողոմոնյան (2005-2008), Սամվել Ֆարմանյան (2008-2010), Արմեն Արզումանյան (2010-2013), Արման Սաղաթելյան (2013-2015): Եվ այս գողտրիկ բույլն այսօր ամբողջացնում է ԱԱԾ աշխատակիցը, որը, եթե հիշում եք, գաղտնազերծվեց աշխատանքի պահին, երբ փորձում էր հավաքագրել լրագրող Հրայր Մանուկյանին:

Պետական այս ծառայողները՝ հարկատուներիս հաշվին նախագահի մամուլի քարտուղար աշխատողները ամեն տարի խնամքով թաքցնում են, թե մեր միջոցներով որտե՞ղ է հանգստանում երկրի նախագահը: Իսկ լրագրողների հետ շփումն արդեն նրանց պատվից ցածր է: Թեև թե՜ նախագահի, թե՜ իրենց գործունեությունը հետաքրքիր է նույնքան, որքան ՀՀ նախագահի մամուլի գործող քարտուղարի անձը: Ի դեպ, ի՞նչ էր նրա անունը…

Լիլիթ Ավագյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *