2017.01.25,

Նյուսրում

Թերթի բրենդն օնլայն տիրույթում տարբեր կերպ է աշխատում

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Հայաստանում թերթից կայք անցումը ցավոտ էր: Լրագրողները սկսեցին մտածել թեմաներից ու տեքստերից բացի նաև կայքում նյութ տեղադրելու, վիդեո և ֆոտո անելու, այն մոնտաժելու և մշակելու, նաև նյութերը սոցցանցերում տարածելու մասին:

Իսկ գլխավոր խմբագիրները ստիպված էին կայքերի այցելությունների ու դիտումների աճի ուղիներ փնտրել ճիշտ այնպես, ինչպես մտահոգվում էին տպագիր թերթերի յուրաքանչյուր համարի վաճառքն ավելի արդյունավետ դարձնելու մասին:

Դա մի նոր մարտահրավեր էր լրատվամիջոցների համար, որին պետք էր դիմակայել ու հաղթահարել:

Հիմա, հետադարձ հայացք նետելով թերթերի առաջին  ինտերնետային տարբերակների վրա, կարելի է զարգացման մի քանի ուղիներ տեսնել:

Մեր դիտարկած կայքերը՝ armtimes.com-ը, aravot.am-ը, 168.am-ը տարբեր ժամանակ մուտք գործեցին համացանց, և հենց ժամանակի գործոնը ձևավորեց նրանց յուրահատկությունները:

Ավելի շատ տեսանյութեր

Բոլոր երեք կայքերի գլխավոր խմբագիրները կարծում են, որ լրագրողները դեռևս յուրացնում են նոր գործիքները, հարմարվում դրանց: Բոլորն են ցանկանում տեսանյութերի արտադրությամբ զբաղվող առանձին բաժիններ ունենալ, բայց եթե դեռ չունեն, պատճառը հիմնականում ֆինանսական խնդիրներն են:

Լրագրողները, որ ժամանակին միայն տեքստ էին գրում, ստիպված էին վերապատրաստվել: Նոր լրագրողներին ներկայացվող պահանջները բարդացան: Օրինակ, armtimes.com-ն ունի օպերատոր, որը միայնակ է աշխատում նյութի համար՝ հարցեր տալիս,տեսագրում, մոնտաժում, տեղադրում կայքում:

Այս օնլայն լրատվամիջոցներում, թերթից եկած մշակույթի համաձայն, բաժինների պատասխանատուները լրագրողների հետ քննարկում են թեմաներն ու հարմարեցնում դրանք կայքի ձևաչափին: Ընթանում է նաև հակառակ պրոցեսը. կայքի որևէ թեմա կարող է դառնալ թերթի համար ծավալուն անդրադարձի առիթ:

Aravot.am-ում և 168.am-ում խմբագիրները կամ պատասխանատու-լրագրողները խմբագրում են նյութերը, թողարկողները՝ տեղադրում: Armtimes.com-ում իր նյութը կայքում տեղադրում է լրագրողը, խմբագիրը նախօրոք գիտի բովանդակության մասին, և եթե շտկման կարիք կա՝ ասում է լրագրողին, որ փոփոխություններ կատարի:

Որպես այդպիսին, կայքի և թերթի համար գրող լրագրողների առանձնացում չկա, պարզապես հնարավոր է մի լրագրողը ավելի շատ թերթի համար գրի, քան կայքի: Եվ հակառակը: Աշխատանքի այսպիսի բաժանումը պարտադիր դարձավ համացանցային թրաֆիկի աճի հետ մեկտեղ: Որքան ավելանում են դիտումները համացանցում, այնքան ավելի շատանում է կայքում տեղադրված նյութերի քանակը: Այդ պահանջին լրագրողները ընտելացան դանդաղորեն, բայց անկասելիորեն՝ կայքի ու թերթի նյութերի ստեղծման ու մատուցման բաժանում կատարելով:

Կայուն եկամտի սպասումներով

Նշված երեք լրատվամիջոցներից ամենաուշը «Հայկական ժամանակը» սկսեց օնլայն լրատվական գործունեությունը: Armtimes.com-ը ընդամենը մոտ մեկուկես տարվա պատմություն ունի: Armtimes.com-ի տնօրեն Հայկ Գևորգյանն ասում է, որ կայքի ֆինանսական հոսքերը գոյանում են միայն գովազդից, այլ կոմերցիոն պրոդուկտ չունեն. «Կարելի է ասել վաճառված թերթերի հաշվին է կայքն աշխատում, այս պահին վնասաբեր է, սակայն առաջընթացի դինամիկա կա: Օրական դիտումները հասնում են 25-40 հազարի, այնինչ մեկ տարի առաջ 10 հազար էր»:

Թերթի բովանդակության մի մասը տեղադրվում է կայքում, առավել շեշտադրված են ներքին քաղաքական կյանքն ու տնտեսական զարգացումները: Կայքն ունի վիդեո բաժին, որտեղ օրական տեղադրվում են սեփական արտադրության մոտ 2-3 նյութեր, կան նաև ուղիղ միացումներ: Այժմյան տարբերակով կայքի դիզայնն արվել է մի քանի ամիս առաջ: Կայքում տեղ գտած ծավալուն նյութերը ժամանակի ընթացքում են զանգվածային դառնում և քննարկվում, սակայն ավելի շատ այցելություն ապահովում են հրատապ ու հետաքրքիր լուրերը: Կայքը ընթերցման համար հարմար է, ընտրված են կոկիկ ֆոտոներ, գովազդը քիչ է:

«Առավոտը» էլեկտրոնային տարբերակ ուներ դեռ 1998թ-ին: Օնլայն լրատվական տիրույթում aravot.am-ը սկսեց աշխատել 2011թ-ից: Բովանդակային առումով կայքը կարելի է նույնացնել թերթի հետ: Գլխավոր տարբերությունը կայքում տեսանյութերի մեծ քանակն է:

Տեսանյութերի մասին խոսելիս, առցանց «Առավոտ»-ի գլխավոր խմբագիր Աննա Իսրայելյանն ասում է, որ դրանք օգնում են տեքստի սղագրման ու մշակման ժամանակ լրագրողի միջամտության հետևանքով առաջացած սուբյեկտիվությունը բացառել: Բացի դրանից, տեսանյութերը կայքի համար ապահովում են նաև որոշակի եկամուտ:

Առանձին և տեսանելի ներկայացված է «Առավոտ»-ի արխիվը: «Առավոտ» իր շեշտադրումներն անում է լուրերի քանակի վրա, նյութերը շատ են՝ պաշտոնական հաղորդագրություններից սկսած, տեսանյութերով վերջացրած:

Համեմատած  armtimes.com-ի և 168.am-ի հետ՝ aravot.am-ում գովազդը շատ է: Ըստ Google Analytics-ի, հունվարի 24-ի դրությամբ կայքի այցելությունների թիվը 74.387 է:

Ըստ Աննա Իսրայելյանի՝ այս պահին aravot.am-ը դեռևս եկամտաբեր չէ խմբագրության համար, քանի որ գովազդատուները նախընտրում են ունենալ գովազդ ավելի քիչ տպաքանակ ունեցող թերթում, քան շատ այցելություններով կայքում:

«Այստեղ մտածողության փոփոխություն պետք է լինի, եթե տոկոսային հարաբերություններով ներկայացնենք մեր եկամուտներն, ապա 70-80 տոկոսը բաժին է ընկնում թերթին, 20-30 տոկոսը՝ կայքին»,- ասում է նա:

«168 Ժամ» օրաթերթը էլեկտրոնային տարբերակ ունեցել է դեռ 2005թ-ին, որտեղ տեղ էին գտնում միայն թերթի նյութերը: 2014թ-ին 168.am-ը մտավ օնլայն տիրույթ իր ընթերցողներին վերլուծական, հրապարակախոսական հոդվածներին զուգահեռ առաջարկելով իրադարձային  նյութեր: Կայքում ավելի շատ տեղ են գտնում արտաքին քաղաքականության ու տնտեսության մասին նյութերը: Ընթերցողների հատուկ լսարան ունենալու համար տնտեսությունն առանձնացված է 168finance հարթակի միջոցով: Գործում է blog.168.am հավելվածը, որտեղ ժամանցային նյութեր են: Այս կերպ խմբագրությունն աշխատում է տարբեր լսարաններ ունենալ:

Կայքում այս պահին բաներային գովազդ չկա: Տեքստային մասն ու տեսանյութերի բաժինն առանձնացված են: Ըստ Google Analytics-ի, հունվարի 24-ի դրությամբ 168.am-ի այցելությունների թիվը 42.731 է:

«Առանց օնլայն տարբերակի հնարավոր չէր, որովհետև պետք էր դիմակայել մեդիայի նոր մարտահրավեներրին: Սկզբնական շրջանում թերթի հայտնի լինելն օգնեց կայքին հաստատվել դաշտում: Այժմ հակառակն է՝ կայքն է օգնում թերթին նաև ֆինանսական տեսանկյունից»,- մեզ հետ զրույցում ասում է գլխավոր խմբագիր Սաթիկ Սերյանյանը:

Նրա խոսքով, կայքի բովանդակությունը 80 տոկոսով տարբերվում է թերթից, կան կոմերցիոն պայմանագրեր, որոնք կայուն եկամուտ են ապահովում խմբագրությանը. «Կայքում բացի բաներային գովազդներից, շատ են նաև կոմերցիոն տեսքտերով հրապարակումները՝ հիմնականում մամուլի հաղորդագրությունների տեսքով և այլն»:

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *