2013.12.03,

Քննադատ

Թաիլանդում բողոքներ են, իսկ Հայաստանում խաղաղ է

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան

Լրագրող, արվեստի քննադատ

Դեկտեմբերի 2-ին Հայաստանի լրահոսը հիմնականում եւ մեծ մասամբ կազմված էր ՌԴ նախագահ Պուտինի եւ նրան ուղեկցող մեծաքանակ պատվիրակության պաշտոնական այցի տեսանյութերից:

Եվ՛ ուղիղ միացումներով, եւ՛ հետագայում պատրաստված ռեպորտաժներով կարելի էր տեսնել Պուտինին ու Սարգսյանին, որոնք տարբեր ամբիոններից ճառեր էին ասում, այցելում զորամաս, ֆորում, հուշարձան եւ այլն: Այսինքն՝ անում էին այն ամենն, ինչը նախատեսված էր արարողակարգով:

Շատերս արդեն բնական ենք համարում, որ հեռուստալրագրությունն ինքնին արդեն արարաղակարգային երեւույթ է, եւ տարբեր ալիքների (նաեւ մասնավոր) լրատվական թողարկումները մեծ հաշվով իրարից տարբերվում են միայն նրբերանգներով: Իսկ ավելի հաճախ անգամ դրա ցանկությունն էլ չեն ունենում՝ սահմանափակվելով միայն պաշտոնական տեղեկատվության տարածմամբ:

Եվ եթե պաշտոնական մարմինները չեն ցանկանում եթերում տեսնել իրենց համար ոչ ցանկալի իրադարձությունները, ապա հեռուստատեսությունը դրանք պարզապես «չի տեսնում»:

Դեկտեմբերի 2-ին Պուտինին անվտանգ ու հավուր պատշաճի ընդունելու աննախադեպ ջանքերին զուգահեռ (շուտափույթ ասֆալտապատված ու վերանորոգված ճանապարհներ, Գյումրիի եւ Երեւանի ավտոմեքենաներից ու մարդկանցից առավելագույնս «բեռնաթափելու» գործողություններ) նաեւ Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշման դեմ երթ տեղի ունեցավ: Ոստիկանությունը բերման ենթարկեց 110 մարդու:

Սակայն հայաստանյան հեռուստատեսությունը այդ մասին կա՛մ լռեց, կա՛մ էլ ընդամենը ներկայացրեց ոստիկանության հայտարարությունը, որով երթը հակաօրինական էր հռչակվում:

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը իր լրատվական գլխավոր թողարկման մեջ, օրինակ, մանրամասն ներկայացրեց պաշտոնական միջոցառումների ցանկը, հետո անդրադարձավ Մաքսային միությանը միանալու դեմ ուկրաինական բողոքի ալիքին, վերջում էլ հիշատակեց մեկ այլ բողոքի ակցիայի մասին, որը տեղի էր ունենումԹաիլանդում: Ըստ Հանրային ալիքի՝ Հայաստանում ամեն ինչ խաղաղ ու հանդիսավոր է, բողոքներ էլ չկան:

«Արմենիա» հեռուստաալիքը բողոքի ակցիայի մասին խոսեց առանց տեսանյութի՝ մեկ լուսանկարով ու ոստիկանության հայտարարությամբ: Իր սուպերզինված ստուդիայի հնարավորություններն այդ ալիքը օգտագործեց՝ ոստիկանության հաղորդագրությունը միաժամանակ էկրանին ցուցադրելով ու հաղորդավարի կողմից ընթերցելով:

«Արմնյուզ» ալիքը երթը ներկայացրեց ծավալուն ռեպորտաժի տեսքով՝ շեշտը կրկին դնելով ոստիկանության հայտարարության ու գործողությունների վրա: Հետաքրքիր է, որ այս ռեպորտաժում գրեթե չէին երեւում հակապուտինյան պաստառները (հստակ ցուցադրվում էին հիմնականում «Արժանապատիվ Հայաստան» պաստառն ու ՀՀ պետական դրոշները, որոնք էլ, ըստ էության, ոչ մի կերպ չէին հակասում բարձրաստիճան հյուրի այցի գաղափարին): Այդ մոնտաժային հնարքի «շնորհիվ» էլ այդքան էլ պարզ չէր, թե ինչի՞ դեմ կամ հանուն ինչի՞ է այս երթը, որի մասնակիցներից շատերը հետագայում բերման ենթարկվեցին:

Հասարակական ընդվզման շարժումները էկրանին հազվադեպ են հայտնվում կամ էլ ենթարկվում են այնպիսի խմբագրման, որ կարող են անգամ շրջադարձային կերպով փոխել իրենց ուղերձը:

«Կենտրոն» ալիքն, օրինակ, երթին հակիրճ անդրադարձավ. ցուցադրեց անկանոն քայլող մասնակիցների մի խմբի, ինչի արդյունքում տպավորություն ստեղծվեց, թե երթը սակավամարդ էր: Եվ, իհարկե, կրկին ոստիկանության դերակատարման ու հայտարարության մեջբերումներ եղան: Իսկ հետո բողոքներ Թաիլանդում:

Միջազգային մեդիան օգտագործում էր բողոքի երթի կադրերը («Եվրանյուզ», BBC եւ այլն), իսկ ռուսաստանյան հեռուստատեսության մասին անգամ խոսելն է բարդ, քանի որ Պուտինի այցը Հայաստան առիթ էր հիշեցնելու Ռուսաստանի կայսերական երազանքների ու գաղափարախոսության մասին: Մանավանդ, որ Ռուսաստանի «թիրախ» Ուկրաինայում արդեն մի քանի օր է, ինչ չի դադարում պայքարը Մաքսային միությանը միանալու որոշման դեմ:

Մեր հեռուստատեսությունն էլ հաճույքով ու պատրաստակամությամբ է ցուցադրում «եվրոմայդանի» կադրերը, սակայն շուրջը տեղի ունեցածը ուշադրությանը արժանի չի համարում:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *