Ընտրությունների տեղեկատվական յուրահատկությունները

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Անցած ընտրությունների մասին դեռ երկար կխոսվի, դեռ շատ բան կվերլուծվի։ Բայց ես ուզում եմ մատնանշել մի քանի հետաքրքիր յուրահատկություն #ArmVote18 տեղեկատվական մեծ իրադարձության մասին։

Որո՞նք էին սրա յուրահատկությունները զուտ տեղեկատվական տեսանկյունից.

ա․ Քանի որ ժամանակը սուղ էր, և մարզերում քարոզչական հանդիպումները հնարավոր էին հիմնականում վարկանիշային թեկնածուների միջոցով, ապա մեծ ուշադրություն էր դարձվում ինտերնետային գովազդին։

Այս անգամ գովազդ տեղադրվեց գրեթե բոլոր հնարավոր հարթակներում՝ բոլորի կողմից։ Իհարկե, հիմնականը Ֆեյսբուքն էր՝ որպես ամենահասանելի և մատչելի հարթակ։

Ֆեյսբուքի գովազդը շատ զանազան էր, թիրախավորումը՝ խիստ նեղից մինչև «ողջ Հայաստանը՝ ներառյալ անչափահասները»։ Հիմնականում սա պայմանավորված էր այն հանգամանքով, որ տարբեր քաղաքական ուժեր տարբեր մոտեցումներ ունեին․ մի մասը մասնագետներ էր ներգրավել, մի մասը «մայրիկի ընկերուհու տղային» էր կանչել։

Բացի դրանից, շատ քաղաքական ուժերի ռեյտինգային թեկնածուներ նաև ինքնուրույն էին տեղադրում իրենց գովազդը։ Ինչի համար վերջին երկու շաբաթվա ընթացքում մի քանի հարյուր թեկնածուներ բացեցին ֆեյսբուքյան էջեր (քանի որ միայն էջի առկայությունն է թույլ տալիս գովազդ տեղադրել)։

Այստեղ տիրում էր ամենայն սահմռկեցուցիչ բազմազանություն։

Մեկը երգում էր, մյուսն իր ընկերոջ ելույթներն էր տեղադրում և այսպես շարունակ։ Հիմնականում  երևում էր, որ քաղաքական ուժերի կողմից անվերահսկելի ֆեյսբուքյան վակխանալիա էր։ (Չնայած, անցյալ տարի շատ ավելի վատ էր, լրիվ Կուստուրիցայի ֆիլմեր հիշեցնող վիճակ էր):

Գովազդը տեղադրվում էր նաև Գուգլի միջոցով, կայքերի, հավելվածների և Յություբի տեսանյութերի մեջ, կար գովազդ Լինքդինում։ Նույնիսկ ծովահենային կինոկայքերի վրա։

Լռության օրը ՀՀԿ-ն նույնիսկ հաջողացրեց կատարել զանգվածային սփամի տարածում էլեկտրոնային փոստերի վրա (մեծ հարց է, թե ով է խախտել անձնական տվյալների պաշտպանության օրենքն ու տրամադրել մարդկանց հասցեները)։

բ․ Կտրուկ փոփոխություն էր կրել արտասահմանյան մամուլի հետաքրքրությունը։

Եթե համեմատենք 2017-ի և այս խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԿԸՀ-ում հավատարմագրված արտասահմանյան լրատվամիջոցների ցանկերը, ապա կտեսնենք, որ փոփոխությունը աչք է ծակում։

2017֊-ին հավատարմագրված լրատվամիջոցների գերակշռող մասը ռուսաստանյան էին։ Այս անգամ ՌԴ լրատվականները գրեթե ներկայացված չէին, հիմնականում ներկա էր արևմտյան և թուրքական մամուլը։ Ռուսաստանյան մամուլի համար, ընդհանուր առմամբ, այս ընտրությունները կարծես թե գոյություն չունեին։ Ինչպես գոյություն չունեին Հայաստանի հեղափոխական ակցիաները մինչև ապրիլի 23-ը։

գ․ Նախորդ ընտրությունների ժամանակ Թվիթերում միշտ ակտիվանում էին ադրբեջանական պետական ֆեյքերն ու թրոլերը, որոնք փորձում էին մտնել հոսանքի մեջ և տարածել իրենց քարոզչական թեմաները։

Այս անգամ #ArmVote18 հեշթեգի մեջ գրեթե ոչ մի ադրբեջանցի չհայտնվեց։ Ավելին, վերջին տարիներին շատ ակտիվ էին նաև ռուսաստանյան ֆեյքերը, որոնք, մեծ հավանականությամբ, կապ ունեին թրոլերի ֆաբրիկայի հետ:

Այս անգամ թրոլերը շատ պարկեշտ դրսևորեցին իրենց։ Փաստացի, տեղեկատվական հոսքերը հիմնականում ներկայացնում էին հենց տեղեկատվություն ընտրությունների մասին: Ոչ ավել, ոչ պակաս։

Ընդհանրացնելով կարելի է ասել, որ ընտրությունները անհետաքրքիր էին ինտրիգների տեսանկյունից։ Հայաստանյան մեդիա դաշտում ֆեյքերը նույնպես շատ ակտիվ դուրս չեկան, հիմնական ցանցային ընդհարումները ընթանում էին իրական օգտատերերի միջև։

Հ․Գ․ Հաշվի առնենք, որ հետընտրական գործընթացները նույնպես կարևոր են։ Եվ դրանց շուրջ կարող է ինտրիգ առաջանալ։ Մեկը արդեն կա․ քարոզչական շարժ է սկսվել ցածր մասնակցության վերաբերյալ։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *