2016.07.18,

Նյուսրում

Երևանի մամուլի ակումբի՝ 2016-ի մրցանակակիրները

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) մրցանակներն այս տարի սովորականից ավել  էին: Ամենամյա մրցանակներին զուգահեռ ԵՄԱ-ն մրցանակներ էր սահմանել նաև «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակում, որը իրականացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի աջակցությամբ և Համայնքների ֆինանսիստների միավորման հետ համագործակցությամբ:

Տեղական ինքնակառավարման մարմինների բարեփոխումների թեմայի հանրայնացումը լավագույնս իրականացնելու համար Գորիսի մամուլի ակումբին մրցանակ հանձնեց Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանը:

«Մեզ բոլորիս միշտ թվացել է, թե ամեն ինչ երևանից է սկսվում, փորձել ենք այս 20 տարիների ընթացքում հակառակը ապացուցել: Չի կարող լինել հարուստ, կայացած երկիր՝ առանց ամուր համայնքների»,- ասում է Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանը:

Մարզային մամուլում երկարատև և նվիրված աշխատանքի համար մրցանակ ստացավ «Կոտայք» թերթի լրագրող Ագնեսա Հովակիմյանը, ով արդեն 38 տարի է՝ զբաղվում է լրագրությամբ: Մրցանակը հանձնեց Երևանի մամուլի ակումբի ծրագրերի տնօրեն Հայկակ Արշամյանը:

«Յուրաքանչյուր մրցանակ, յուրաքանչյուր պատվոգիր հետահայաց մտորումների տեղիք է տալիս: Մտածում ես, որ իզուր չես աշխատել, նվիրվել այս դժվարին մասնագիտությանը»,- ասաց «Կոտայք» թերթի լրագրող Ագնեսա Հովակիմյանը:

«Համայնք – ՀաՄաՏեղ» թերթի խմբագիր Արևհատ Գրիգորյանը մարզային կյանքի կարևորագույն խնդիրների հետևողական լուսաբանման համար մրցանակ հանձնեց ազատ լրագրող (նախկինում ԱրմենիաՆաուում աշխատող) Գայանե Մկրտչյանին:

«Մարզերը սովորաբար չսիրված, լրագրողների կողմից այնքան էլ ուշադրության չարժանացող թեմաներ են: Մենք սիրում ենք ամեն ինչը՝ սկսած գերատեսչություններից, հասարակական կազմակերպություններից կամ լրատվականներից, կենտրոնացնել մայրաքաղաքում և, լավագույն դեպքում, չնկատել, թե ինչ է կատարվում մարզերում: Բայց կան նվիրյալներ, և շատ ուրախ ենք, որ նրանք կարծես թե շատանում են», – ասաց Արևհատ Գրիգորյանը:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը տեղական ինքնակառավարման թեմաների ակտիվ լուսաբանման համար մրցանակ հանձնեց Araratnews.am կայքի լրագրող Շողիկ Գալստյանին:

«Մեր երկիրը սարսափելի կենտրոնացված է՝ բյուջեներով, թվերով, կառավարման ձևով: Ամեն ինչից դա երևում է: Ահագին բան կա անելու մարզերում: Շատ քիչ են այն լրագրողները, որոնք խորությամբ զբաղվում են այս խնդիրներով: Կուզեինք ավելի շատ լրագրողներ ավելի խորությամբ լուսաբանեին, և տեղական ինքնակառավարման որակը բարելավվեր դրա շնորհիվ»,- ասաց Լևոն Բարսեղյանը:

ԵՄԱ ամենամյա մրցանակներ ստացան լրագրող Արմեն Մանուկյանը՝ Հայաստանում և արտերկրում ջազի հետևողական հանրահռչակման համար, Lragir.am կայքի լրագրող Թեհմինե Ենոքյանը՝ «Իրավունքի նվաճման քրոնիկոն» և «Պարբերական հիվանդություն» վավերագրական ֆիլմերի համար, «168 ժամ» թերթի տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը՝ տնտեսական թեմաների հետևողական և որակյալ լուսաբանման համար:

Ֆոտոլրագրող Ռուբեն Մանգասարյանի անվան մրցանակ ստացավ լուսանկարիչ-օպերատոր Հակոբ Պողոսյանը՝ Արցախյան պատերազմի ֆոտովավերագրությունը անձնվիրաբար և հետևողականորեն իրականացնելու համար:

Լուսանկարիչ Զավեն Խաչիկյանն արժանացավ Վալերի Այդինյանի անվան մրցանակին՝ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի՝ Հայաստան այցին նվիրված ֆոտոհրապարակախոսական շարքի համար:

Մրցանակները հանձնեցին «Դոյչե Վելլե» մեդիա հոլդինգի հայաստանյան թղթակից Աշոտ Գազազյանը, մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը, ԵՄԱ վարչության անդամ, Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի արտաքին կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանը, «Պատկեր» ստուդիայի տնօրեն Տիգրան Մանգասարյանը և գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը:

Երևանի մամուլի ակումբի մրցանակը տրվում է 1998 թվականից:

Աննա Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *