Երկու գործիք՝ կառավարության հետ էլեկտրոնային հաղորդակցության համար

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

Հայաստանում աճում է էլեկտրոնային կառավարման գործիքների թիվը: Կառավարության հերթական քայլերից մեկը հարցումների էլեկտրոնային տարբերակին անցումն է: Այն կառավարության և քաղաքացիների համար տնտեսում է փոստով հարցում, դիմում ուղարկելու և ստանալու հետ կապված ծախսերն ու ժամանակը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի խոսքով՝ հարցումների էլեկտրոնային միասնական հարթակը՝ E-request-ը, ստեղծելու գաղափարը ծագել է 2015-ին, երբ բարեփոխում էին տեղեկատվության ազատության օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերը:

«Տեխնոլոգիաների զարգացման հետ համահունչ փորձեցինք մի գործիք ստեղծել, որը հնարավորություն կտա առանց որևէ նյութական ծախսի հարցում ուղարկել և ստանալ պատասխան»,-ասում է փոխնախարարը:

E-request.am-ը քաղաքացիներին հնարավորություն է տալիս առցանց ուղարկել դիմում, հարցում կամ բողոք ցանկացած պետական մարմին, ինչպես նաև հետևել դրանց ընթացքին:

Եռալեզու՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն կայքում կա նաև վիճակագրություն, թե քանի հոգի, որ պետական մարմնին են դիմել, քանիսն են դրանցից հարցում, դիմում կամ բողոք և այլն:

Փոխնախարարն ասում է, որ կայքը դեռևս փորձարարական եղանակով է աշխատում, այդուհանդերձ, այս համակարգով ստացված և ուղարկվող յուրաքանչյուր նամակ հասնում է հասցեատիրոջը:

«Այսուհետ ունենալու ենք նաև բոլոր նախարարությունների վիճակագրությունը: E-request.am-ը հասանելի կլինի նախարարությունների կայքերում, որի միջոցով էլ բոլոր դիմումների վերաբերյալ վիճակագրությունը կհայտնվի միասնական հարթակում»,-ասում է Քրմոյանը:

Էլեկտրոնային հարթակի միջոցով դիմողների քանակը դեռ քիչ է, քանի որ այն նոր է ու փորձնական փուլում է:

Սուրեն Քրմոյանը կարևոր է համարում այն, որ այս հարթակում կարելի է գնահատել հարցման պատասխանները՝ որքանով են եղել ժամանակին և որքանով են բավարար բովանդակության տեսակետից. «Դա կառավարությանը, վարչապետին տարբեր մարմինների աշխատանքը գնահատելու հնարավորություն է տալու, քաղհասարակությանը՝ վերահսկողություն իրականացնել այս հարցումների նկատմամբ, ունենալ ճշգրիտ վիճակագրություն, համեմատել մյուս նախարարությունների հետ և այլն»:  

Էլեկտրոնային կառավարման մեկ այլ գործիքը՝ E-hotline-ը, արդարադատության նախարարությունը ստեղծել է քաղաքացիների, կազմակերպությունների կողմից բարձրացված խնդիրներին, բողոքներին և հարցումներին ավելի օպերատիվ արձագանքելու նպատակով:

Այս էլեկտրոնային թեժ գիծը քաղաքացիներին հնարավորություն է տալիս առցանց ստանալ իրենց անհրաժեշտ հարցի պատասխանը, ներկայացնել բողոք, ինչպես նաև գրանցվել արդարադատության նախարարի տեղակալների մոտ ընդունելության համար՝ ընդունարան բաժնի միջոցով:

Քաղաքացին կարող է զանգել 85-00 կարճ համարին, կայքի միջոցով իրականացնել վեբ զանգ կամ պարզապես մտնել դիմում բաժինն ու գրել իր բողոքի կամ հարցի մասին: Վերջին դեպքում մի քանի րոպեի ընթացքում քաղաքացու հետ կապ է հաստատում օպերատորը:  

Կայքում կա նաև մատուցվող ծառայությունների և հաճախ տրվող հարցերի բաժիններ: Սուրեն Քրմոյանն ասում է, որ մատուցվող ծառայությունների մասին ամբողջական տեղեկատվությունից բացի հաճախ տրվող հարցերի բաժնում քաղաքացին կարող է գտնել իրեն հետաքրքրող հարցի պատասխանը, առանց թեժ գիծ զանգահարելու: «Որպես կանոն թեժ գծի միջոցով 5 և ավելի անգամ նույն հարցը տրվելու դեպքում պատասխանի հետ միասին ընդգրկվում է վերոնշյալ բաժնում»,-ասում է փոխնախարարը:

Ըստ հարթակի վիճակագրության, քաղաքացիների մեծամասնությունը դեռևս զանգում են կարճ համարին, սակայն գնալով վեբ զանգեր իրականացնողների թիվը աճում է:

Կարևոր է նաև այն, որ կայքը ունի ռուսերեն և անգլերեն տարբերակներ: Սա, ըստ փոխնախարարի, հիմնականում ներդրումային դաշտը բարելավելու միտում ունի. «Գտնում ենք, որ ռեգիստրը, նոտարական ծառայությունները պետք է հասանելի լինեն նաև այլ լեզուներով»:

Անահիտ Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *