2011.05.13,

Նյուսրում

Երեւանյան ՊեչաԿուչան տարբերվում է աշխարհի մնացած ՊեչաԿուչաներից

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

Ֆոտոլրագրող Անահիտ Հայրապետյանը հաճախ է տեսնում իր լուսանկարները հայաստանյան տարբեր լրատվական կայքերում: Օրական մի քանի նամակ է գրում խմբագիրներին՝ լուսանկարի տակ իր անունը գրելու, իրեն վճարելու կամ կայքից հեռացնելու պահանջով: Սակայն նամակները միշտ մնում են անպատասխան:

«Ես թերթ» եմ խորագրով ՊեչաԿուչային «Ու՞ր է ֆոտոլրագրողը» պրեզենտացիայի միջոցով  Անահիտը որոշեց խոսել ֆոտոլրագրության հետ կապված խնդիրների եւ խմբագիրների հետ իր պայքարի մասին, ովքեր, իր կարծիքով՝ հիմնականում բացարձակ գաղափար չունեն ֆոտոլրագրությունից եւ չեն պատկերացնում, թե ինչպես կարող են օգտագործել այն՝ իրենց նյութերն ավելի ազդեցիկ դարձնելու համար:

ՊեչաԿուչան պրեզենտացիայի պարզ ֆորմատ է, որը ստեղծվել է Ճապոնիայում 2003 թվականին եւ թարգամանաբար նշանակում է «ասել-խոսել», «շաղակրատել» կամ «բլա-բլա-բլա»: ՊեչաԿուչայի ընթացքում ցուցադրվում է 20 պատկեր յուրաքանչյուրը 20 վայրկյան տեւողությամբ: Պատկերներն իրար հաջորդում են ավտոմատաբար, իսկ  ներկայացնողը խոսում է պատկերների փոփոխվելուն զուգահեռ:

ՊեչաԿուչայի հիմնադիրներ Ասթրիդ Քլայն  ու Մարք Դիթամը, ովքեր նաեւ Klein Dytham architecture (KDa) ճարտարապետական բյուրոյի հիմնադիրներն են՝ ի պաշտոնե ներկա էին գտնվում KDa-ում աշխատել ցանկացող իրենց գործընկերների կամ երիտասարդ դիզայներների երկարատեւ պրեզենտացիաներին: Պրեզենտացիայի ընթացքում տանջվում էին երկու կողմերն էլ՝ ներկայացնողները հուզմունքից, լսողները՝ ձանձրույթից: Եվ Մարքն ու Ասթրիդը որոշեցին վերջ դնել տանջանքներին`հորինելով 20×20 բանաձեւը:

ՊեչաԿուչան Երեւան եկավ 2010 թվականի ամռանը «Ակումբ»-ի համահիմնադիր Վահե Բալուլյանի թեթեւ ձեռքով: Newsweek ամսագրում կարդալով արթ-շարժման մասին՝ նա մտածեց, որ բավական օգտակար կլինի նման երեկոներ կազմակերպել նաեւ Երեւանում՝ ստեղծագործ մարդկանց արտահայտվելու հնարավորություն տալու համար, դիմեց Տոկիոյում ՊեչաԿուչային եւ պայմանագիր կնքեց: Պայմանագրի համաձայն՝ տարեկան պետք է առնվազն 4 երեկո կազմակերպել. մի տարին դեռ չբոլորած՝ «Ակումբում» արդեն 8 ՊեչաԿուչա է անցկացվել:

Երեւանյան ՊեչաԿուչան տարբերվում է աշխարհի 410 քաղաքներում անցկացվող ՊեչաԿուչա երեկոներից. այստեղ ՊեչաԿուչայի ժամանակ հաճախ նաեւ սոցիալական խնդիրներ են ներկայացվում ու քննարկվում:

«Ես վստահ էի, որ այս երեկոները մեր քաղաքի կյանքն ավելի հետաքրքիր կդարձնեն»,- ասում է Վահեն:

Նա գտնում է, որ Երեւանում ՊեչաԿուչայի հաջողության պատճառը միայն պրեզենտացիայի ֆորմատը չէ, այլեւ Հայաստանում շատ մտածող եւ ստեղծագործող մարդկանց առկայությունը, ովքեր միշտ չէ, որ արտահայտվելու տեղ ունեն:

«Ես թերթ եմ» ՊեչաԿուչային, որը կազմակերպվել էր մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ-ի հետ համատեղ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը ներկայացրեց այն իրադարձությունները, որոնք կանխորոշեցին մեդիայի ապագան Հայաստանում: Ասում է՝ նպատակ չի ունեցել հանդիսատեսին ինչ-որ բան բացատրել, պրեզենտացիայում օգտագործած փաստերը շատերին են հայտնի, պարզապես իր առաջարկածը թարմ եւ հասարակական նիհիլիզմից ազատ հայացք էր:

«Իմ դիրքորոշումն է՝ չասել այն, ինչ կարելի է չասել: Միշտ ինձ տալիս եմ այդ հարցը: Եւ հիմա ես ինքս ինձ պատասխանեցի՝ սա չի կարելի չասել»,- ասում է Հրանտը:

Քաղաքագետի կարծիքով՝ շատ կարեւոր է տեսնել, ֆիքսել, քննարկել եւ մասնակցել հասարակության մեջ տեղի ունեցող հետաքրքիր փոփոխություններին:

Նարեկ Մանուկյանի համար, ով ներկայացնում էր webtv.am ինտերնետ հեռուստատեսությունը, «Ես թերթ եմ» ՊեչաԿուչան հնարավորություն էր անդրադառնալու նոր մեդիային:

«Որոշեցինք անդրադառնալ թվայնացման գործընթացին ու ցույց տալ, որ մեդիա մտածելակերպի անփոփոխ մնալու դեպքում կշարունակենք ունենալ նույն մեդիան, ինչ այժմ, ուղղակի այն արդեն կհեռարձակվի թվային ազդանշաններով»,- ասում է Նարեկը: 
Նա գտնում է, որ փոփոխությունների համար որոշ ժամանակ է անհրաժեշտ, իսկ փոփոխություն մտցնելու լավագույն միջոցը փոփոխությունը լինելն է:

«Ես թերթ եմ» ՊեչաԿուչային մասնակցեցին նաեւ մեդիա դաշտի հայտնի դեմքերը, որոնց պրեզենտացիայիներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Աննա Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *